Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեածինը

Հունվար 19,2005 00:00

«Քրեածինը դո՛ւ ես» Համաժողովրդական պայքար ընդդեմ Էլիզաբեթ Ջոնսի Երեկ կուսակցությունների երիտասարդական թեւերը, բուհերի ուսխորհուրդները եւ մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության առնչությամբ բողոքի երթ էին նախաձեռնել: Սա մեր երկրում տեղի ունեցող բողոքի այն ակցիաներից էր, որն ընդդիմության եւ իշխանության երիտասարդներին համախմբել էր մի գաղափարի շուրջ, այն է. «Արցախին տալ ազատ ինքնորոշման իրավունք»: Ցուցարարներից ամենաակտիվը դաշնակցական երիտասարդներն էին, որոնք երթի հենց սկզբնակետում էին փորձում արտահայտել հայրենիքի նկատմամբ իրենց անսահման սերն ու նվիրվածությունը՝ երգելով հայրենասիրական երգեր եւ ծածանելով Արցախի դրոշը: Ի նշան բողոքի, երիտասարդները տանում էին ցուցապաստառներ, որտեղ գրված էր. «Ամոթ Էլիզաբեթ Ջոնսին»: Անգլերեն ամոթանքներ եւս կային: Ակցիան տեւեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում դեսպանատան առաջ բարձրախոսով ընթերցվեց բարձրաստիճան ամերիկուհու ելույթը դատապարտող պատասխան հայտարարություն: Երիտասարդները Է. Ջոնսին հիշեցրին, որ «ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է՝ չխախտելով միջազգային իրավունքի նորմերը, հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, որը, ի դեպ, 18-րդ դարի վերջին իրականացրել է նաեւ ԱՄՆ ժողովուրդը»: Իրենց ելույթում երիտասարդները «տիկին Ջոնսին» խորհուրդ տվեցին «ղարաբաղյան հարցի շուրջ ավելի շատ ընթերցել մասնագիտական գրականություն», քանի որ, նրանց կարծիքով, «ամերիկուհին լավատեղյակ չէ հիմնահարցի սկզբնապատճառներին: Եթե ԱՄՆ կառավարությունը Արցախի ժողովրդին եւ իշխանություններին համարում է քրեածին անջատողականներ, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ ժամանակին էլ Բրիտանական կայսրության կողմից նման գնահատականների էին արժանացել Բենջամին Ֆրանկլինը, Ջորջ Վաշինգթոնը եւ այլք»: Սկզբում երիտասարդները խնդրեցին, հետո պահանջեցին դեսպանատնից ցույցը դիտող պատասխանատուներին դուրս գալ եւ հայտարարության տեքստը վերցնել: Վերջիններիս պահանջը մի քանի րոպե անարձագանք թողնելուց հետո, ոստիկանների ուղեկցությամբ փողոց դուրս եկավ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քիմբեռլի Հարգան եւ կրկին շտապեց ներս: Հանրապետական, «համարյա ԱԺ պատգամավոր» Արմեն Աշոտյանը մեջբերեց 2004թ. ԱՄՆ պետքարտուղարի զեկույցից մի հատված, որում նշվել է Արցախում արձանագրված քաղաքացիական հասարակության ժողովրդավարացման շատ հուսադրող տենդենցների մասին. «Նման իրարամերժ հայտարարություններ անելը նույն երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բավականին տարակուսելի է»: Հետո Ա. Աշոտյանն ինքն իրեն մխիթարեց. «Գուցե սա փորձնական գնդակ է՝ նետված հայ ժողովրդի մեջ, որ նպատակ ունի պարզելու՝ արդյոք այն ժողովուրդը, որը 11 տարի առաջ հաղթանակ է տարել, այսօ՞ր էլ է պատրաստ տեր կանգնել իր հաղթանակին»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել