Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան

Մարտ 04,2005 00:00

Եվրոպան քաղաքական որոշում կայացրեց ԵՄ-ն Հայաստանում գործելու է Ուկրաինայի մոդելով Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը (ԵՄ-ի Նախարարների խորհուրդը) ցանկանում է ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները: Սույն ցանկությունն արտահայտված է հանձնաժողովի երեկ հրապարակած տարածաշրջանային զեկույցում, որը տեղեկատվություն է պարունակում Հայաստանի քաղաքական, տնտեսական իրավիճակի, ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության առաջին խորհրդական Ժակ Վանտոմը: Հաջորդ քայլը կորոշի Նախարարների խորհուրդը՝ գործողությունների ծրագրի մշակման մասին: Այդպիսով, 3-5 տարիների կտրվածքով ԵՄ-ի հետ հարաբերությունների համար միացյալ օրակարգ կմշակվի, որով կապահովվի քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացումը: Ըստ պարոն Վանտոմի, գործողությունների ծրագիրը մշակվելու է Ուկրաինայում գործող ծրագրի մոդելներով: Նախատեսվում է, որ այն վերջնական տեսքի կբերվի աշնանը: Ծրագրի հիմնական նպատակներն են լինելու՝ դեմոկրատական կառույցների եւ բազմակարծության նորմերի ամրապնդում, այդ թվում՝ ԵԽ եւ ԵԱՀԿ առաջարկներին համապատասխան ընտրական օրենք, սահմանադրական բարեփոխումներ, ժողովրդավարական ընտրությունների անցկացում: Ծրագրվում է, մասնավորապես, խոսքի եւ հավաքների ազատություն, կոռուպցիայի եւ խաբեության դեմ պայքար, աղքատության կրճատում, հարկային եւ մաքսային օրենսդրության բարելավումներ: Ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանի՝ շահագործումից հանում, կոնֆլիկտների լուծում եւ խորացված տարածաշրջանային համագործակցություն: Լրագրողների անհանգստությանը՝ ի՞նչ համագործակցություն շրջափակման պայմաններում, Ժ. Վանտոմը նկատեց, որ այդ առիթով Ադրբեջանն էլ է մտահոգություն արտահայտել: «Սա քաղաքական որոշում է, որով Եվրամիությունն իրեն համապատասխանատու է դարձնում գործընթացներին, որոնք ուղղված են հակամարտությունների լուծմանը»,- ասաց բանախոսը: Փաստորեն, հետզհետե իրականություն են դառնում այն վերլուծությունները, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը վաղուց դուրս է եկել Մինսկի խմբի շրջանակներից եւ կամաց-կամաց տեղափոխվում է այլ ատյաններ, ինչը Հայաստանին ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի վերաբացմանն այն կոնտեքստում, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ են վարվում, խորհրդականն ասաց. «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հարցն այստեղ քննարկվում է: Դրանք բնորոշվում են որպես հատկապես վատ հարաբերություններ: Բայց գոյություն ունեն մի շարք նուրբ եւ չլուծված հարցեր երկու երկրների միջեւ, որոնք պետք է արծարծվեն՝ նկատի ունենալով հարաբերությունների բարելավումը: Ի դեպ, ձեր արտգործնախարարը բավարարված էր, թե Թուրքիայի առաջընթացի զեկույցում ինչպես էր հարեւանների հետ հարաբերությունների հարցն արծարծված»: Իսկ ՀԱԷԿ-ի մասով, ըստ պարոն Վանտոմի, հստակ ոչինչ չկա: Սակայն ուժի մեջ է մնում ԵՄ առաջարկը, որով Հայաստանին 100 միլիոն եվրո է առաջարկվում՝ այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու համար: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել