Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերի

Մարտ 16,2005 00:00

Պարտքերի մասին հիշեցին 2 տարի անց Հարկային օրենքներն այնքան հաճախ են փոփոխվում ու այնքան քիչ են պարզաբանվում, որ գործարարները երբեմն չեն հասցնում տեղեկանալ: «1999-2000 թթ. որպես անհատ ձեռներեց զբաղվել եմ բիզնեսով: 2000 թ. կենսաթոշակային հիմնադրամին եւ հարկային մարմիններին հարկերս վճարելուց հետո դիմել եմ հարկային տեսչություն՝ գործունեությունս դադարեցնելու համար: Սակայն 2005 թ. հարկային ծառայությունից եւ կենսաթոշակային հիմնադրամից հայտնեցին, որ պարտք ունեմ՝ սկսած 2003-ից»,- խմբագրությանն ուղղված այս նամակի հեղինակը խնդրել է չհրապարակել անունը՝ խնդիրը համարելով ընդհանրական: Ձեռներեցին իր պարտքերի մասին հայտնել են գործունեությունը դադարեցնելուց մոտ 2 տարի անց՝ օրենսդրական նոր փոփոխություններից հետո, որոնք, պարզվում է, տարածվում են նաեւ գործունեությունը դադարեցրած անհատ ձեռներեցների վրա: «Ես ժամանակին արել եմ այն, ինչ ասել են հարկային տեսչությունում,- ներկայացնում է անհատ ձեռներեցը,- այն է՝ հարկային մարմնին եւ սոցապ բաժնին ներկայացնել հայտարարություն եւ հաշվարկ: Պարզվում է, որ դիմումը պետք էր ներկայացվեր գրանցող մարմնին՝ պետռեգիստրին»,- գրել է նա: Սակայն ժամանակին գրանցող մարմնից էլ շրջապտույտի մեջ հայտնված քաղաքացուն տեղեկացրել են, որ իրենք դիմում չեն ընդունում եւ հարկային ծառայության կազմած ակտով միայն իրավունք ունեն լուծարել ձեռնարկությունը: Իսկ Հարկային տեսչությունը հետեւյալ պատճառաբանությունն է բերել. դիմումը ներկայացնելիս գրվել է ոչ թե «լուծարում», այլ՝ «դադարեցում», ինչը մեզ դիմած քաղաքացին համարում է տարօրինակ: «Նախ, օրենքում գրված է «դադարեցում»: Բայց եթե ընդունենք, որ դիմումը ճիշտ չեմ ձեւակերպել, մի՞թե հարկային ծառայությունը չէր կարող իրազեկել ճիշտ ձեւի մասին: Սկսած 2003-ից, «պարտքերիս հաշվիչն» անխնա պտտվում է. ամսական 5 հազար դրամ կենսաթոշակային հիմնադրամին եւ տարեկան 30 հազար դրամ նվազագույն հարկ, ավելացրած տույժերն ու տուգանքները, իսկ ես չեմ աշխատում, նախաձեռնած բիզնեսս էլ չկայացավ: Մյուս կողմից, եթե ես պարտք եմ 2003-ից, ինչո՞ւ են ինձ տեղեկացրել 2004-ի վերջին»,- հարցնում է «հարկատուն»: Այս ամենի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ Հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը պարզաբանեց. «Օրենքի նշված դրույթը սահմանվեց 2003-ին եւ նպատակ ունի հնարավորինս հստակեցնել ձեռներեցությամբ զբաղվողների իրական թիվը եւ կրճատել այն անհատ ձեռնարկատերերի թիվը, որոնք ստանալով պետական գրանցում, չեն զբաղվում (կամ հայտարարում են, որ չեն զբաղվում) ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեռներեցության համար հավասար պայմաններ ստեղծելու առումով օրենքի նշված դրույթը ներկայումս լրամշակվում է: Ինչ վերաբերում է վերը նշված խնդիրները կարգավորող դրույթների կատարելագործմանը, կարծում եմ, որ օրենսդրությունը պետք է հստակ, պարզ եւ հնարավորինս արագ պայմաններ ստեղծի այն անհատ ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են լուծարվել»: Դժվար է ասել, թե որքանով է այս պատասխանը լուծում տալիս մեր բողոքարկուի եւ նրա վիճակում հայտնված այլ հարկատուների առջեւ ծառացած խնդրին: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել