Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ՈՒՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Մարտ 16,2005 00:00

ՀԱՕԿ-ՈՒՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստ, որի օրակարգային հինգ հարցերից լիարժեք լուծում ստացավ երկուսը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց սկզբում հայտարարեց, որ պաշտոնավարման ընթացքում ինքը նախ եւ առաջ կարեւորելու է կադրերի ճիշտ ընտրությունը: Օլիմպիական կոմիտեի յուրաքանչյուր պատասխանատու աշխատող կամ ֆեդերացիայի նախագահ պետք է անմնացորդ նվիրված լինի իր պարտականությունների կատարմանը, ապրի սպորտի, իր մարզաձեւի հոգսերով, ամենօրյա հոգատարության կենտրոնում պահի եղած խնդիրները: Եվ խոսքերն ապացուցեց հենց գործկոմի նիստում: Քվեարկությամբ ՀԱՕԿ-ի հերթական ասամբլեան մարտի 24-ին հրավիրելու եւ Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի գլխավորությամբ Տուրինի օլիմպիական խաղերի նախապատրաստման եւ մասնակցության աշխատանքները համադրող շտաբ ստեղծելու մասին որոշում ընդունելուց հետո գործկոմի անդամները անցան օրակարգային հաջորդ՝ ՀԱՕԿ-ի կազմում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցին: Վերջին ասամբլեայից հետո որոշ ֆեդերացիաներում կադրային փոփոխություններ են եղել, ուստի այդ ֆեդերացիաները ՀԱՕԿ-ի կազմում իրենց ներկայացուցիչներին փոխելու (հիմնականում ֆեդերացիաների նախագահներ) առաջարկ էին ներկայացրել: Սակայն Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ հարցի քննարկումը տեղափոխվեց ասամբլեա: «Մենք ներկայացվող անձանց լավ չենք ճանաչում: Չգիտենք, թե նրանք ի՞նչ ծրագրեր ունեն իրագործելու իրենց ֆեդերացիաներում: Օրինակ, Սամվել Ալեքսանյանի պարագայում ամեն բան պարզ է: Նա գործով է ապացուցել ու շարունակում է ապացուցել իր արժանի լինելն այդ պաշտոնում: Ես չէի ցանկանա, որպեսզի թեկուզ ՀԱՕԿ-ի անդամ դառնալը ձեւական բնույթ կրի: Պետք է լսել նրանց, համոզվել, որ պատրաստ են անմնացորդ նվիրվել իրենց պարտականությունների կատարմանը, մշտապես հետաքրքրվել իրենց մարզաձեւի առօրյայով, մարզիկների ու մարզիչների հոգսերով,- ասաց նա:- Նպատակահարմար եմ համարում հարցը տեղափոխել ասամբլեա, իսկ մինչ այդ հանդիպել նրանց, քննարկել այդ կարեւորոգույն հարցերը»: Գործկոմի անդամները համաձայնեցին Գ. Ծառուկյանի առաջարկին: Եվ քանի որ այս ժամանակաընթացքում ՀԱՕԿ-ը լսել ու քննարկել է միայն ըմբշամարտի ու ծանրամարտի ֆեդերացիաների նախագահների ծրագրերը, վերընտրվեց միայն Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանը: Գործկոմը ՀԱՕԿ-ի անդամ ճանաչեց նաեւ Ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Շահեն Հովասափյանին ու բժշկական հանձնաժողովի նոր նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Քուշկյանին: Հաջորդ՝ Տուրինի օլիմպիական խաղերի շեֆ միսիա հաստատելու համար առաջադրվեց երկու թեկնածություն՝ Սպորտպետկոմի վարչության պետ, բազմափորձ Եղիշե Դավթյանի եւ Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երիտասարդ դասախոս Գագիկ Սարգսյանի: Եվ քանի որ երկրորդը հանրապետությունից բացակայում էր, որոշվեց այդ հարցը նույնպես հետաձգել մինչեւ ասամբլեա: Այլ հարցերի շրջանակներում արծարծվեցին բազմաթիվ խնդիրներ՝ սկսած մարզական կառույցների շինարարությունից, վերանորոգումից, մինչեւ մարզիչների ու մարզիկների սոցիալական խնդիրներ: Գագիկ Ծառուկյանը գործկոմի անդամներին տեղեկացրեց, որ ինքը Հունաստանից հրավիրել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար մարմիններում երկար տարիներ աշխատող Ստեփան Ղազարյանին եւ մտադիր է նրան առաջարկել աշխատել որպես ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական: Դրանով ՀԱՕԿ- գործկոմն ավարտեց աշխատանքը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել