Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի

Մարտ 23,2005 00:00

Ջրի սակագները կբարձրանան Չնայած լուրջ հիմքեր կային՝ հայտը մերժելու Երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկեց ու միաձայն հաստատեց Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների նոր՝ ավելի բարձր սակագները: Ըստ այդ որոշման, մայիսի 1-ից Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության մատուցած ծառայությունների սակագինը, որը նախկինում 90 դրամ 20 լումա էր, դառնալու է 125 դրամ, իսկ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը՝ 140 դրամ (նախկինում 100 դրամ էր): Այսինքն՝ ջրի սակագինը թանկացավ 30-40 դրամով (չնայած այն սպառողների համար, որոնք չեն օգտվում ջրահեռացման համակարգից, սակագինը փոքր-ինչ ցածր կլինի): Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության նախագահ Ռիչարդ Վոլքլինգի խոսքերով, «անցած տարիներին համարյա ոչինչ չի արվել բաշխիչ ցանցերի (ջրի-Հ. Ջ.) եւ կոյուղագծերի վերականգնման համար: Նոր սակագները թույլ կտան բարձրացնել մատուցված ծառայությունների որակը, եւ բնակչությունն այլեւս չի ունենա հին կոյուղագծեր: Բացի այդ, կիրականացվեն նաեւ ջրամատակարարման խողովակների վերանորոգման եւ փոխադրման այլ աշխատանքներ: Որոշ ներդրումներ էլ կարվեն՝ մաքրման մակարդակը լավացնելու համար»: «Հայջրմուղկոյուղի» ընկերության նախագահ Պատրիկ Լորենն էլ ջրի սակագների բարձրացումը պատճառաբանեց այսպես. «Ջրմուղ-կոյուղու ֆինանսական հաշվեկշիռը ներկայումս բացասական է եւ հազիվ հավասարակշռվում է կառավարության կողմից ֆինանսական աջակցությունների միջոցով: Սակագների բարձրացումից հետո պետք է բարելավենք ջրամատակարարման ընդհանուր ծառայությունների որակը, կբարձրանան նաեւ ջրի որակը եւ հավաքագրումների ցուցանիշները: Արդեն ավելի ճիշտ պայքար կկարողանանք տանել անօրինական միացումների դեմ»: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պրն Վոլքլինգից փորձեց պարզաբանել, թե ինչո՞ւ 2003-ի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ջրի վթարի ժամանակ իրենց ընկերությունը դատարան ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի, հայ սպառողին օրվա ընթացքում անհրաժեշտ ջրի քանակը 17 լիտր է, մինչդեռ ոչ մի տեղ նման թիվ չեք գտնի: «Կներեք, բայց ես եկել եմ այստեղ՝ միայն սակագների հետ կապված հարցը քննարկելու համար»,- պատասխանեց պրն Վոլքլինգը: Ավելի ուշ հրապարակած նրա տվյալներով, մարդը օրվա ընթացքում լողանալու, խմելու եւ կոմունալ-կենցաղային նպատակներով օգտագործում է 100 լիտր ջուր, իսկ Անգլիայում այդ թիվը 150 է: Պրն Վոլքլինգը նաեւ նշեց, որ կառավարության որոշմամբ իրենց ընկերությունը ճապոնական դրամաշնորհների հաշվին մայրաքաղաքում տեղադրել է մոտ 20 հազար ջրաչափ, թեեւ նախատեսված էր 25 հազար: Բայց ՀԿ-ների նախագահների կողմից հնչեց կարծիք, որ նրանք խոստացել էին տեղադրել 100 հազար հատ, ինչը չի արվել: Հարցին, թե անցյալ տարի տեխնիկական կամ գողությունների պատճառով ինչքա՞ն կորուստներ եք ունեցել, պրն Վոլքլինգը չցանկացավ կամ չկարողացավ պատասխանել: Անպատասխան մնաց նաեւ այն հարցադրումը, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չեն պատժել այն ընկերություններին, որոնց արտադրած կամ ներմուծած ջրաչափերը չեն համապատասխանել ընդունված չափանիշներին: Ի դեպ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նույնպես որոշ դժգոհություններ ուներ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից: Դրանք մասնավորապես վերաբերում են պրն Վոլքլինգի պարտաճանաչությանը. «Նա երկար ժամանակ հանձնաժողովին չէր ուզում ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները: Մենք մեծ դժվարությամբ կարողացանք այն ստանալ, այն էլ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի միջնորդությամբ»: Այնուամենայնիվ, այս թերությունները հիմք չհանդիսացան, որ հանձնաժողովը մերժեր ջրի սակագները բարձրացնելու հայտը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել