Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայերը

Մարտ 23,2005 00:00

Ջավախահայերը արտագաղթում են Ըստ Ախալքալակի դպրոցներից մեկի տնօրենի, պատճառներից մեկը դպրոցների կիսավեր վիճակն է Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան դպրոցում այս ուսումնական տարում բացվել է ընդամենը 2 առաջին դասարան՝ նախորդ տարիների 4-5-ի փոխարեն: Առաջին դասարանցիների թիվը նվազել է նաեւ մյուս հայկական դպրոցներում: Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանի պնդմամբ, դպրոցների անբարենպաստ ու կիսաքանդ պայմանները ջավախահայերի արտագաղթի առիթ են դառնում: Մեր զրույցի սկզբում տնօրենն իր զարմանքը հայտնեց այն մասին, որ Հայաստանում դպրոցների վատ ջեռուցումը կարող է դպրոցական ծրագրից հետ մնալու պատճառ դառնալ. «Ուրեմն մեր ուսուցիչներն ու աշակերտները հերոսական գործ են կատարում»: Դպրոցում կա ջեռուցման համակարգ, բայց վաղուց չի գործում: Սակայն դասասենյակների ցածր ջերմաստիճանը պայմանավորված է նաեւ անապակի պատուհաններով: Միայն միջանցքների պատուհաններին պակասում է 160 կտոր ապակի, գրեթե նույնքան էլ՝ դասասենյակներում: Դասասենյակները տաքացվում են աշակերտների բարի կամքի շնորհիվ, եւ եթե «հերթապահ» աշակերտը մի օր մոռանա փայտ բերել կամ պարզապես դասի չգա՝ ստիպված կլինեն սառնամանիքին դաս պարապել: Շրջանի ղեկավարությունը խոստացել է ամռանն արդեն սկսել ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները, բայց ուսուցիչներն առանձնապես չեն հավատում դրան, որովհետեւ «միշտ անտեսված են եղել եւ ոչինչ չեն ստացել ղեկավարությունից»: Իր ստեղծման օրվանից՝ 1972-ից, դպրոցը հիմնական վերանորոգման չի ենթարկվել, տեղումների ժամանակ տանիքից ջուրը կաթում է դասասենյակներ: Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությամբ այս ուսումնական տարվա սկզբին շրջանի դպրոցներին որոշակի օգնություն է հատկացվել դասագրքերի տեսքով՝ Վրաստանի պատմություն, աշխարհագրություն, վրաց լեզվի դասագրքեր: Նաթելա Գրիգորյանն ասում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դպրոցներն անուշադրության են մատնվել, եւ Վրաստանի կառավարության կողմից իրենք ոչ մի դիդակտիկ պարագա կամ դասագիրք չէին ստանում: Հիմնական դասագրքերը տալիս էին հայկական բարեգործական կազմակերպությունները, սակայն դրանք էլ չէին բավարարում: Ինֆորմատիկա առարկան այստեղ դասավանդվում է դպրոցի միակ համակարգչի շուրջ: 20-25 հոգուց բաղկացած դասարանը շրջապատում է համակարգիչը եւ լսում ուսուցչին: Առարկան դասավանդող ուսուցչուհին՝ Գայանե Հակոբյանը պատմում է. «Երկու տարի առաջ մենք դա էլ չունեինք եւ գրատախտակի վրա համակարգիչ էի նկարում, որպեսզի ինչ-որ չափով կարողանամ դաս բացատրել»: ՔՐԻՍՏԻՆԵ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել