Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխագիտություն -1

Ապրիլ 07,2005 00:00

Հեղափոխագիտություն -1 Հեղափոխության դրդապատճառների դասական՝ մարքսիստական ձեւակերպումը հանրահայտ է՝ ներքեւները չեն ուզում, վերեւները չեն կարող… Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՊՀ մի շարք երկրներում սրընթաց զարգացող իրադարձությունները, սակայն, որոշակի ուղղումներ են մտցրել դասական հեղափոխագիտության մեր ընկալումների մեջ՝ ստիպելով նորովի իմաստավորել հասարակական ընդվզումները գործի գցող խորքային մեխանիզմները: Ըստ այդմ, ձեւավորվել են հեղափոխագիտության երկու իրարամերժ ճյուղեր: Դրանցից մեկը սահմանում է հետխորհրդային հեղափոխությունների, այսպես ասենք՝ վարչակազմերին ձեռնտու պատճառագիտությունը: Իսկ մյուս ճյուղը, բնականաբար, ապահովում է հեղափոխությունների անմիջական իրականացնողների կենսափիլիսոփայական հենքը: Փորձենք տեսնել, թե գործնականում ինչ են իրենցից ներկայացնում այդ ճյուղերը եւ դրանցից որն է ավելի կենսունակ: Եվ այսպես, «իշխանամետ» հեղափոխագիտություն: Մեծ հավանականությամբ, սրա տեսական հիմնադրույթները մշակվել են Կրեմլի քաղաքագիտական լաբորատորիաներում եւ հաջողությամբ փոխառվել «տեղերում»: Այս պնդման օգտին է խոսում այն ակնհայտ հանգամանքը, որ «վարդա-նարնջագույն» հեղափոխությունների վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի եւ հեղափոխված կամ հեղափոխման ենթակա ռեժիմների քարոզիչների հնչեցրած գնահատականները մեկին մեկ համընկնում են: Դրանք են՝ հիշյալ հեղափոխությունները մտահղացվում եւ նախագծվում են Արեւմուտքում կամ ԱՄՆ-ում եւ կյանքի են կոչվում, ասենք, Հարավսլավիայում` համապատասխան «հեղափոխական» դասընթացներ անցած երիտասարդների կողմից: Վերջիններս տեղերում գործում են «Կմարա»-ի կամ «Պոռա»-ի տիպի կազմակերպությունների ծածկույթի տակ՝ լիուլի ֆինանսավորվելով Սորոսի հիմնադրամի տիպի քաղաքականացված ֆինանսական կենտրոններից եւ հրահանգավորվելով ԱՄՆ դեսպանատների կողմից: Նպատակը՝ վերջնականապես թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը նրա ավանդական ներկայության գոտիներում՝ համապատասխանաբար ուժեղացնելով ամերիկյան կամ եվրոպական (հաճախ սրանք նույնացվում են) ազդեցությունը: Որպես կանոն, հեղափոխագիտության այս ճյուղի մեջ գրեթե ոչինչ չի ասվում վերեւների կամ ներքեւների դերակատարության մասին: Ավելին, օրինակ՝ իշխանական հեղափոխագիտության հայկական տարբերակում կարելի է գտնել դասական պատկերացումներին ակնհայտ հակասող այսպիսի ձեւակերպումներ. ներքեւներն ամենեւին էլ հեղափոխություն չեն ուզում եւ նախընտրում են կայունությունը: Ըստ այս տեսության, հասարակության մեջ միշտ էլ կգտնվի դժգոհների մի խումբ, որն էլ Սորոսի փողերի օգնությամբ շաբաթներով կկանգնի հրապարակում եւ իշխանափոխություն կիրականացնի: Ինչ վերաբերում է վերեւներին, ապա նույն տեսությունը պնդում է, որ մեր վերեւները ոչ միայն կարող են, այլեւ միայն նրանք են կարող, քանզի ընդդիմությունը մասնատված է, բարոյալքված եւ վերջապես՝ անփորձ: Այդպե՞ս է, արդյոք: Այս հարցի պատասխանը կփորձենք տալ «Առավոտի» վաղվա համարում: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել