Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ

Ապրիլ 14,2005 00:00

ԱՌԱՆՑ «4»-Ի ԵՎ «5»-Ի Այսօր կառավարության նիստում, հավանաբար, քննարկվելու է կրթությունը բարեփոխող հերթական մի նախագիծ Նախագծի վերնագիրն է՝ հանրակրթության համակարգում սովորողների ընթացիկ առաջադիմության եւ նրանց ուսումնառության արդյունքների՝ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման գործընթացի բարեփոխման վերաբերյալ: ԿԳ նախարարը մինչեւ հանրակրթական դպրոցների 2006-2007 ուստարվա ավարտական քննությունների անցկացումը, պետք է ապահովի այս հայեցակարգին համապատասխան գնահատման նոր համակարգի ներդրումը: Սովորողների գնահատման հայեցակարգը (այսուհետեւ՝ հայեցակարգ) մշակելիս նկատի է առնվել մի շարք հիմնախնդիրների առկայությունը դպրոցներում: Օրինակ՝ այն, որ ներկայումս գործող գնահատման համակարգով հիմնականում կարեւորվում են սովորողի տեղեկատվական պաշարը, նրա կողմից մերկ փաստերի մեխանիկական մտապահումը, որ կիրառվող ձեւը հնարավորություն չի տալիս լիարժեք բացահայտելու եւ ճիշտ գնահատելու աշակերտների կարողություններն ու հմտությունները: Բուհերի ընդունելության քննությունների մասին ասվում է հետեւյալը. «ներկա համակարգը չի ենթադրում հետադարձ կապ դպրոցի հետ, ընդհակառակը, նպաստում է ավագ դպրոցի փաստացի փոխարինմանը կրկնուսույցների (մասնավոր պարապմունքների) ինստիտուտով: Տվյալ ուսումնական տարվա դիմորդները ստիպված են միեւնույն քննաշրջանում կրկնակի (ավարտական եւ ընդունելության) քննություններ հանձնել, իսկ կենտրոնացված քննակարգը ավելորդ լարվածություն է ստեղծում ծնողների շրջանում» եւ այլն: Քննական համակարգի թերություններից է համարվում նաեւ այն, որ չկա քննությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացի արդյունավետությունը, որակը եւ օբյեկտիվությունն ապահովող մշտական գործող մասնագիտացված կառույց (կազմակերպություն). «Դրա հետեւանքով ծագող խնդիրներին հաճախ տրվում են իրավիճակային լուծումներ»: Պետք է ասել, որ գործող համակարգի դեպքում հարկ էլ չկա մշտական կառույց ունենալ, որովհետեւ իրավիճակային լուծումներն այս պարագայում տրվում են իրավիճակային հարցերին: Փաստորեն, Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) զատ, բյուջեից պետք է տրամադրվի եւս մի որոշակի կլոր գումար՝ նաեւ այս կառույցի համար: Գնահատման համակարգում առաջարկվող փոփոխությունները ենթադրում են նաեւ աշակերտների համար նպաստավոր պայմանների ստեղծում, ըստ որի՝ շրջանավարտը, հանձնելով պետականորեն պարտադիր ավարտական քննություններ, հնարավորություն կունենա ինքնուրույն ընտրելու իր կրթական նպատակներին համապատասխանող քննական առարկաների մի մասը եւ քննության տեսակը (ավարտական կամ ավարտական-ընդունելության): Հիմնական դպրոցի ավարտական քննությունները կլինեն՝ հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու (լեզվի ընտրությամբ), մեկ բնագիտական առարկա՝ աշակերտի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն): Միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները կլինեն. հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու (լեզվի ընտրությամբ) եւ 2 ընտրովի առարկա՝ նախարարության կողմից հաստատված քննական առարկաների ցանկից՝ ըստ շրջանավարտի նախընտրած մասնագիտությունների: Իսկ բուհերում կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտները կարող են, երկու պարտադիր ընտրովի առարկաներից բացի, ընտրել եւս մեկ՝ նախընտրած մասնագիտությանը համապատասխանող առարկա: Ինչ վերաբերում է բուհական ընդունելության եւ դպրոցական ավարտական քննությունների նույնացմանը, ինչը բարեփոխումների գերխնդիրներից մեկն է, կիրականացվի հետեւյալ կերպ: Առաջադրանքները կկազմվեն Ա եւ Բ մակարդակներով. Ա-ն՝ միայն ավարտողների (ատեստատ ստացողների) համար, որ իր մեջ կներառի նվազագույն եւ միջին մակարդակի առաջադրանքներ, եւ Բ՝ ողջ չափորոշիչային պահանջներն ընդգրկող առաջադրանքները, նաեւ՝ Ա տարբերակից հարցեր: Առաջինների համար քննությունը գնահատվում է 10 միավորանոց համակարգով, դրական գնահատականի շեմը 4 միավորն է: Երկրորդ տարբերակի առաջադրանքներով անցկացվող քննությունը գնահատվում է նորմավորման եղանակով, այսինքն՝ քննություն հանձնողների միավորները դասակարգվում են ըստ քննության մասնակիցների ցուցաբերած արդյունքների: Ի դեպ, նախագծով առաջարկվում է երկրորդ տարբերակի քննության արդյունքը բանակ զորակոչվածների համար ուժի մեջ թողնել երեք տարի, մյուս դիմորդների համար՝ մեկ տարի: Նախորդ տարիների (մինչ 2007թ.) շրջանավարտները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է հանձնեն երկրորդ տարբերակի քննությունները՝ նախարարության սահմանած կարգով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել