Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Ապրիլ 21,2005 00:00

Բաց նամակ պրն Նազարեթ Բերբերյանին

Աբովյան 1/4 հասցեում գտնվող շենքը՝ կառուցված 1910-14 թվականներին, ճարտարապետ Բ. Մեհրաբյանի կողմից, Երեւանի պատմամշակութային եւ ճարտարապետական հուշարձաններից է: 2004 թ. դեկտեմբերին այն թյուրիմացաբար դուրս է մնացել Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկից եւ, շնորհիվ հասարակական դժգոհությունների, կրկին ներգրավվել է ցուցակի մեջ՝ ՀՀ կառավարության ս.թ. փետրվարի 24-ի որոշման համաձայն:

Քաղաքային իշխանությունները, ի դեմս Երեւանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանի, բազմիցս վստահեցրել են Երեւանի պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ շահագրգիռ հասարակությանը, որ շենքը ապամոնտաժման եւ տեղափոխման ենթակա չէ: Ասվում է նաեւ, թե Դուք բանավոր խոստում եք տվել, որ նշված շենքը պահպանվելու է: Սակայն ներկայումս շենքը համարակալվում է, եւ այդ առիթով հասարակական լայն շերտերի մեջ անհանգստության եւ վրդովմունքի նոր ալիք է բարձրացել:

Այս շենքը, ի թիվս այլոց, Երեւանի եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքային ճարտարապետության արդեն իսկ փոքրաթիվ պահպանված նմուշներից մեկն է, այն կազմում է Երեւանի պատմության եւ հայ մշակույթի համար այնքան նշանակալի՝ Աստաֆյան փողոցի ավանդական տեսարանի կարեւորագույն հատվածը: Մայրաքաղաքի բնակչությունը խիստ անհանգստացած է քաղաքի պատմական կենտրոնի հախուռն կերպարանափոխությամբ, պատմամշակութային եւ ճարտարապետական հուշարձանների ոչնչացմամբ:

Ուստի խնդրում ենք Ձեզ, որպես սեփականատիրոջ՝ հանդես գալ պաշտոնական եւ հրապարակային հայտարարությամբ այն մասին, որ Աբովյան 1/4 շենքն իրոք չի ապամոնտաժվելու եւ չի տեղափոխվելու:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930