Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին գործերի նախարարությունից մինչև Լամբադա կամուրջ հասել եմ մի ժամ 25 րոպեում, երևանյան խցանումները դարձել են արդեն անտանելի»․ Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 06,2026 14:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երևանյան խցանումները դարձել են արդեն անտանելի։ Երեկ չէ՝ առաջին օրը ես Ներքին գործերի նախարարությունից մինչև Լամբադա կամուրջ հասել եմ մի ժամ 25 րոպեում։ Եվ գաղտնիք չէ, որ այդ խցանումների պատճառներից մեկը, օրինակ, Երևանում ընթացող շինարարությունն է»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա օրինակ բերեց․ «Կառուցապատող ընկերությունները մի քանի հեկտար տարածք ունեն, բայց շենքը բերում են այն եզրին են կառուցում՝ ագահությունից դրդված, այնքան, որ այդ մի քանի հեկտար տարածք ունենալով՝ անպայման պետք է փողոցից մի կես մետր տանեն, որը էապես նեղացնում է փողոցի անցանելիությունը։ Հնարավո՞ր է սահմանափակել… Շենքերի գները աստղաբաշխական են, լավ, այդ կես մետրը քեզ ի՞նչ է անում, որ դու խանգարում ես մարդկանց։ Այդ աչքածակությունը… կարելի՞ է ինչ-որ մի ձևով ուղղակի թաթերին խփել»։

Երևանում խցանումներին նպաստող մյուս հանգամանքն էլ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, տարբեր ընկերությունների առաքիչներն են․ «Բազմատոննանոց ֆուռն է, թե… այսինքն՝ նախկին սովետական «բուդկա»՝ «Москвич»-ի տիպի ինչ-որ մի հատ ավտո, որը գալիս է՝ այսպես գրկած մատնաքաշերը կեղտոտ շորերին կպցրած, տանում է մի հատ խանութ կամ մի փոքր տուփ…, կասկածելի ծագման կոնֆետ։ Երբ գործունեության թույլտվություն է տրվում՝ լինի դա սուպերմարկետ, լինի մի հատ փոքրիկ կրպակ, արդյոք առաքման ազդեցությունը խցանումների վրա, երթևեկության վրա գնահատվում է, թե՞ չէ»։

Եղիազար Վարդանյանը պատասխանեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի և բոլոր շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ հենց խցանումների հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ միջոցառումներ մշակելու համար։ Արդեն մի քանի նիստ տեղի է ունեցել, և դրանից բխող կոնկրետ հանձնարարականներ են տրվել փոխվարչապետի կողմից տարբեր մարմիններին՝ ըստ ոլորտային համակարգման ուղղությունների։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թեման շարունակեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը․ «Ես համապարփակ փաթեթը քաղաքի իշխանությանը ներկայացրել եմ, այդ մարդկանց մոտ կամ տեղ չի հասնում, կամ մի քիչ… Տեսեք, ապացուցված փաստ է՝ խցանումները ստեղծում են 30%-ը ավտոկայանատեղի ման եկող քաղաքացիները։ Մենք բոլորս էլ մի քանի շրջապտույտ կատարում ենք Երևան քաղաքում։ Բյուջեով պատվիրված լիազորությունների շրջանակում ինչո՞ւ համար չեք պլանավորել մի հատ ավտոկայանատեղի։ Ես առնվազն վեցի տեղ կարող եմ ցույց տալ։

Օրինակ՝ Ֆրանսիայի օրինակը բերեմ․ երբ որ իրենց գլխավոր հատակագիծը վերցնում ես ու կադաստրային հատակագծի հետ համեմատում ես, հստակ շերտերով երևում է՝ այստեղ գնում է, չգիտեմ, ջրագիծը, այստեղ կաբել է գնում, այստեղ մյուսն է գնում։ Արին-Բերդի պատմությունը չի լինում, երբ որ իրենք որոշում են, որ ընտրություններից առաջ բյուջեում փողը ավելացել է, գնում սարքում են, քանդում են, պարզվում է՝ այդտեղով ուրիշ բան է անցնում ու կրակներն են ընկնում, որովհետև քանդում են, տեսնում են՝ այդտեղից անցնում է ջրագիծ, այդտեղով անցնում է կաբել, այդտեղով ինչ ասես անցնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել