Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԾՐԱԿԱՂԱՊԱՐՆԵՐԸ

Հունիս 02,2005 00:00

ԿԱՐԾՐԱԿԱՂԱՊԱՐՆԵՐԸ ՆՍՏԱԾ ԵՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Դեռ երկար ժամանակ ադրբեջանցիների համար թշնամու կերպարը կհառնի հայերի, եւ մեր առջեւ՝ ադրբեջանցիների տեսքով: ՀՀ-ից Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը եւ Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը երեկ ներկայացրեցին ՀՀ-ում Եվրոհանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ անցկացված «Հայաստանը եւ Ադրբեջանը «ոչ խաղաղության, ոչ պատերազմի» ջրբաժանում. ինչպե՞ս հաղթահարել կարծրակաղապարները» ծրագրի արդյունքները: Այս ծրագիրն իր մեջ ներառել է մի քանի առանձին կտորներ. ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ Ադրբեջանում անցկացվել է ԶԼՄ-ների մոնիտորինգ, կատարվել է սոցհարցում, կազմակերպվել է ինտերնետ-կոնֆերանս երկու երկրների փորձագետների մասնակցությամբ եւ նկարահանվել է համատեղ ֆիլմ: Այս ամենը նպատակ է ունեցել պարզելու երկու հարեւան, բայց ոչ բարեկամ երկրների հասարակություններում թշնամու եւ գործընկերոջ կերպարները, նրանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, հասկանալու, թե ինչպես եւ ում շնորհիվ են ձեւավորվել թշնամու կարծրակաղապարները (ստերեոտիպերը), եւ կա՞ն արդյոք դրանք հաղթահարելու հնարավորություններ: ԶԼՄ-ների մոնիտորինգի ժամանակ յուրաքանչյուր երկրում ուսումնասիրվել է տպագիր մամուլի 6-ական օրգան: Ինչպես եւ սպասվում էր, ադրբեջանական մամուլում հակահայկական քարոզչությունը ե՛ւ քանակական, ե՛ւ որակական առումով գերակշռում է: Հայկական մամուլը շատ ավելի չեզոք է: Սակայն ամեն դեպքում, այս երկու երկրների համար թշնամու կերպարն առաջին հերթին ասոցացվում է մեկմեկու հետ: Ադրբեջանում դա շատ ավելի սուր դրսեւորումներ ունի: Եվ այս պարագայում թերեւս ճիշտ է Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի բաժնի պետ Արիֆ Յունուսովը, որը երեկ դա բացատրում էր կոնկրետ իրավիճակով. այսօր ադրբեջանցիները պարտվող կողմն են, ու այդ պատճառով նրանք ավելի ուժեղ են ձգտում ինչ-որ փոփոխության, ուստի նրանց մոտ ավելի ընդգծված է թշնամու կերպարը: Ըստ պարոն Յունուսովի, այսօր Ադրբեջանում սկսվել է ինչ-որ «հայկականացում»: Որքան էլ ամոթ է խոստովանելը, նա այս բառի տակ ի նկատի ուներ հայկական հոգեբանական բարդույթը՝ ցեղասպանված, տառապած, տանջված լինելու: «Երբ 92թ. առաջին անգամ ՀՀ-ից փախած մեկն առաջարկեց Խոջալուի դեպքերին ցեղասպանություն անունը տալ, բոլորը վրդովվել էին, քանի որ մեր հասարակական գիտակցության մեջ ցեղասպանված կարող էին լինել հայերը, բայց ոչ երբեք՝ ադրբեջանցիները, քանզի դրա մեջ ինչ-որ ստորացուցիչ բան կար՝ քեզ մորթում են, իսկ դու չես դիմադրում: Բայց Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո սկսվեց մեր հասարակության հայացումը, երբ սկսվեց ադրբեջանական «լացուկոծը՝ կորցրած հողերի համար», մոդա դարձան «ցեղասպանություն», «պարտություն» բառերը…»,- գրում է Արիֆ Յունուսովը: Նա նկատեց, որ եթե մինչեւ ղարաբաղյան կոնֆլիկտը ադրբեջանցիների համար «ֆաշիստ» բառն ասոցացվում էր «գերմանացի» բառի հետ, ապա ներկայումս դա միանշանակորեն ասոցացվում է «հայ» բառի հետ: «Ասելով ֆաշիստներ, դաշնակներ, ադրբեջանցիները հասկանում են հայ ազգը, եւ դրա մեջ ներդնում են ամենանեգատիվ իմաստը: Նրանք նույնիսկ չգիտեն, որ «դաշնակը» կուսակցական է: Մի անգամ նույնիսկ ԶԼՄ-ներից մեկում գրել էին՝ «Այդ դաշնակ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Ես երկար-բարակ բացատրում էի, որ Լ. Տեր-Պետրոսյանը ոչ միայն դաշնակ չէ, այլեւ՝ ճիշտ հակառակը»,- պատմեց ադրբեջանցի քաղաքագետը: Նկատենք, որ թշնամու կերպարի կերտման գործում եւ հայերը, եւ ադրբեջանցիները հասել են հաջողության: Բնականաբար, այն չափով, որքան աշխատել են: Հասարակության մեջ անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիների եւ հայերի ճնշող մեծամասնությունը՝ համապատասխանաբար 93,5% եւ 89,2% իրենց երկրի թշնամի են համարում մեկը մյուսին: Հայերի 54,8%-ը ադրբեջանցիների հանդեպ «ատելություն», 51,6%-ը՝ «կատաղություն» եւ 48,3%-ը՝ «արհամարհանք» է զգում: Իսկ ադրբեջանցիների 85,1%-ը հայերի նկատմամբ «արհամարհանք», 76,9%-ը՝ «կատաղություն» եւ 41,6%-ը «ատելություն» է զգում: Սրա հետ մեկտեղ, 1000-ական հարցվողներից 4-ը՝ Հայաստանում եւ 3-ը՝ Ադրբեջանում «սեր» է զգում «թշնամու» կաղապարում գտնվող ազգի հանդեպ: Ինչպես նկատեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, ժամանակն իր գործն անում է, եւ արդեն հայերի համար ադրբեջանցու, իսկ ադրբեջանցու համար՝ հայի կերպարը դարձել է վիրտուալ: Եթե մի քանի սերունդ առաջ մենք «ադրբեջանցի» ասելով կոնկրետ դեմքեր նկատի ունեինք, ապա հիմա դա մի իռացիոնալ կերպար է: Այդ «անդեմացումը» տարբեր ազդեցություն է ունեցել երկրների նոր սերունդների՝ 16-25 տարեկանների վրա: Հայ երիտասարդներն ավելի մեղմ են վերաբերվում «վիրտուալ» ադրբեջանցուն, իսկ Ադրբեջանի նոր սերունդն ավելի անհանդուրժող է, քան այն սերունդը, որ անձամբ ճանաչել է հայերին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆՀ. Գ. Կարծրակաղապարները հաղթահարելու ճանապարհներ, սակայն, այդպես էլ չնշվեցին: Երեւի դեռ վաղ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել