Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասցիները

Հունիս 03,2005 00:00

Կոմիտասցիները նախկինում գազի գո՞ղ էին Ինչպես արդեն գրել ենք, Գյումրիի Կոմիտասի 1 նրբանցքի բնակիչները «Առավոտին» բողոքել էին իրենց մատակարարվող գազի «անճնշում ճնշումից»: Նրանց ներկայացնելով, իրենք ամեն անգամ ջեռուցման համար «միլիարդներ» են ծախսում, սակայն այդպես էլ մնում են ջերմության կարոտ. վառարանը նույնիսկ իրեն չի տաքացնում: Ըստ բնակիչների, իրենց «սեւ օրը» սկսվել է սեփական ուժերով կառուցած ու, ամենակարեւորը, քթի տակ գտնվող «շերպեն» (վառարանի մաս) թալանվելու պահից, որից հետո գազ մատակարարվել է հեռավոր Փանյան փողոցից: Այս պահին էլ կոմիտասցիները շարունակում են վստահեցնել, որ իրենց պարզապես նորմալ ճնշմամբ գազ չի հասնում: Իսկ թե որն է պատճառը՝ «Առավոտը» պարզաբանեց Գյումրիի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանից: Նրա ասելով, քանի որ միջին ճնշման գազամուղը նախկինում անցնում էր ավտոբուսների վերանորոգման գործարանի պահեստների, ցեխերի եւ երկրաշարժից հետո կառուցված մի շարք այլ կառույցների տակով՝ ելնելով անվտանգության նորմերից, իրենք պարտավոր էին այստեղ ձեւափոխություններ կատարել, իսկ «շերպեն» իրենց հաշվեկշռում չի գտնվում: Վահան Պողոսյանը վստահեցրեց, որ թեեւ գազի ճնշումը սկզբնական շրջանում ցածր է եղել, բայց ոչ 60-80 միլիմետր, ինչպես պնդում են բնակիչները, սակայն իրենք կոմիտասցիների ահազանգից հետո, ընդ որում խոր աշնանը, բազմաթիվ ձեւափոխություններ են կատարել ու հետո չափում են կատարել ամենաշատ բողոքողի տանը. այնտեղ եղել է 220մմ: «Իսկ պատերի բորբոսնելը բնական է, 300 քառակուսի մետր տարածքը ուզում են պարսկական մի փոքր վառարանով տաքացնել»,- իր հերթին բնակիչներին մեղադրեց գազի գրասենյակի պաշտոնյան: Ըստ պրն Պողոսյանի, եթե Գյումրիի տարբեր տարածքներում տարբեր ամիսների գազի միջին օրական ծախսը 8-9 խորանարդ մետր է, ապա Կոմիտասի 1 նրբանցքում՝ 15, որոշակի տներում էլ 40, նույնիսկ 60 է: «Համ բողոքում են, որ գազի ճնշումը շատ ցածր է, չեն կարող նույնիսկ ձեռքերը տաքացնել կամ էլ վառարանը վառել, համ էլ կան ընտանիքներ, որոնք հունվար ամսին 2000 խորանարդ մետր գազ են վառել, եթե գազը նորմալ ճնշում չունենար, ինչպես կարող էին այդքան քանակությամբ սպառել: էդ ի՜նչ նոր գյուտ է, կարելի է նույնիսկ Գինեսի գրքում գրել»,- զարմանում է մասնաճյուղի տնօրենը: Նրա հավաստիացնելով, բնակիչները նույնիսկ գազի պարտքերը չեն մուծել.12 ընտանիքով մայիսի 27-ի դրությամբ 753 հազար դրամ են պարտք: Այնուամենայնիվ, եթե հիշյալ թաղամասում ամեն ինչ հրաշալի է, ինչո՞ւ են բնակիչները շարունակում բողոքել: Պարոն Պողոսյանը մեղադրեց, թե բնակիչները նախկինում գազի գողեր են եղել. գազի խողովակը անցել է իրենց բակերով, կտուրներով, մի խոսքով՝ անտեսանելի վայրերով, ով ինչպես ուզել՝ օգտագործել է, նույնիսկ հին ժամանակներում տեսուչների հետ տարբեր տեսակի հարաբերություններ են եղել, հիմա էլ, ըստ պաշտոնյայի, նրանց ամբողջ կռիվը հին սխեման վերականգնելու համար է: «Իսկ մեր համար ամենակարեւորն այն է, որ 75 տոկոս կորուստը իջել է 8-9 տոկոսի»,- պարզաբանում է պաշտոնյան: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՍպառողների համար էլ տվյալ դեպքում ամենակարեւորը նորմալ ճնշմամբ գազ ունենալն է: Եթե այս թաղամասում գազամատակարարման հետ կապված խնդիր չլիներ, դժվար թե բնակիչներն այնքան պարապ գտնվեին, որ ժամանակ առ ժամանակ «անտեղի» թերթերին բողոքեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել