Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ»` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Հունիս 11,2005 00:00

Րաֆֆի
Հովհաննիսյանն ուզում է «համալիր այլընտրանք» առաջարկել ժողովրդին «Եթե այս
տարվա ընթացքում տեղի չունենա ազգային տրանսֆորմացիային սկիզբը՝ մենք այդ վտանգի
ողբերգականության ականատեսները կլինենք»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանի
մատնանշած վտանգն այն է, որ Հայաստանն ինքնիշխանության առաջին տարիների ժողովրդավարության
կղզյակից այսօր վերածվել է տարածաշրջանի ետեւից վազող պետության: Բանն այն
է, սակայն, որ օրեր առաջ տեղի ունեցած համագումարում պարոն Հովհաննիսյանը հայտարարեց,
որ կընտրվի կուսակցության վարչության նոր կազմ, եւ այդ ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունն
ավելի հստակ դիրքորոշումներ կարտահայտի: Երեկվա ասուլիսում, սակայն, այդքան էլ պարզ
չէր, թե ինչ նկատի ունեն «Ժառանգության» վարչության անդամները «տրանսֆորմացիա» ասելով:
«Նախընտրելի է, որ դա տեղի ունենա էվոլյուցիոն ճանապարհով: Մարդիկ կան, որ հեղափոխական
կոչեր են անում, ոմանք զուտ աթոռափոխության հարց են դնում: Բայց բոլորը նույն մղումն
ունեն՝ եթե գործող իշխանությունը պատասխանատվություն չվերցնի այս իրավիճակի համար,
ապա իրենց կուսակցությունները այլ ճանապարհ կորդեգրեն, որը մեզ համար ընդունելի չէ:
Տրանսֆորմացիան լինում է ոչ հերթական, ոչ արտահերթ, այն լինում է հրամայական եւ ըստ
էության: Պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատել, որպեսզի կարողանանք անցումը
կատարել համակարգային՝ համալիր այլընտրանք ներկայացնելով մեր ժողովրդին: Դա պետք
է լինի բոլորիս պարտքը, եւ միայն այդ կերպ կկարողանանք խուսափել առճակատումից»,-
ասաց պարոն Հովհաննիսյանը: «Ժառանգությունը» իր բաժին տրանսֆորմացիան սկսում
է կուսակցական շինարարությունից: Ամռան ընթացքում ծրագրված է 28 գրասենյակների թիվը
հասցնել 46-ի, հանդիպումներ ունենալ կուսակիցների հետ, լսել նրանց տեսակետները: «Հնարավո՞ր
է, որ ժողովրդական տրանսֆորմացիայի արդյունքում Հայաստանը թեքվի դեպի ՆԱՏՕ»՝ լրագրողներից
մեկի հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «ՆԱՏՕ-ի հետ հետագա հարաբերությունների
խնդիրը Հայաստանի ինքնիշխան շահի եւ դրա ներկայացուցիչների խնդիրն է: Հայաստանի պետական
շահը ենթադրում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ ազգի եւ պետության անվտանգության,
ինքնիշխանության սկզբունքի պահպանություն»: Այդ կառույցի հետ համագործակցության մեծ
հեռանկարներ չտեսնելով՝ նա ողջունում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ԱՊՀ-ի, ՌԴ-ի, մուսուլմանական
աշխարհի եւ մեր մյուս հարեւանների հետ հարաբերությունների սերտացումը: Իսկ կուսակցության
արտաքին դիրքորոշումը բխելու է Հայաստանի ինքնիշխանության շահերից: Ամենաուշագրավն
այն է, որ կուսակցության վարչությունը նախագահին լիազորել է այսուհետեւ արեւմտամետ
ֆորմատի ձեւավորման բանակցությունները վարել կուսակցության անունից: Բացի Հայաստանի
ազատական առաջադիմական եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ ինտենսիվ հանդիպում-բանակցություններից,
հանդիպումներ կլինեն նաեւ քաղաքական դաշտի այլ կուսակցությունների հետ՝ համակիրներ,
համախոհներ հայտնագործելու եւ համագործակցելու նպատակով: Ինչ վերաբերում է
սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կուսակցության վարչությունն ըստ էության
կողմ արտահայտվեց դրան: Առանձնացնելով առանձին առաջխաղացումները՝ պարոն Հովհաննիսյանը
եւս մտահոգություններ արտահայտեց իշխանության թեւերի տարանջատման սկզբունքների, Երեւանի
քաղաքապետի կարգավիճակի առումներով: Այս հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում
կուսակցությունը կարտահայտի բարեփոխված Սահմանադրության վերջնական տարբերակի առկայության
ժամանակ: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել