Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Հունիս 25,2005 00:00

ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ Բոլորը, կարծես թե, պիտի գոհ լինեն Երեկ նախագահ Քոչարյանը եւ վարչապետ Մարգարյանը հավանություն տվեցին ՀՀ տրանսպորտի նախարարության ներկայացրած Կապան-Մեղրի մայրուղու նոր նախագծին, որը շրջանցում է Շիկահողի արգելոցը (քարտեզում ներկայացված է սեւ գծիկներով): Սա լինելու է Հայաստանի հյուսիսն ու հարավը կապող եւ, ըստ էության, դեպի Իրանի սահմանը դուրս եկող երկրորդ՝ այլընտրանքային ճանապարհը, որի ռազմավարական նշանակությունը, անկախ գործող նախագահի եւ կառավարության որակներից, հսկայական է: Ներկայումս աշխատող ճանապարհը (քարտեզում տրված է սպիտակ հոծ գծով) իր որոշ հատվածներով չափազանց մոտ է Նախիջեւանին՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով: Բացի այդ, գործող ճանապարհն ունի բազմաթիվ անհարմարություններ՝ անցնում է բարձր լեռներով, պարունակում է նեղ (15 մետր) շառավղով ոլորապտույտներ եւ այլն: Պատճառների այդ համալիրն ի վերջո ստիպեց կառավարությանը հրաժարվել Քաջարանի թունել կառուցելու գաղափարից, քանի որ դա չէր լուծում արդեն հիշատակված ռազմավարական, ինչպես նաեւ մի շարք տեխնիկական խնդիրներ: Մեղրի-Կապան մայրուղու այլընտրանքային ճանապարհի առաջին նախագիծը, որն անցնում էր Շիկահողի արգելոցի միջով (քարտեզում ներկայացված է մոխրագույն գծիկներով), բուռն բողոքներ առաջացրեց բնապահպանական կազմակերպությունների կողմից: Շինարարության նախապատրաստական աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվեցին: Առաջարկվեց քննարկել անտառը շրջանցող նախագծեր: Բնապահպանները եւ գուցե նաեւ՝ Սյունիքի մարզպետարանը դա համարեցին իրենց հաղթանակը: Կառավարությունն էլ իր կողմից պնդում է, որ նախագիծ փոխելն իր նախաձեռնությունն էր, քանի որ հավելյալ հաշվարկները ցույց են տալիս, որ անտառի միջով անցնող ճանապարհի պահպանման ծախսերը բավականին մեծ են լինելու: Խնդիրը, սակայն, բնապահպանների, կառավարության, առանձին նախարարների կամ մարզպետարանի ամբիցիաները չեն, այլ այն, որ8217 ա/ ճանապարհը ի վերջո կառուցվելու է, բ/ դա արվելու է մեր բնությանը նվազագույն վնաս հասցնելով: Ի դեպ, հետաքրքիր մի փաստ. բնապահպանական հ/կ-ների կողմից ներկայացված տարբերակով8217 ճանապարհն, այնուամենայնիվ, 4,5 կիլոմետրով պիտի անցներ Շիկահողի արգելոցով, այդ թվում՝8217 3,7 կիլոմետր անտառածածկ տարածքով: Արդյունքում պետք է հատվեին 5043 20 սմ-ից ավելի տրամագծով եւ 30921 մինչեւ 20 սմ տրամագծով ծառեր: «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի նոր տարբերակով, որը հաստատվել է երեկ, այդ ծառահատումները նույնպես վերանում են: Հետաքրքիր «պատմական» մանրամասն եւս. արգելոցի միջով անցնող ճանապարհի նախագիծը գոյություն ուներ դեռեւս կոմունիստների օրոք: 1990-ին այդ նախագիծը հաստատվել էր բազմաթիվ ատյանների կողմից: Այդ ժամանակ Մեղրիի շրջկոմի առաջին քարտուղարն էր ներկայումս ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գրիգոր Հարությունյանը: Պրն Հարությունյանի մասնակցության չափը այն՝ «կոմունիստական» նախագծին, որը մեկը մեկին կրկնում է բնապահպանների կողմից մերժված նախագիծը, կճշտենք հենց պատգամավորից՝8217 առաջիկա համարներից մեկում: Երեկ հաստատված Շիկահողը շրջանցող նախագիծը, նախորդի հետ համեմատած, երկար կլինի 7 կիլոմետրով, բարձրագույն կետը կլինի ոչ թե 2005 մետրը, այլ 2160-ը: Մնացած բոլոր տեխնիկական ցուցանիշներով այն կունենա գործող ճանապարհի հետ համեմատած նույն առավելությունները. երթեւեկելի մասի լայնությունը՝ 6,6 մետր՝ գործող ճանապարհի 6 մետրի դիմաց, սերպանտինի բացակայությունը, միջին երկայնական թեքությունը (որը հատկապես բեռնատար մեքենաների համար ավելացնում է վառելիքի ծախսը) գործող ճանապարհում 8% է, իսկ կառուցվողում՝ 5,8%: Տեխնիկական այլ մանրամասները, ինչպես նաեւ տրանսպորտի նախարարի եւ բնապահպանների տեսակետները կներկայացնենք հաջորդ շաբաթ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել