Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ

Հուլիս 16,2005 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԻ ՊՈՒՏԻՆԻՑ Կարծում է Մարիինյան թատրոնի ռեժիսոր Իռկին Գաբիտովը Ազգային օպերային թատրոնում հուլիսի 18-ին վերջապես կկայանա Ռախմանինովի «Ալեկո» օպերային ներկայացման պրեմիերան՝ ծնունդով ամերիկացի, այժմ Մոսկվայի կամերային նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հովանավորությամբ: Բեմադրությունն իրականացրել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ռեժիսոր Իռկին Գաբիտովը: Ճանաչված ռեժիսորը երեկ՝ բեմադրության գլխավոր փորձի ընդմիջմանը, ժամանակ հատկացրեց «Առավոտին»: Նա տեղեկացրեց, որ երկու տարի առաջ Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանից ստացել է առաջարկություն՝ բեմադրել «Ալեկոն»: «Նախնական պայմանավորվածությամբ, պետք է աշխատեի ե՛ւ Չայկովսկու «Իոլանտա», ե՛ւ «Ալեկո» օպերաների բեմադրության վրա: Եվ այս երկուսը պետք է բեմ բարձրանային մեկ երեկոյի ընթացքում»,- տեղեկացրեց ռեժիսորը: Նման մտահղացումը պատահական չի եղել: Ըստ ռեժիսորի, ժամանակին Մոսկվայի Մեծ թատրոնում դիտելով «Ալեկոյի» պրեմիերան, ռուս մեծ կոմպոզիտոր Չայկովսկին խնդրել է այն տարիներին երիտասարդ Ռախմանինովի համաձայնությունն ու թույլտվությունը, որպեսզի իր եւ Ռախմանինովի հիշյալ օպերաները բեմ բարձրանան նույն երեկոյի ընթացքում. «Ես ուրախ եմ, որ Չայկովսկու մտահղացումը իրականացրի Բաշկիրիայի օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Սակայն ցավում եմ, որ ֆինանսական պատճառներով Երեւանում ստիպված եմ իրականացնել միայն «Ալեկոյի» պրեմիերան»: Օրերս Ի. Գաբիտովը ներկա է եղել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը եւ տեսել, թե ինչպես հայ ունկնդիրը անգամ ոտքի վրա կանգնած է դիտել այն. «Ես քանիցս համոզվել եմ, որ Հայաստանում կա օպերային արվեստի երկրպագու»: Ըստ նրա, հայ օպերային արվեստն ունի մեծ պոտենցիալ: Բազմիցս աշխատելով արտերկրի օպերային հեղինակավոր թատրոններում, Գաբիտովը հանդիպել է, իր խոսքերով՝ իսկական օպերային հայ աստղերի, որոնք, հասկանալի պատճառով, տարբեր ժամանակներում հեռացել են հայրենիքից: «Եթե օպերային թատրոնը գումարներ չունի, չկա աշխատանքային ռիթմ, չեմ կարծում, որ մի քանի տարին մեկ որեւէ ներկայացման պրեմիերան կգոհացնի օպերային արվեստի երկրպագուներին, էլ չխոսեմ այն մասին, որ օպերային թատրոնը պետք է տարին գոնե 5 պրեմիերա ունենա: Եթե չլինի իսկական բարձրարվեստ մշակույթ, հանրապետության էկոնոմիկան էլ չի կարող զարգանալ: Ելքը մեկն է՝ Հայաստանի անվանի արվեստագետները պարզապես պետք է հանդիպեն հանրապետության նախագահին, կիսեն նրա հետ իրենց մտահոգությունները: Չպետք է հույս դնել միայն մշակույթի նախարարության վրա»,- ասաց ռեժիսորը: «Ռուսաստանում էլ ամեն ինչ հիանալի չէր: Պուտինի իշխանության գալու առաջին իսկ տարիներից սկսեցին «գործել» դրամաշնորհները, որոնց արդյունքում ֆինանսավորվեցին հանրապետության դեմքը ներկայացնող Մեծ եւ Մարիինյան թատրոնները, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբերն ու կոնսերվատորիաները, այնուհետեւ հերթը հասավ Պյատնիցկու, Ալեքսանդրովի, Օսիպովի եւ մյուս պետական կոլեկտիվներին: Այսօր արդեն, օրինակ, երգչախմբի արտիստը վարձատրվում է $1000»,- նշեց արվեստագետը: Նա համոզված է, որ եթե Հայաստանի բյուջեից 1% կամ Օպերան շրջապատող սրճարանների, ինչու չէ, բանկերի ու խոշոր ձեռնարկությունների եկամուտներից դարձյալ 1% հատկացվի Երեւանի օպերային թատրոնին, ամեն ինչ իր տեղը կընկնի. «Միգուցե ես գրագետ չշարադրեցի միտքս, բայց հավատացած եմ խոսքերիս իրավացի լինելու մեջ: Ի վերջո, վերեւներում դրա համար կան մասնագետներ: Մի բանում համոզվեցի՝ Հայաստանում փող կա, պարզապես պետք է այն կոորդինացնել, նպատակաուղղել մշակույթին: Իսկ եթե այսպես շարունակվի, հավանաբար որոշ ժամանակ հետո նորմալ արվեստագետ չի մնա այստեղ, էլ չեմ խոսում բարձրակարգների մասին: Իսկ անդրադառնալով օպերային արվեստին, ասեմ, որ դրսում դուք ձեր աստղերի շնորհիվ կարող եք փող աշխատել, հրավիրել նրանց, բեմադրել օպերաներ եւ ձեր սեփական «ապրանքը» վաճառել արտերկրում: Թե չէ ես մեկ անգամ եմ եկել՝ հարգելով Գեղամ Գրիգորյանին: Հաջորդ անգամ անվճար հաստատ չեմ գա: Աշխարհում ամենաթանկը մշակույթն է, իսկ մշակույթի գործիչները՝ ամենաբարձր վարձատրվողները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031