Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարս-Ախալքալաքը

Հուլիս 19,2005 00:00

«Կարս-Ախալքալաքը չի կառուցվի Եթե կարգավորվի ղարաբաղյան խնդիրը»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը Օրերս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը անդրադառնալով Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հնարավորությանը՝ հայտարարեց, թե «այդ երկաթուղին Հայաստանի համար ձեռնտու չէ, եւ Հայաստանն ամեն ինչ անում է դրա կառուցումը թույլ չտալու համար»: Անդրադառնալով կառավարության այս դիրքորոշմանը՝ «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» հետազոտությունների համակարգող, իրավական եւ քաղաքական հարցերով փորձագետ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Տարածաշրջանային նմանօրինակ ծրագրերին խոչընդոտելու միայն մի ձեւ կա, ճիշտ այնպես, ինչպես՝ 1997-98թթ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման դեպքում էր. կարգավորել ղարաբաղյան խնդիրը, որպեսզի հաղորդակցության ուղիներն ու միջազգային տնտեսական ծրագրերը Հայաստանը շրջանցեն»: Պրն Սաֆարյանի կարծիքով, «Վրաստանը հակահայկական կոնկրետ քայլեր չի անում, որոնք ուղղված լինեն Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից հատուկ դուրս թողնելու համար: Նա պարզապես օգտվում է ստեղծված իրավիճակից՝ իր տարածքը տարանցիկ դարձնելու համար: Բայց կոնկրետ Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության մասին քննարկումների ակտիվացումը ես կապում եմ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ակտիվացման հետ: Ըստ էության, դա կարելի է դիտարկել իբրեւ ճնշամիջոց՝ ԼՂ խնդիրը լուծելու համար՝ այն իմաստով, որ եթե արդեն գոյություն ունեցող ճանապարհներով հաղորդակցության ուղիները չվերագործարկվեն, դրա այլընտրանքը ՀՀ-ն շրջանցող երկաթգծի կառուցումը կլինի»: Ինչ վերաբերում է աբխազական երկաթգծի վերագործարկմանը, ապա արդյոք ռուսաստանյան եւ հայաստանյան պաշտոնյաների կողմից ժամանակ առ ժամանակ ասպարեզ նետվող այդ հարցադրումն ու երկաթգծի մոտալուտ բացման մասին հայտարարությունները զուտ քարոզչական նպատակ չե՞ն հետապնդում, թե՞ դրանք իրականում հիմնավորված են նաեւ վրացական իշխանությունների կողմից, որոնք այդ երկաթգծի բացման առանցքային դերակատարն են: «Քանի որ Արեւմուտքը ակտիվացնում է Արեւմուտք-Արեւելք հաղորդակցական ուղիների թեման, բնական է, որ իբրեւ դրա հակակշիռ ռուսները ակտիվացնում են Հյուսիս-Հարավ հաղորդակցական ճանապարհների գործարկման թեման: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ նույն Աբխազական երկաթգծի վերագործարկումը բխում է ոչ միայն ՌԴ, այլեւ Արեւմուտքի շահերից, որովհետեւ դա դեպի եվրոպական շուկաներ տանող ուղիներից մեկն է: Բոլոր դեպքերում, այս ամենի արդյունքում Հյուսիս-Հարավ ծրագրերը մնում են իբրեւ բարի ցանկություններ, իսկ Արեւմուտք-Արեւելք հաղորդակցական ծրագրերը դժվարությամբ, բայց կյանքի են կոչվում»,- կարծիք հայտնեց Ստ. Սաֆարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել