Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի կատարվեն բոլոր պահանջները

Օգոստոս 10,2005 00:00

Պիտի կատարվեն բոլոր պահանջները Պրյախինին բաժին հասավ նաեւ «Արդարությունից» Անցյալ շաբաթ Հայաստանում ԵԽ, ԵԱՀԿ, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները, ողջունելով իշխող կոալիցիայի ներկայացրած սահմանադրական փոփոխությունները, ընդդիմությանը կոչ արեցին մասնակցել այդ փոփոխությունների քննարկմանը՝ նկատելով, որ եթե ընդդիմությունն ուզում է հաղթել, պիտի մասնակցի խաղին, այլապես ոչ մեկից բողոքել չի կարող: Դեսպանների հայտարարությունները բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձան: Երեկ մեր զրույցի ժամանակ դրանց անդրադարձավ նաեւ «Արդարություն» դաշինքի մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանը, որի դիտարկմամբ, դա ընդամենը կարծիք էր, եւ ընդդիմությունն ինքը պետք է որոշի «ընդունել կամ չընդունել այդ կարծիքը»: Մյուս կողմից, Ռ. Խաչատրյանը նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված «Արդարություն» դաշինքի դիրքորոշումները ե՛ւ հայաստանյան ներքաղաքական դաշտում, ե՛ւ միջազգային կազմակերպությունների կողմից ազատ մեկնաբանությունների են ենթարկվում՝ այն դեպքում, երբ դաշինքը բազմիցս եւ հստակ արտահայտել է իր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացի վերաբերյալ: Դաշինքի մամլո քարտուղարը անդրադարձավ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի այն կարծիքին, թե հայաստանյան ընդդիմությունը պառակտված է: «Մի կողմից՝ «Արդարություն» դաշինքը նշում է, որ լավ կլինի մասնակցեն բարեփոխումներին, մյուս կողմից՝ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է դրան»,- հայտարարել էր դեսպանը: «Դաշինքը երբեւէ ցանկություն չի հայտնել մասնակցել սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական քննարկումներին: Դաշինքի հայտարարությունում ասված է, որ կարեւորելով այդ գործընթացը՝ պատրաստ ենք մասնակցել բարեփոխումներին, եթե դրանք կհանգեցնեն դրական արդյունքի: Իսկ արդյունք կարող է արձանագրվել մի դեպքում՝ եթե իշխանությունները բավարարեն «Արդարություն» դաշինքի առաջ քաշած բոլոր պայմաններն ու հարցադրումները»,- պարզաբանեց Ռ. Խաչատրյանը: Նա շեշտեց, որ հարցադրումներ ասելով նկատի չունի միայն սահմանադրական փոփոխությունների համատեքստում դաշինքի արած առաջարկությունները, որոնց մասնակի կատարումը իմիտացիոն բնույթ է կրում: «Դաշինքի հայտարարությունը նաեւ այլ հարցադրումներ է պարունակել, որոնք մինչ օրս չեն կատարվել, եւ որոնք ներառված են եղել նաեւ ԵԽԽՎ 2003-2004 թվականներին ընդունված բանաձեւերում: Միջազգային այն կազմակերպությունները, որոնք հիմա միահամուռ կերպով փորձում են ազդել ընդդիմության վրա՝ կոչ անելով մասնակցել փոփոխությունների քննարկմանը, թվում է՝ մոռացել են ԵԽԽՎ ընդունած բանաձեւերի մինչ օրս չկատարված պահանջները՝ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների հեղինակներին, 2003-ին եւ 2004-ի ապրիլին տեղի ունեցած բռնություններն իրականացնողներին պատժելու, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» վերաբացման եւ այլնի մասին»,- ասաց Ռ. Խաչատրյանը: Տիկին Խաչատրյանը նկատեց նաեւ, որ սահմանադրական փոփոխություններին մասնակցել ասելով դաշինքը նկատի չունի ԱԺ արտահերթ նիստին մասնակցել-չմասնակցելը, «որովհետեւ այդ աշխատանքները արտահերթ նիստով չեն սկսվում եւ չեն ավարտվում: Կմասնակցի՞ դաշինքը օգոստոսի 29-ին հրավիրված ԱԺ նիստին, թե՞ ոչ՝ կորոշվի դաշինքի նիստում: Անձամբ իմ կարծիքով, մենք պետք է մասնակցենք այդ նիստին թեկուզ այն պատճառով, որ նիստը հեռարձակվելու է, եւ մենք, որ զրկված ենք մեր կարծիքը էլեկտրոնային ԶԼՄ-ներով հասարակությանը հայտնելու հնարավորությունից, հնարավորություն կունենանք ուղիղ եթերով հասարակությանը բացատրել մեր մոտեցումները»: Վլադիմիր Պրյախինի՝ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու կոչերին Ռ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես զարմացած եմ դեսպանի այդ հայտարարությունից, որովհետեւ նա 2004-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանում էր եւ հրաշալի հասկանում է, թե ինչով է պայմանավորված ընդդիմության՝ ԱԺ նիստերին չմասնակցելը: Ուստի հայտարարությունը, թե ընդդիմությունն իրեն խաղից դուրս է դնում՝ կոռեկտ չէ: Գուցե պարոն Պրյախինն ազդված է ԱՊՀ երկրների, այդ թվում՝ ՀՀ նախագահի՝ ԵԱՀԿ-ին ուղղված հայտնի նամակից, որում ԵԱՀԿ-ն մեղադրվել էր մեր երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, եւ դրանով է պայմանավորված նրա իշխանամետ դիրքորոշումը»,- ասաց Ռ. Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Վ. Պրյախինը մի պետության քաղաքացի է, որը, «ինչպես Հայաստանը, ոչ պակաս խնդիրներ ունի՝ կապված ժողովրդավարության հետ»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել