Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑԻՆՔ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 23,2005 00:00

«Միսս
Հայաստան» մրցույթի հաղթող Անուշ Գրիգորյանը Գեղեցկության միջազգային կազմակերպության
կողմից պաշտոնապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցույթին: Այս մասին
հայտարարվել էր Պանամայում օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Խոսվել էր նաեւ
այն մասին, որ հուլիսի 30-ին Չինաստանում կայացած «Միսս միջմայրցամաքային» գեղեցկության
մրցույթում լավագույն հնգյակում հայտնված եւ ապա 4-րդ տեղը զբաղեցրած Անուշ Գրիգորյանը
հաղթել է, քանի որ կաշառված են եղել դատավորներից երեքը՝ վերջիններիս հանձնվել է
10 հազար եվրո: Ի դեպ, Հայաստանի ներկայացուցչի նկարը հանված է նաեւ հեղինակավոր
մրցույթի վեբ-կայքից՝ www.missintercontinental.com -ից, որտեղ Անուշի անվան
կողքին մեծ-մեծ տառերով գրված է՝ DISQUALIFIED (որակազրկված է): Ցավալի կլինի, եթե
իսկապես հաստատվի կաշառատվության փաստը: Կստացվի, որ Հայաստանը չբավարարվելով «ներքին»
կոռուպցիայով, արդեն «հաջողություններ» է գրանցում միջազգային ասպարեզներում: Հավանաբար
լրագրողների հնարավոր «ոտնձգություններից» պաշտպանվելու համար էր «Միսս Հայաստան»
գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը քանի օր անջատել բջջայինը: Երեկ վերջապես
հաջողվեց կապվել նրա հետ: Պրն Արիստակեսյանը սկզբում հրաժարվեց կատարվածի առնչությամբ
պարզաբանումներ տալ, ասաց, որ բնավ չի էլ պատրաստվում այդ թեմայով ասուլիս հրավիրել:
Այնուհետեւ խոստովանեց, որ իսկապես հայուհուն որակազրկել են: Թե ինչո՞ւ, խոստացավ
համապատասխան հաղորդագրությունն ուսումնասիրելուց հետո առաջիկայում պարզաբանումներ
տալ թերթերից մեկում: Նա նաեւ նշեց, որ կաշառք տալու մասին ասեկոսեները չեն համապատասխանում
իրականությանը: Կապվեցինք նաեւ «Ակյան պրոդաքշըն» ընկերության ներկայացուցիչ,
«Հարս» հանդեսի խմբագիր Կարին Իսրայելյան-Ակյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս համագործակցում
է «Միսս Հայաստանի» հետ: Տիկին Իսրայելյան-Ակյանն ասաց, որ առաջին անգամ է լսում
Անուշի հետ կատարվածի մասին, իսկ Կարեն Արիստակեսյանի հետ վերջերս ծանոթացել են դիզայներ
Գեւորգ Շադոյանի միջոցով: Հետո էլ ավելացրեց. «Գեղեցկուհու հետ կապ ունենք միայն
այնքանով, որ նա Գեւորգ Շադոյանի զգեստներն է կրել Չինաստանում: Իսկ կատարվածի համար
ցավում եմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել