Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԵԿՏՈՐՆ ԱՎԵԼԻ՛Ն Է՝ ՔԱՆ ՌԵԿՏՈՐԸ

Սեպտեմբեր 09,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԵԿՏՈՐՆ ԱՎԵԼԻ՛Ն Է՝ ՔԱՆ ՌԵԿՏՈՐԸ Մեր տարեց ռեկտորներին արժանի փոխարինողներ չկա՞ն Այն, որ մինչեւ հիմա չի կիրառվել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ 65 տարին լրացած բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները պետք է ազատվեն աշխատանքից, ամենեւին էլ մոռացկոտության կամ պատկառելի տարիքը հարգելու եւ գնահատելու հետեւանք չէ: Հանրակրթական դպրոցների տարիքն առած տնօրեններին առանց այլեւայլությունների դպրոցի դարպասը ցույց տալը եւ նրանց դեղին մազերով, վառ շպարով եւ պլպլան հագուստներով բալզակյան տարիքի կանանցով փոխարինելը վկայում է, որ ցանկության դեպքում առանց ավելորդ ռեւերանսների կարելի է լուծել նաեւ ռեկտորների հարցը (թեեւ վերջիններս առավել զորեղ են եւ առավել լուրջ լծակներ ունեն): «Առավոտի» հիշեցմանն ի պատասխան՝ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հավաստիացումն էլ, թե ռեկտորներին աշխատանքից ազատելու հարցը օրակարգում չկա, այնքան էլ հավաստի չէ: Բանն այն է, որ առավել անկեղծ աղբյուրի համաձայն՝ պարզապես իշխանությունները, իսկ ավելի ստույգ՝ երկրի նախագահը, գործող ռեկտորներին «արժանի հետեւորդներ» դեռեւս չի գտել: Մինչ պարոն Երիցյանը վայելում է ընդունելության քննություններից գոհ մնացած երկրի նախագահի ժլատ գովեստները, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որի ռեկտոր Սոս Սարգսյանը եւս 65-ն անց է, ներքին իրարանցում է: Հասկանալի է, որ ինստիտուտի թե8217 դասախոսները, թե8217 ուսանողները գոնե հոգեբանորեն պատրաստ չեն Սոս Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու տեսնել: Սակայն բանն այն է, որ արդեն շրջանառվում են ռեկտորի հնարավոր թեկնածուների անունները: Ցանկը նոսր է, բայց տպավորիչ՝ Ռազմիկ Դավոյան եւ8230 Սերգո Երիցյան: Ռազմիկ Դավոյանի թեկնածությունը գուցեեւ խելքին մոտ է, սակայն բանն այն է, որ այս տարվա հուլիսի երեքին լրացավ բանաստեղծի 65-ամյակը: Երբ նրա հետ զրույցի ժամանակ փորձեցինք նրբանկատորեն (կամ գուցե աննրբանկատորեն) շրջանցել այդ փաստն ու նկատել, որ պարոն Դավոյանը կարծես թե8230 շուտով 8230եւս կդառնա 65 տարեկան, բանաստեղծը պարզապես ասաց, որ «Առավոտը» ինքն իրեն չի խնայում, որպեսզի հետեւողականորեն չտեսնի եւ չնկատի լավ բաները: Իր հնարավոր նշանակման մասին Ռազմիկ Դավոյանը տեղյակ չէր. «Առաջին անգամ եմ լսում, ինձ նման առաջարկ չի եղել: Սակայն կան մի երկու ռեկտորներ՝ բժշկականի ռեկտորը, Սոս Սարգսյանը. նրանք կենսունակ եւ վաստակաշատ աշխատողներ են եւ հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը, բայց դե օրենքն էլ օրենք է»: (Նշենք, որ բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանն իրավունք ունի կենսունակ համարվելու, քանի որ ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 1987 թվականից): Կրթության եւ գիտության նախարարը Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր նշանակվելու հեռանկարից, հասկանալի է, առանձնապես չխանդավառվեց՝ նշելով. «Առայժմ նախարար եմ եւ նախարար եմ մնալու»: Նախարարի լավատեսությունը չզգացինք Սոս Սարգսյանի հետ զրուցելու ընթացքում: Այն, որ օրենքն օրենք է եւ այն բոլորի համար է, գիտե նաեւ պարոն Սարգսյանը, նշելով սակայն՝ «դեռ ահագին գործ ունեմ անելու»: Քանի որ դերասանը սակավախոս է եւ զրուցելու ժամանակ սովորաբար նախընտրում է լակոնիկ ոճը եւ բացականչությունները, մեր հարցերին էլ պատասխանում էր տառացիորեն մեկ բառով: Ինքը եւ՞ս համաձայն է այն տեսակետին, թե իրենց ձեռք չեն տալիս՝ առավել հարմար թեկնածուներ չունենալու պատճառով. «Հնարավոր է»: Մեր այն հարցին, թե անձամբ ինքը աչքի տակ իրենից հարմար թեկնածու ունի՞, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել