Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն իշխանությունը՝ Գեղարքունիքի մարզում

Հոկտեմբեր 08,2005 00:00 Share

Կոալիցիոն իշխանությունը՝ Գեղարքունիքի մարզում Օրերս կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները, ովքեր արդեն քանի տարի, ըստ իրենց, տառապում են ջրացավով ու «փոխմարզպետացավով»: 1997-ին նորվեգական ծրագրի միջոցներով գումար է հատկացվել Վերին եւ Ներքին Գետաշենների ջրագծերի անցկացման համար: Ջուրն ու ջրագիծը հասել է Վերին Գետաշեն: Ներքին Գետաշենը մինչեւ այսօր պայքարում է իր հասանելիք ջրի համար: Սակայն տարբեր պատճառաբանություններով հանդիպում է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի եւ նրա փոխմարզպետ եղբոր՝ Արտուշ Ղուկասյանի ստեղծած արգելքներին, թեեւ կա մարզպետ ու կառավարության որոշումը ջրագծի անցկացման վերաբերյալ: Սկզբում արգելում էին, պատճառաբանելով, թե այն անցնում է Վերին Գետաշենի հողատարածքներով: Ջրագծի ուղին փոխվեց, բայց իրավիճակը մնաց նույնը: Կառավարության տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Խաչիկ Վարդանյանը անձամբ եկել եւ տեղում ուսումնասիրել է խնդիրը՝ գյուղացիների վկայությամբ կրկին հաստատելով, որ ջրագիծը պետք է անցկացվի: Սակայն փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանն իր բոլոր լծակներն օգտագործում է եւ ոստիկանների միջոցով արգելում ջրատարի անցկացման աշխատանքներին. «Ում ուզում եք՝ բողոքեք, թույլ չեմ տա»: Նույնիսկ հիշյալ ցույցի ուղիղ եթերի հեռարձակումը «Շանթ» հեռուստաընկերությամբ ընդհատվել էր Գեղարքունիքի մարզում: Ներքին գետաշենցիների հավաստմամբ՝ փոխմարզպետն ու իր գյուղապետ եղբայրը Վերին Գետաշենում ունեն մեծ անասնանոցներ ու հողատարածքներ, դրա համար էլ ուզում են «մեր բաժին ջուրն էլ իրենք օգտագործեն»: Ըստ գյուղացիների՝ կա նաեւ խոշոր գումարներով ծրագրերի շահման հեռահար նպատակ: Արդյունքում՝ Ներքին Գետաշենը շարունակում է օգտագործել մարդու օրգանիզմի համար անթույլատրելի ծագում ունեցող ջրեր, ինչի հետեւանքով գյուղի երեխաները հաճախ ինֆեկցիոն հիվանդություններով են վարակվում: Իսկ երկու բարեկամ գյուղերի միջեւ ստեղծվել է ներքին լարվածություն: «Էս ջրի դարդից արդեն մի քանի գյուղապետ ենք փոխել»,- բողոքում են ներքինգետաշենցիները: Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի մարզպետը, գյուղացիները պատասխանեցին. «Դե նա «Օրինաց երկրից» է, չի ուզում իր՝ հանրապետական փոխմարզպետի հետ կոնֆլիկտ ունենալ, համ էլ նա զբաղված է Վարդենիսում քաղաքապետի ընտրություններով: Եղբայրն էլ է թեկնածու»: ՀՀԿ-ական փոխմարզպետի մյուս եղբայրը՝ Արմեն Ղուկասյանը, օրերս ծեծել է թիվ 24 ԸԸՀ-ի անդամ Ջուլիկ Ավետիսյանին («Օրինաց երկիր»)՝ հանձնաժողովում իր տեղը չզիջելու համար: Մինչ հանրապետական փոխմարզպետն ու օրինացերկրացի մարզպետ Ստեփան Բարսեղյանը զբաղված են իրենց եւ իրենց եղբայրների բարեկեցության ապահովմամբ, Գեղարքունիքի մարզի մայրուղիներն ու փողոցները շարունակում են մնալ անբարեկարգ ու քարուքանդ: Շատ համայնքների մաշված կոյուղագծերը (եթե դրանք կան) առանց մաքրման կայան մտնելու՝ թափվում են կապուտաչյա Սեւան՝ «բարձրացնելով ջրի մակարդակը»: Գյուղացիներն էլ մնում են իրենց չիրացվող բերքի հետ անօգնական, անհույս, անջուր: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել