Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտվում

Հոկտեմբեր 28,2005 00:00

Շեշտվում է ինքնորոշման սկզբունքը Տիգրան Թորոսյանը գոհ է Նախարարների կոմիտեի պատասխանից ԵԽ Նախարարների կոմիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ 1690 երաշխավորագրի կապակցությամբ ընդունել է մի պատասխան, որը գրեթե չի լուսաբանվել: Սակայն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, դրանում կան բավականին հետաքրքիր գնահատականներ: Ըստ պարոն Թորոսյանի, Նախարարների կոմիտեի երաշխավորագրի ամենակարեւոր կետն այն է, որտեղ շեշտվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի պահպանման կարեւորությունը: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ կարեւոր է նաեւ եզրակացության երրորդ կետում արտահայտված այն դրույթը, ըստ որի՝ «Երկրների կառավարությունների ուշադրությունն է հրավիրվում հակամարտության խաղաղ կարգավորմանը վնասող ցանկացած միջոցառումներից եւ հայտարարություններից զերծ մնալու անհրաժեշտությանը»: Տիգրան Թորոսյանը կարեւորում է հետեւյալը. «Ադրբեջանցիները շարունակ խոսում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման աշխատանքները վատ են ընթանում եւ հարցի կարգավորումը պետք է տեղափոխել մի այլ ատյան, ժամանակ առ ժամանակ նշում են, որ ճիշտ կլինի Վենետիկի հանձնաժողովը զբաղվի այդ հարցով: Այս փաստաթղթի 6-րդ կետում Նախարարների կոմիտեն կրկին ասում է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում եւ Վենետիկի հանձնաժողովին հնարավոր կլինի ներգրավել այդ աշխատանքներում՝ միայն Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ»: Մենք նկատեցինք, որ որոշ հարցեր վերոհիշյալ եզրակացության մեջ շարունակում են մնալ լղոզված, որ սրանում եւս չեն կոնկրետացվել եւ չեն դատապարտվում ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ հերթական անգամ փորձ է արվում հավասար արշինով չափել հայկական եւ ադրբեջանական կողմերի պահվածքը: Տիգրան Թորոսյանի կարծիքը հետեւյալն է. «Նախարարների կոմիտեն այս փաստաթղթով ընդամենը պատասխանել է այն փաստաթղթին, որը վեհաժողովի կողմից ուղղված էր իրենց, բայց կարեւորը, իմ կարծիքով, այն է, որ Նախարարների կոմիտեի փաստաթղթում նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման, հարգման անհրաժեշտությունը ղարաբաղյան խնդրի լուծման ժամանակ: Իսկ ԵԽԽՎ հայտնի 1416 բանաձեւի մեջ արձանագրվում էր, որ պետությունից տարածքը կարող է անջատվել, եւ քանի որ այն ԼՂ խնդրին է վերաբերում, ուրեմն խոսքը Լեռնային Ղարաբաղի անջատման մասին է»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նախարարների կոմիտեի վերոհիշյալ պատասխանը որեւէ կերպ համապատասխանո՞ւմ է Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված արդեն հայտնի մի քանի կետերին, մասնավորապես՝ հանրաքվեի անցկացման, փախստականների վերադարձի, այսպես կոչված՝ գրավյալ տարածքների վերադարձի հետ: Մեր զրուցակցի կարծիքով այս պատասխանը լիովին համապատասխանում է այն բոլոր մոտեցումներին, որոնք կան Մինսկի խմբի շրջանակներում. «Մասնավորապես, ԼՂ-ում հանրաքվեի անցկացումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման մեխանիզմներից մեկն է: Այլ բան այս փաստաթղթից ճիշտ չի լինի ակնկալել, որովհետեւ այն պիտի 1690 ռեկամենդացիայում առաջադրված հարցերի պատասխանը տար: Ուրիշ ոչինչ: Կարծում եմ, պատասխանները շատ հստակ են եւ ուղղված են այն հարցադրումներին, որոնք միշտ Հայաստանն արել է, մասնավորապես՝ զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից, ատելության քարոզից եւ այլն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել