Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՝

Նոյեմբեր 11,2005 00:00

Այո՝ աշխատավարձին Ոչ՝ «Հայէլեկտրամեքենայի» տնօրինությանը Եթե Շենգավիթ համայնքի առաջին ատյանում այլ գործեր չքննվեն, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի դեմ հարուցված հայցերը բավարար են դատարանը ծանրաբեռնելու համար: Հոկտեմբերի 12-ին այս դատարանում միաժամանակ լսվեց 25 հայց՝ աշխատավարձի պահանջով: Հայցվորները գործարանի բանվորներն էին, որոնք, սկսած 2002թ. սեպտեմբերից, չէին ստացել իրենց աշխատավարձը, նաեւ՝ խեղման գումարները: Ուշադրության արժանի է այն, որ դատարանը բավարարում է բոլոր այս կարգի հայցապահանջները եւ հիմա ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարողները «հերթ են կանգնել» վճիռը կատարելու համար: Երեկ աշխատավարձի եւ խեղման գումարի պահանջի մասին դիմումով դատարան էր ներկայացել 1968թ. այս գործարանում աշխատած Հակոբ Սիմոնյանը: Ցմահ երկրորդ խմբի հաշմանդամ դարձած Սիմոնյանը 2004թ. հունիսի 1-ից ազատվել է աշխատանքից, սակայն «Հայէլեկտրամեքենան» պարտք է մնացել 507768 դրամ. «Դիմել եմ ընկերության տնօրինությանը՝ վճարելու աշխատավարձի եւ խեղման գումարը, բայց ընկերությունը պատճառաբանելով, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, մերժում է իմ պահանջը եւ չի վճարում»: Ընկերության 25-ամյա բանվորներից մեկը իր կատարողական թերթը ցույց տվեց, ըստ որի՝ պատասխանող «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ից հօգուտ Սերգեյ Ս.-ի բռնագանձվելու է 57.955 դրամ՝ «որպես չվճարված աշխատավարձի գումար»: «Հետաքրքիր է՝ գործարանի տնօրեններից եւ 9 փոխտնօրեններից որեւէ մեկը աշխատավարձի հին պարտք ունի՞»՝ հարցնում էր 2003-ից աշխատավարձ չստացած երեք մանկահասակ երեխաների հայրը: «Հայէլեկտրամեքենա»-ի իրավաբանական բաժնի պետ Արթուր Լալայանն ասես դատարանի արտահաստիքային աշխատակիցը լինի: 350-ից ավելի դիմումատուների նա միեւնույն պատասխանն է տալիս. «Ընկերությունը գումարներ չունի: Բոլորս էլ նույն հալի ենք»: Հետաքրքիրն այն է, որպեսզի հայցվորները հրաժարվեն իրենց գումարներից՝ ԲԲԸ-ի ղեկավարությունը «հաթաթա» է տալիս, թե դիմել են դատախազություն: Մի քանի դատեր էլ այս կապակցությամբ հետաձգվել են, կասեցվել: Սակայն դատախազությունը մինչ պատասխանում է, որ այդ խնդիրը քաղաքացիական իրավահարաբերություն է եւ կարող եք դիմել ընդհանուր իրավասության դատարաններ, մարդիկ նյարդեր են վատնում: Ո՞վ է հատուցելու նաեւ նրանց բարոյական վնասը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930