Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԻ

Նոյեմբեր 29,2005 00:00

ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր բաց քվեարկությունը բացատրեց նրանով, որ գաղտնի քվեարկության նորմը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք: Ասել է թե՝ քաղաքացին եթե ուզում է, կարող է բաց քվեարկել: Այս տեսակետին է նաեւ հանրապետության գլխավոր դատախազ, քրեական իրավունքի եւ քրեական դատավարության մասնագետ Աղվան Հովսեփյանը: Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը հակադիր տեսակետ ունի: Նրա համոզմամբ, գաղտնի քվեարկությունը քաղաքացու պարտականությունն է. «Տվյալ դեպքում հանրապետության նախագահը խախտել է ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ «Ընտրական օրենսգիրքը»: Սահմանադրության 3-րդ հոդվածը քվեարկության գաղտնիության առումով հստակ է: Այն ասում է, որ հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեները անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: «Գաղտնի քվեարկությամբ» բառերը նշանակում են, որ ընտրողի կամ հանրաքվեի մասնակցողի կամարտահայտությունը որեւէ մեկին չպետք է հայտնի լինի: Եվ գաղտնիությունը ընտրական իրավունքի պարտադիր պայմանն է, իմպերատիվ նորմ է»: Վարդան Պողոսյանը հավելեց. «Գաղտնի քվեարկությունը դա պարտականություն է, այլ ոչ թե իրավունք»: Վարդան Պողոսյանն ասաց, որ գաղտնի քվեարկության սահմանադրական նորմը բացված է «Ընտրական օրենսգրքում» եւ մեջբերեց. «Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի խցիկում, որտեղ էլ այն չորստակ ծալում է»: Բացատրեց՝ «Սահմանական եղանակը իրավագիտությունում հավասարեցված է հրամայական եղանակին»: Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պնդեց հակառակը, թե դա իմպերատիվ չէ: «Գաղտնի քվեարկությունը անձին իրավունք է տալիս, որպեսզի նա իր դիրքորոշումը կարողանա թաքցնել, գաղտնաբար հայտնել, որը կպաշտպանի նրան տարբեր տեսակի, ասենք, հարձակումներից, ոտնձգություններից, հետեւանքներից: Ուստի, յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր դիրքորոշումը բացահայտ հայտնելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Հարցին, թե ինչո՞ւ է «Ընտրական օրենսգրքի» համապատասխան հոդվածում պատասխանատվություն սահմանված գաղտնի քվեարկությունը խախտելու համար, երկրի գլխավոր դատախազը պատասխանեց, թե պատասխանատվությունը սահմանված է այդ իրավունքը իրականացնելուն խոչընդոտելու համար: Քրեական պատասխանատվության հարցում Վարդան Պողոսյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ օրենսգիրքն այս հարցում այնքան էլ միանշանակ չէ: «Ըստ էության, խոսքը կարող է գնալ ընտրական հանձնաժողովի կամ պետական մարմինների կողմից այն փորձերի մասին, որպեսզի ծանոթանան, թե քաղաքացին ինչպես է քվեարկել: Բայց, ամեն դեպքում, միանշանակ է, որ գաղտնի քվեարկությունը պարտականություն է, ոչ թե իրավունք, եւ որեւէ մեկը իրավունք չունի բաց քվեարկություն իրականացնելու,- ասաց նա,- բաց քվեարկությունը կարող է դիտվել քարոզչության մի ձեւ, որը քվեարկության օրն արգելված է»: ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930