Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Դեկտեմբեր 03,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ Երբ մենք մնացողներին հրաժեշտ տվինք ու Ֆիլյանների դարպասից դուրս եկանք, Սերգեյն ասաց. – Կարող ա՞ ուզում էիր մնայինք: – Եսի՞մ,- ասացի ես:- Որ մնայինք՝ ի՞նչ պիտի անեինք: – Ռուբոն երկրորդ հարկում հատուկ սենյակ ունի. պիտի էդ սենյակում նստեինք: – Հետո՞: – Էդ սենյակում պիտի արվեստից-բանից խոսայինք: Թե շատ ես ուզում՝ կարանք հետ գնանք: – Չէ,- ասացի ես.- ես ի՞նչ արվեստից խոսացող: – Որ ուզենայիր էլ՝ քեզ խոսք չէր հասնելու. իրանք պիտի խոսային, դու պիտի լսեիր: – Էդ վարիանտն ինձ լրիվ ձեռ էր տալի,- ասացի ես: – Ուզո՞ւմ ես՝ հետ գնանք,- նորից հարցրեց Սերգեյը: – Չէ,- ասացի ես:- Սիրուն չի. արդեն «բարի գիշեր» ենք ասել: – Համ էլ՝ չարժի, որ մեզ հասարակացնենք,- ասաց Սերգեյը:- Ըսենց կրած դուրս գալն ավելի ճիշտ էր: – Որ Ռուբոն ինձ թասիբի չգցեր՝ էդքան ուժեղ չէի խաղա,- ասացի ես: – Ես վստահ էի, որ ոնց էլ խաղաս՝ կրելու ես,- ասաց Սերգեյը: – Ես էնքան էլ վստահ չէի,- ասացի ես: – Կարող ա՞ չկրեիր,- զարմացավ Սերգեյը: – Շատ հնարավոր ա,- ասացի ես.- ահագին վախտ կըլնի՝ ձեռս ռակետ չէի վերցրել: – Հրաչն ինձ պատմել ա, որ Թիֆլիսում վրացիներին շատ գեշ ես կրել: – Էդ մի քանի տարի առաջ էր,- ասացի ես:- Հիմի խաղալը լրիվ մոռացել եմ: – Լավ էլ հիշում էիր,- ասաց Սերգեյը: – Ռուբո՛ն թասիբի գցեց: – Թասիբի գցելը կապ չունի. ինձ որ թասիբի գցեն, կարող ա՞ թենիս խաղալ սովորեմ: – Հավասար ուժերի դեպքում տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի: – Ուզում ես ասես՝ Ռուբոն ու դու հավասար ուժեր ե՞ք: – Հավասարը երեւի հավասար չենք, բայց ինքն էդ թենիսի սեղանին ու էդ ռակետներին սովոր ա,- ասացի ես:- Համ էլ՝ ինքը երեւի ամեն օր խաղում ա, իսկ ես էս տասը տարվա մեջ հազիվ մի քանի անգամ ձեռս ռակետ վերցրած ըլնեմ: – Բայց իրան շատ հեշտ կրեցիր,- ասաց Սերգեյը: – Փաստորեն, պադաչներիս հաշվին կրեցի,- ասացի ես: – Ֆռռացրած էիր, չէ՞, խփում: – Հա: Պադաչներիցս որ գլուխ հաներ, շատ լարված խաղ էր ստացվելու: – Ռուբոն քեզ էլի ա կանչելու. մինչեւ քեզ չկրի՝ չի հանգստանալու: – Էլ դժվար թե կրի. էս իրա առաջին ու վերջին շանսն էր: – Մեկ ա՝ կանչելու ա: Ինքը կրվելուն սովոր չի: Ոչ մի հարցում չի պատկերացնում, որ ինքն էլ կարա կրվի: Գրելու հարցում էլ ա մտածում, որ ինքը պիտի սաղից ուժեղ գրի: – Թենիսն ուրիշ ա,- ասացի ես:- Թենիսը պատմվածք կամ ոտանավոր գրել չի, որ ասես՝ ես քեզնից լավ եմ գրում: Թենիսի մեջ ուժեղն իրա ուժեղ ըլնելը շատ հեշտ ա ապացուցում: – Ռուբոյին շատ դժվար ա ինչ-որ բան ապացուցել,- ասաց Սերգեյը:- Ես իրան հինգ մատիս պես գիտեմ. ինչքան չըլնի՝ տասը տարի իրար հետ մի դասարան ենք սովորել: – Գիտեմ,- ասացի ես: – Ինքն էլ ա, չէ՞, գրում: – Ինքն էն գլխից՝ ցածր դասարանից էր գրում: – Ի՞նչ էր գրում: – Սկզբում ոտանավոր էր գրում, բայց հետո անցավ պատմվածքի. հիմի մենակ պատմվածք ա գրում: – Հեչ կարդացել ե՞ս: – Հա: Էն գլխից մենակ ինձ էր կարդալու տալի: Հիմի էլ ա մենակ ինձ ցույց տալի իրա էդ գրածները: – Լավ ա՞ գրում,- հարցրի ես: – Վատ չի,- ասաց Սերգեյը.- հետաքրքիր պատմվածքներ են: Համենայն դեպս, էս տպվողների մեծ մասից լավ ա գրում: – Բա խի՞ չի տպում: – Ինքը մինչեւ հարուր տոկոսով վստահ չըլնի, որ ինքը սաղից ուժեղ ա գրում, չի տպի: – Բայց հեչ փորձել ա՞ տպագրել: – Ի՞նչ փորձել: Իրա տպվելը մեկից մեկ ա. սաղ գրողները իրա հոր ընկերներն են: Որ ուզենա՝ մի օրվա մեջ իրա էդ սաղ գրածները տպել կտա: Որ շատ ուզենա՝ մի քանի ամսվա մեջ գիրք էլ կտպի, որովհետեւ Վարդգեսն էլ, Պերճն էլ ու սաղն էլ իրա հոր հարուր տարվա ընկերներն են: – Բա խի՞ չի տպում,- նորից հարցրի ես: – Չես հասկանո՞ւմ,- զարմացավ Սերգեյը.- ինքը ուզում ա միանգամից ֆուռոր անի: – Ո՞նց ա ուզում ֆուռոր անի: – Ուզում ա՝ իրա տպվելուց հետո ասեն ու գրեն, որ ինքը սաղից մի գլուխ ուժեղ ա: – Բա ինչքա՞ն պիտի չտպի: – Չգիտեմ: Երեւի շատ չի դիմանա: Մի օր երեւի ինքն էլ սկսի տպագրվել: – Հա, երեւի երկար չդիմանա: – Փառքը շատ քաղցր բան ա,- ասաց Սերգեյը:- Ինքը թենիսով կրվելուն որ չի դիմանում, իրա չտպվելուն դժվար թե երկար դիմանա: – Արձակագիրները բանաստեղծների համեմատ ուշ են տպվում,- ասացի ես: – Ով երբ բաշարում ա՝ էն վախտ էլ տպվում ա. կապ չունի՝ արձակագի՞ր ա, թե՞ բանաստեղծ: Ռուբոն որ մտքին դնի, հենց վաղն էլ կարա տպվի: – Ճիշտը երեւի տպվելն ա,- ասացի ես:- Մինչեւ չտպվես, գրածիդ իսկական արժեքը չես իմանա: Ինձ թվում էր, որ հենց «Գարունում» ոտանավորներս տպվեն, աշխարհով մեկ շուխուռ պիտի ընկնի: Ընենց որ, ինձ է՛լ էր թվում, թե պիտի ֆուռոր անեմ: – Լավ էլ ֆուռոր ես արել,- ասաց Սերգեյը.- նույնիսկ Հովոն ա հավանել: – Ի՞նչ Հովո: – Գրիգորյան: Ինքը համ քթի մազ ա, համ էլ՝ չմահավան. ինքը որ հավանել ա, ուրեմն՝ գրածներդ իսկականից լավն են: – Ինքը երեւի ձեւական գովեց: – Աշոտն էլ հո ձեւական չէ՞ր գովում: Աշոտը որ հավանած չըլներ, աշխատանքիդ հաշվով դժվար թե խոսակցություն բացեր: – Ասում ես՝ աշխատանքիս հաշվով վաղը գնա՞մ Աշոտի մոտ: – Բա ի՞նչ պիտի անես: Ինքը շատ էլ սրտանց էր ասում: Անպայման վաղը գնա, բայց հանկարծ իրանց զգացնել չտաս, որ էդ գործը քո համար շատ մեծ բան ա: Որ մարդիկ զգում են՝ մի բան շատ ես ուզում, սկսում են ծանրացնել ու դժվարացնել: – Աշոտը որ ծանրացնելու ըլներ, դժվար թե ըտենց հաստատ խոսք տար,- ասացի ես: – Աշոտի համար չեմ ասում,- ասաց Սերգեյը.- վաբշե եմ ասում: – Ասում ես՝ Ռուբոյի պատմվածքները լավն ե՞ն,- նորից հարցրի ես: – Ռուբոյի պատմվածքների մասին ինձանից բան չես լսել,- խիստ տոնով ասաց Սերգեյը:- Ինքը որ իմանա՝ իրա պատմվածքների հաշվով հետդ բան եմ խոսացել, շատ փիս կնեղանա: Ինքը, ճիշտ ա, իրա էդ պատմվածքներն ինձ ցույց ա տալի, բայց զգուշացրել ա, որ գաղտնի պահեմ: Ինձանից բացի, փաստորեն, ոչ մեկը չգիտի, որ ինքը գրում ա: Նույնիսկ իրանց տնեցիք չգիտեն: – Շուտ թե ուշ սաղն էլ կիմանան,- ասացի ես.- շուտ թե ուշ տպելու ա: – Ինձնից ա կախված,- ասաց Սերգեյը.- հենց ասեմ տպի՝ կտպի: – Բա խի՞ չես ասում: – Արդեն մի թեթեւ ասել եմ: Զգում եմ, որ արդեն ինքն էլ ա շատ ուզում տպվի. արդեն շատ ա ներվայնանում: – Թաքուն գրելն էլ մի բան չի,- ասացի ես:- Ես հենց սկսեցի գրել, մեր սաղ կուրսն իմացավ: – Կուրսը չէ. սաղ ինստիտուտը,- ասաց Սերգեյը:- Գրազով էիր, չէ՞, էդ առաջին բանաստեղծությունդ գրել: – Հա. Հրաչի հետ էի գրազ էկել: – Մի ժամվա մեջ լավ էլ գրել էիր: – Մի ժամվա մեջ չէի գրել. էդ բանաստեղծությունն էդ գրազից էրկու տարի առաջ էի գրել: Ժիրոյի հետ որ ծովափում էինք, մի օր շատ բարձր տաքություն ունեի. քառասուն աստիճան տաքության մեջ էդ բանաստեղծությունը գրեցի: – Պարզ ա,- ասաց Սերգեյը.- առողջ մարդը խի՞ պիտի բանաստեղծություն գրի: – Ճիշտ ես ասում,- ասացի ես: – Փաստորեն, դուս ա գալի, որ Հրաչին խաբել ես: – Ժիրոյի հետ ենք խաբել: Ես էդ բանաստեղծության մասին վաբշե մոռացել էի. Ժիրոն հիշացրեց: Ծերից ծեր անգիր հիշում էր: – Որ լավ բանաստեղծություն չըլներ՝ դժվար թե անգիր հիշեր,- ասաց Սերգեյը: – Առանձնապես մի բան չէր,- ասացի ես.- գրքիս մեջ չեմ էլ դրել: – Շատ իզուր: Ես անգիր չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հաջող գործ էր: Հիշում եմ, որ փիլիսոփայության Ղազարյանը Հրաչի ձեռից խլեց ու կարդաց: – Հա: Իրան ասեցի, որ գրողը ճապոնացի ա: – Փաստորեն, էդ խեղճ մարդուն էլ խաբեցիք,- ասաց Սերգեյը: Հասել էինք Սերգեյենց շենքի դիմացի կանգառ, որտեղից ավտոբուս պիտի նստեի, ու չնայած վերեւից իջնող թիվ երկու ավտոբուսները վրա-վրա գալիս ու գնում էին, բայց ես բաց էի թողնում դրանք, ու Սերգեյի հետ շարունակում էինք խոսակցությունը Ռուբոյի, արձակի ու պոեզիայի մասին, բայց ուշքս ու միտքս Աշոտն էր ու իր հետ վաղվա իմ հանդիպումը, որովհետեւ ես արդեն սկսել էի կշտանալ բանաստեղծությունից, գովեստներից ու ընդհանրապես բոհեմից, եւ եթե հրատարակչական պլան չմտած ու դեռեւս «Գարունում» չտպագրված իմ սերնդակից բանաստեղծներն ափաշկարա կամ հոգիների խորքերում ինձ միանշանակ նախանձում էին, ես էլ իմ հերթին միանշանակ նախանձում էի բոլոր նրանց, ովքեր որոշակի աշխատանք ունեին, եւ առավել ուժեղ նախանձում էի հատկապես նրանց, ովքեր գրողական կամ լրագրողական աշխատանք ունեին, եւ եթե ինձ նախանձողների վիճակը պատկերացնում ու նրանց վիճակի մեջ բոլորեքյան մտնում էի, ապա իմ իսկ վիճակի մեջ արդեն շուրջ մի տարի մտած ու խրված էի եւ արդեն հստակ հասկանում էի, որ էդպես չի կարող շարունակվել, ու էդպես չի կարելի շարունակել: – Հիմա իմ համար ամենակարեւորն աշխատանքիս հարցն ա,- ասացի ես: – Աշխատանքիդ հարցն ուշ թե շուտ կլուծվի,- ասաց Սերգեյը:- Կարեւորն էն ա, որ Հովոն գրածներդ հավանել ա: – Արդեն մերոնց վրա բեռ եմ դառնում,- ասացի ես: – Որ բերել են, պարտավոր են պահեն՝ մինչեւ գործերդ կարգավորվեն,- ասաց Սերգեյը:- Մերոնք էլ ի՛նձ պիտի յոլա տանեն, մինչեւ տենանք՝ էս ասպիրանտուրայիս հարցն ի՞նչ ա ըլնում: – Արտասահմանյան գրականության գծով ես, չէ՞, որոշել: – Հա: Մինչեւ տարվա վերջ կամ էս կողմ կըլնի, կամ՝ էն կողմ: – Դիմիկը հետդ շատ լավ էր. ասպիրանտուրայիդ հարցն ինքը պիտի որ լուծի,- ասացի ես: – Մենակ Դիմիկով չի,- ասաց Սերգեյը: – Ամբիոնի վարիչն ինքը չի՞,- ասացի ես: – Ամբիոնի վարիչն ինքն ա, ճիշտ ա, բայց հազար ու մի խառնողներ կան: Դասախոսների դեբիլ էրեխեքն էլ պարտադիր պիտի ասպիրանտուրա ընդունվեն, չէ՞: – Հո սաղ տեղերը դասախոսների էրեխեքին չե՞ն տալու: – Կարող ա՞ ինձնից ու քեզնից ամաչեն,- ասաց Սերգեյը:- Մեկ ա՝ ձեռները բռնող չկա: – Աշխատանքի հարցը շատ կարեւոր ա,- ասացի ես: – Աշխատանքիդ հարցը կարաս հաշվես լուծված,- ասաց Սերգեյը.- Աշոտը հենց ընենց խոսք չէր տա: – Իննսուն մանեթը մեծ փող չի, բայց էլի բան ա,- ասացի ես: – Էդ ասպիրանտուրայի թոշակն էլ ա իննսուն,- ասաց Սերգեյը.- հեչ որ չըլնի՝ սիգարետի փող ա: – Բա Ռուբո՞ն խի չի աշխատում,- հարցրի ես: – Ինքը ազատ ստեղծագործող ա,- ծիծաղեց Սերգեյը:- Ռուբոյի՞ն ինչ կա. իրան որ ճղի՝ չի կարա հոր փողերը լրիվ ծախսի: – Հոր գործերն էդքան լավ ե՞ն: – Սաղ դեղերը չերեզ Պարգեւ ձյաձյա են Հայաստան մտնում: – Հաստա՞տ,- զարմացա ես: – Դեղ-մեղ որ պետք ըլնի՝ կարանք իրան ասենք: – Լավ մարդ ա էրեւում,- ասացի ես: – Փողավորների մեջ հազարից մեկ ա կարգին մարդ պատահում,- ասաց Սերգեյը.- Պարգեւ ձյաձյան էդ քչերից մեկն ա: – Ասում ես՝ շատ հարուստ ա՞: – Մի քանի հատ Սարյան ունի, մի ահագին էլ՝ Մինաս ու Հակոբ,- ասաց Սերգեյը: – Առել ա՞,- հարցրի ես: – Ի՞նչ առնել. ինքը իրանց երեւի լավություն ա արել, իրանք էլ նվիրել են: Գիտեն, որ արվեստ սիրող ու գնահատող մարդ ա: – Հարուստներից հազարից մեկն ա արվեստ սիրում,- ասացի ես: – Ինքը շատ համեստ մարդ ա,- ասաց Սերգեյը.- հետը որ շփվես, հեչ չես ասի, որ փողատեր ա: – Ռուբոյի հետ որ շփվես՝ կասես,- ասացի ես: – Ռուբոն սավսեմ ուրիշ ա,- ասաց Սերգեյը.- հեր ու տղա իրարից շատ են տարբեր: – Ինքը Աշոտի հետ իզուր էր ըտենց կոպիտ խոսում,- ասացի ես: – Ինքը սաղի հետ էլ ըտենց ա խոսում: – Բարձր հասարակության հետ էլ ա՞ ըտենց խոսում: – Չէ,- ասաց Սերգեյը.- իրանց հետ որ էդ տոնով խոսա, էլ իրանց տուն ոտ չեն դնի: Իմ հետ էլ չի կարա ըտենց խոսա, որովհետեւ առաջին դասարանից իրար հետ ենք մեծացել: – Այսինքն, ուժն Աշոտի վրա է՞ր պատում: – Աշոտի հետ սավսեմ ուրիշ հաշիվ ա: Իրանք նույն կուրսում են սովորել: – Մեջները թշնամություն կա՞: – Չէ. կոնկրետ իրանց մեջ ոչ մի թշնամություն էլ չկա, բայց իրանց կուրսի քաղաքացիների ու գյուղացիների մեջ մի մոմենտ շատ ուժեղ թշնամություն կար: – Ի՞նչ թշնամություն: – Մի մոմենտ շատ ուժեղ էին թշնամացել: Իրանց կուրսի քաղաքացիք առանձին թայֆա էին, գյուղացիք՝ առանձին: – Իրար հետ թշնամական էի՞ն: – Մի անգամ իրանց մեջ ընենց ուժեղ տուրուդմփոց էղավ, որ քիչ մնաց՝ իրանց կուրսից մի քանիսին համալսարանից հեռացնեին, բայց հետո էդ հարցը մի կերպ հարթվեց, ավելի ճիշտ՝ Պարգեւ ձյաձյան անձամբ ռեկտորին համոզեց, որ տղերքին չհեռացնեն: – Ռուբոն էլ է՞ր էդ տուրուդմփոցին մասնակցել,- հարցրի ես: – Ռուբոն, փաստորեն, իրանց կուրսի էդ քաղաքացիների թայֆի վոժդն էր: – Այսինքն, Ռուբոյին էլ էի՞ն ուզում համալսարանից հեռացնեին: – Գիժ ե՞ս: Ռուբոյին ո՞վ կարար հեռացներ: Ռեկտորից սկսած՝ սաղ համալսարանի դասախոսները Պարգեւ ձյաձյայի ընկերներն են: Ռուբոյենց կուրսից մի քանի խեղճ ու անտեր տղերքի էին ուզում հեռացնեին, բայց Ռուբոն էրկու ոտը մի կոշիկի մեջ դրեց ու հորն ասեց, որ եթե հանկարծ էդ տղերքից մեկնումեկին հեռացնեն, էլ ինքը համալսարան ոտ չի դնի: – Ճիշտ ա արել,- ասացի ես: – Ընենց որ, Ռուբոն լիքը լավ գծեր էլ ունի,- ասաց Սերգեյը: – Բայց իրանք խի՞ էին էրկու խմբի բաժանվել,- հարցրի ես: – Գյուղացիների ու քաղաքացիների շահերն իրար չեն բռնում,- ասաց Սերգեյը:- Չնայած, էս պահի դրությամբ, քո ու Աշոտի շահերը ոնց որ թե բռնում են: – Աշխատանքի իմաստով ե՞ս ասում: – Հա: Քո ու իրա շահերն իրար որ չբռնեին, չէիր ասի, որ Ռուբոն իրա հետ կոպիտ էր խոսում: Էդ բանը նույնիսկ չէիր էլ նկատի: – Երեւի ճիշտ ես ասում,- ասացի ես: – Երեւի չի. ճիշտ եմ ասում,- ասաց Սերգեյը:- Էս կյանքում առանց շահի ոչ մի բան չի ըլնում: – Բայց մեր կուրսում գյուղացիների ու քաղաքացիների մեջ ոչ մի լարվածություն չկար,- ասացի ես: – Մեր կուրսում քաղաքացի ե՞րբ կար, որ լարվածություն ըլներ: – Ես ու դու բա ի՞նչ էինք,- ասացի ես: – Ես ու դու բացառություն էինք,- ասաց Սերգեյը: – Հասմիկն էլ էր քաղաքացի: – Տղերքից եմ ասում: – Հրա՛չը,- ասացի ես: – Հրաչը լենինականցի էր. երեւանցի՛ եմ ասում: – Պետրո՛սը: – Ի՞նչ Պետրոս: – Սարօղլանյան Պետրոսը: – Լավ հիշողություն ունես,- ասաց Սերգեյը:- Պետրոսն ախպար էր, համ էլ՝ ինքը երկրորդ կուրսից դուրս մնաց: – Հրայրն ու Ժիրոն էլ էին երեւանցի,- ասացի ես: – Հիմի Հրայրն ու Ժիրոն ո՞ւր են: – Ժիրոն բանակում ա, Հրայրն էլ գյուղում դաս ա տալի: – Իմ ասածն ես փաստորեն հաստատում: Փոխանակ գյուղացիք գյուղում դաս տան, մնում են քաղաքում ու դասախոս են դառնում: Իրանց դեմ, փաստորեն, խաղ չկա: – Ինստիտուտում մեր դեմ էլ խաղ չկար: – Էդ ասածդ քաք սրտի մխիթարանք ա,- ասաց Սերգեյը.- իրանք հես ա հերթով դասախոս են դառնալու, դու գնալու ես բժշկական ինստիտուտի պատի թերթ: Էլ չեմ ասում, որ էդ պատի թերթ գնալդ էլ ա, փաստորեն, իրանցից կախված: – Որ ասպիրանտուրադ ավարտես, դու էլ դասախոս կդառնաս: – Որ թողեն՝ լավ ա,- ասաց Սերգեյը:- Հեն ա՝ դեմս վեց հոգի կոնկուրենտ կա: Քամյուի ու Սարտրի անուններն ինձանից են լսել, բայց վաղը իրա՛նք են ասպիրանտ ու դասախոս դառնալու: – Դու էլ կդառնաս,- ասացի ես: – Աստված ձենդ լսի,- ասաց Սերգեյը:- Ուզածս առանձնապես մեծ բան չի. միլիոններ չեմ ուզում: – Ռուբոն ամեն ինչ ունի, բայց ինքն էլ կյանքից առանձնապես գոհ չի: – Ով ինչ չունի՝ դրա կարիքն ա զգում: – Ռուբոն ի՞նչ չունի: – Պրոբլեմ,- ասաց Սերգեյը:- Ինքը չեղած տեղից պրոբլեմ ա ստեղծում, որ հաղթահարի: – Ասում ես՝ իրա պատմվածքները մենակ քեզ ա՞ ցույց տալի: – Էդ պատմվածքների մասին հանկարծ իրա մոտ լեզվիցդ չթռցնես,- ասաց Սերգեյը:- Որ իմանա իրա պատմվածքների մասին քեզ ասել եմ՝ շատ փիս կնեղանա: – Շուտ թե ուշ՝ սաղն էլ իմանալու են: – Թող ինձնից դուս չգա, ումից ուզում ա՝ դուս գա: – Որ մենակ քեզ ա ցույց տվել, ուրիշ ումի՞ց կարա դուս գա: – Մինչեւ հիմի մենակ ինձ էր ցույց տալի, բայց շատ հնարավոր ա, որ հիմի արդեն ուրիշներին էլ ցույց տա: – Ինչի՞ց ես ենթադրում: – Զգում եմ, որ ինքն արդեն իրա էդ գաղտնի վիճակին չի դիմանում: – Ի՞նչ գաղտնի վիճակ: – Էդ որ իրա գրելն աշխարհից թաքուն ա պահում: Մարդ ինչքա՞ն կարա աշխարհից թաքուն ապրի: – Երկար չի դիմանա,- ասացի ես.- քեզ որ ցույց ա տվել, ուրիշներին էլ ցույց կտա: – Շատ հնարավոր ա, որ ինքն Ալիկենց էսօր հենց էդ նպատակով ա կանչել. շատ հնարավոր ա, որ էսօր իրանց ցույց տա իրա էդ գրածները: Ռուբոյին հինգ մատիս պես գիտեմ. ինքը որ մեզ զոռով չպահեց, ուրեմն՝ իրանց հետ ինչ-որ թաքուն հարց ուներ: – Երեւի թենիսից տրամադրությունն ընկավ, դրա համար էլ մեզ շատ չհամոզեց՝ որ մնանք: – Էդ էլ կա,- ասաց Սերգեյը: – Էդ տրամադրությամբ դժվար թե իրա պատմվածքներն էդ մարդկանց ցույց տա: – Ճիշտ ես ասում,- ասաց Սերգեյը,- մանավանդ որ՝ ինքը տրամադրության մարդ ա. իրա մոտ ամեն ինչ տրամադրությունից ա կախված: – Շատ չի դիմանա,- ասացի ես.- էդ պատմվածքները մի օր կտպի: – Մանավանդ որ՝ տպելու հարցն իրա համար մեկից մեկ ա: Էլ չեմ ասում, որ փառասիրության մոմենտ էլ կա: – Ինքը փառասեր ա՞: – Ոչ թե ինքն ա փառասեր, այլ ընդհանրապես մարդ արարածն ա փառասեր: Գրելն է՛լ ա փառասիրություն, տպագրվե՛լն էլ: – Ինքն առայժմ չի տպագրվել,- ասացի ես: – Կապ չունի,- ասաց Սերգեյը.- ինձ որ ցույց ա տվել, էդ նշանակում ա, որ ուզեցել ա իմանան իրա գրածների մասին: – Ես, փաստորեն, Ռուբոյից հիսուն հազար անգամ փառասեր եմ,- ասացի ես.- ինքը գրածները մենակ քեզ ա ցույց տվել, իսկ ես, «Գարունում» տպվելով, միանգամից հիսուն հազար հոգու եմ ցույց տվել: – Ի՞նչ հիսուն հազար հոգի,- զարմացավ Սերգեյը: – «Գարունի» տիրաժը հիսուն հազար ա: Ես, փաստորեն, հիսուն հազար հոգու արդեն գրածներս ցույց եմ տվել: Որ լուրջ մտածում եմ՝ էդ շատ մեծ լկտիություն ու անամոթություն ա: – Որ մի քիչ ավելի լուրջ մտածես՝ կհասկանաս, որ հեչ կապ չունի՝ մի՞ հոգու ես գրածներդ ցույց տվել, թե՝ հիսուն հազար: Մեծ հաշվով՝ նույն բանն ա: – Երեւի տարբերություն կա,- ասացի ես: – Ոչ մի տարբերություն,- ասաց Սերգեյը.- մեծ հաշվով՝ ոչ մի տարբերություն չկա: – Մի հոգին ո՜ւր, հիսուն հազարն ուր,- ասացի ես: – Կարեւորը քանակը չի,- ասաց Սերգեյը.- կարեւորն էն ա, որ արդեն քեզանից բացի ինչ-որ մեկն էլ ա կարդացել գրածդ: – Ուրիշների կարդալն էդքան կարեւոր ա՞,- հարցրի ես: – Դո՛ւ պիտի իմանաս. դո՛ւ ես գրում,- ասաց Սերգեյը: – Ես որ ծովափում առաջին անգամ ոտանավոր գրեցի, Ժիրոյի՛ն ցույց տվի: Ավելի ճիշտ, ոչ թե ե՛ս ցույց տվի, այլ սեղանին դրված էր՝ ինքը վերցրեց ու կարդաց: – Էն պատի թերթինը՞: – Հա: Հրաչը կարդաց ու իրա էդ պատի թերթի մեջ դրեց: – Փաստորեն, քո գրելն ու տպվելը մեկ ա էղել,- ասաց Սերգեյը.- գրածդ հենց առաջին ոտանավորը տպվել ա: – Էդ պատի թերթը տպվել ե՞ս հաշվում: – Պատի թերթն էլ ա տպվելու հաշիվ,- ասաց Սերգեյը.- փաստորեն, մարդկանց իմաց ես տվել, որ գրում ես: Փաստորեն, ազատվել ես էդ բեռից: – Ի՞նչ բեռ: – Էդ գաղտնիքի բեռից: Ռուբոն մինչեւ հիմի, փաստորեն, էդ բեռի տակ ճկռում ա: – Բայց քեզ իրա գրածները ցույց ա տվել, չէ՞: – Ես հաշիվ չեմ,- ասաց Սերգեյը.- ես է՛ն գլխից՝ դպրոցի՛ց եմ իրա գրելն իմացել: Էն վախտերն ինքը մենակ ոտանավոր էր գրում: – Լավ է՞ր գրում: – Ո՛չ շատ լավ, ոչ էլ՝ վատ. ուրիշների գրածների պես նորմալ ոտանավորներ էին,- ասաց Սերգեյը,- բայց իրա էս պատմվածքներն ահագին հետաքրքիր են: – Էսօրվա կյանքից ա՞ գրում: – Դժվար ա ասել՝ էսօրվա՞ կյանքից ա գրում, թե՝ էրեկվա: Ավելի շատ՝ վաղվա կյանքից ա գրում: – Այսինքն, ֆանտաստիկ պատմվածքներ ե՞ն: – Չէ,- ասաց Սերգեյը.- էսօրվա իրական կյանքը չի, բայց ֆանտաստիկ էլ չի: – Չեմ պատկերացնում,- ասացի ես: – Չես էլ կարա պատկերացնես,- ասաց Սերգեյը.- մինչեւ աչքովդ չկարդաս՝ չես պատկերացնի: Գլուխ տասներկուերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել