Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ՞

Դեկտեմբեր 17,2005 00:00

ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ՞ Հավանաբար՝ կոմպոզիտորն այդպես էլ թանգարան չի ունենա Հինգ տարի առաջ Երեւանում անցկացվեց Ա. Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված երաժշտական փառատոն: Այն ընդգրկում էր կոմպոզիտորի սիմֆոնիկ, կամերային եւ էստրադային ժանրի ստեղծագործությունները: Փառատոնին հրավիրված կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ Փարաջանովի տուն-թանգարանի կողքին կկառուցվի կոմպոզիտորի տուն-թանգարանը: Երեկ կապվեցինք ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի արվեստի բաժնի պետ Ռազմիկ Աբրահամյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչո՞ւ Երեւանում այդպես էլ չստեղծվեց կոմպոզիտորի տուն-թանգարանը: Հաստատելով, որ հինգ տարի առաջ իսկապես նման խոսակցություն եղել է, պարոն Աբրահամյանը հայտնեց, որ քաղաքապետարանից ժամանակին պատճառաբանել են, որ կենտրոնում ազատ տարածք չկա: Ի տարբերություն մեծ կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված փառատոնային համերգաշարի, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը «Ա. Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 21-ին հրավիրում է Առնո Բաբաջանյանի միայն էստրադային, ջազային ստեղծագործությունների երեկոյին: Կմասնակցեն կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, ճանաչված ու երիտասարդ երաժիշտներ, մեներգիչներ: Անվանի կոմպոզիտորի հետ շփված արվեստագետներից Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանին եւ կոմպոզիտոր, կոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի վարիչ Երվանդ Երզնկյանին խնդրեցինք երկու խոսք մեծ արվեստագետի մասին: Պարոն Սարաջյանի փոխանցմամբ՝ Ա. Բաբաջանյանը, մեծն Խաչատրյանից հետո, իր սերնդակիցներ, կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Արամ Խուդոյանի հետ միասին կենսախինդ երաժշտությամբ եկավ փոխարինելու հազարամյակներ հնչող աղետալի, ողբանվագ, վշտի, կարոտի, պանդխտության երգերին ու նվագներին: Նրան վիճակվեց գտնել արդեն ստեղծված ավանդույթների միահյուսման առավել համոզիչ նոր ուղիներ եւ համաշխարհային երաժշտական մշակույթը հարստացնել բարձրարժեք գործերով: Նա այն անհատներից էր, որոնք կոչված էին ներկայացնել մի ամբողջ ազգ, նրա ճակատագիրն ու ապրած ժամանակի շունչը: «Կոմպոզիտորի երաժշտությունը վերին աստիճանի կոնտրաստային է. նրբերանգներով հարուստ, խոր կրքերի ու զգացմունքների մշտապես հմայիչ մի աշխարհ է եւ այդ աշխարհում շատ հաճելի էր շփվել Առնո Հարությունովիչի հետ»,- ասաց պրն Սարաջյանը: Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի խոսքը կարծես Ս. Սարաջյանի ասածի շարունակությունը լինի. «Առնո Բաբաջանյանը մարդկանց հետ շփվելու, զրուցելու, քննարկելու անհագ ծարավ էր ապրում: Նրա խոսքը միշտ լսվում էր չխամրող հետաքրքրությամբ, իսկ ստեղծագործական անկրկնելիությունը իր խոր կնիքն էր թողել նրա անկաշկանդ վարքագծի վրա, կանխորոշելով նրա մարդկային մեծ հմայքը»: Մեզ հետ զրույցի ավարտին Ս. Սարաջյանն ու Ե. Երզնկյանը միաբերան արտահայտեցին հետեւյալը. «Եթե Առնո Հարությունովիչը լիներ մեր կողքին, նրա գերհագեցած կյանքով ապրելու ընդունակությունը կխախտեր պատկերացումը մարդու տարիքային հնարավորությունների մասին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել