Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտերուդուս» եւ անպետք

Փետրվար 03,2006 00:00

«Անտերուդուս» եւ անպետք Այսպես են զգացել իրենց հայ արտիստները՝ Մոսկվայում «Ուզում էինք անել լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»,- թերեւս ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի հենց այս թեւավոր արտահայտությամբ կարելի է բնորոշել հունվարի 22- ին Ռուսաստանում՝ Հայաստանի տարվա միջոցառումների բացման համերգը: Կրեմլում կայացած համերգի համաժամանակյա հեռարձակումը հեռուստատեսությամբ «մինի շոկ» առաջացրեց մեր համաքաղաքացիների շրջանում: Երեկ «Փակագիծ» ակումբում այդ հիասթափությունը փոքր-ինչ մեղմելու էին եկել միջոցառման մասնակից հայ արվեստագետներից մի քանիսը՝ Հայաստանի պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը, երգիչներ Էմմա Պետրոսյանը, Արամոն, համերգի ռեժիսոր, Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանին վրդովեցրել էին մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որոնցում գրված էր, թե ինչ նվաստացումներ են ունեցել հայ արվեստագետները, եւ ինչպես են իր երգչախմբի երեխաները Մոսկվայում սոված մնացել: Տ. Հեքեքյանը, թեեւ Մոսկվա չէր գնացել, սակայն երեխաների անունից փորձեց հավաստիացնել, որ նման բան չի եղել: Նույնիսկ Մոսկվայի օդանավակայանում արված մի քանի լուսանկար ցույց տվեց, որտեղ «Հայաստանի փոքրիկ երգիչները» ժպտում էին: Ըստ պրն Հեքեքյանի՝ երեխաները օրը երեք անգամ ճոխ սնվել են Կրեմլի ճաշարանում: Ըստ խմբավարի, ինքը դիտմամբ է հրաժարվել $28 օրապահիկից՝ փոխարենը պահանջելով, որ երեխաներին լավ կերակրեն այնտեղ: «Երեխաները միայն դժգոհ էին նրանից, որ դահլիճում իրենց ելույթը չի լսվել՝ վատ հնչողության պատճառով»,- ավելացրեց պրն Հեքեքյանը: Նա քննադատեց նաեւ համերգի կազմակերպչական մասը. «Այս օրերը ոչ թե վատ էին կազմակերպված, այլ ընդհանրապես կազմակերպված չէին: Խնդիրն այն է, որ հայերը վերջին պահին կարող են շինծու մի կառույց ստեղծել եւ մի մարդու, որն այդ ոլորտում փորձառու չէ, ասել՝ պիտի ղեկավարես»: Ըստ բանախոսների, հայկական կողմից միջոցառման կազմակերպիչը «Ազգային տարի» կոչվող ինչ-որ կազմակերպություն է, նախագահն էլ՝ Հանրապետական կուսակցության անդամ Արման Ծատուրյանը: Ներկաները փորձեցին արդարացնել Լաերտ Մովսիսյանին՝ ասելով, որ նա ընդամենը համերգի ռեժիսորն է: Լ. Մովսիսյանն էլ ինքնարդարացման համար մեղքը անընդհատ բարդում էր ռուսական կողմի, մասնավորապես ոմն Մարինայի վրա: Երգչուհի Էմմա Պետրոսյանը չգիտեր, թե ում պետք է բողոքել, քանի որ պատասխանատուների մասով շատ բան իր համար դեռ անհայտ է: Արամոն եւս գտնում էր, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ ռուսական կողմը. «Ավելի լավ էր ռուսները նախապես մեզ հոգեբանորեն տրամադրեին, որ համերգը ձրի է լինելու, քան գրոշներ առաջարկեին: Մի տեսակ ստորացված էինք զգում, որ համերգից հետո ոչ ոքի էլ պետք չենք: Ես ուզում եմ, որ արտիստներին հարգեն, ոչ թե անտերուդուս թողնեն Դոմոդեդովո օդանավակայանում»: Արամոն, այնուամենայնիվ, հաստատեց մամուլում տեղ գտած այն լուրերը, որ ընդամենը մեկ անգամ՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը՝ իր ծննդյան օրն են արտիստները կուշտ կերել: Համերգից գոհ էր միայն պարարվեստի նվիրյալ Վանուշ Խանամիրյանը: Նրա կարծիքով, համերգն անցկացվել է անթերի ու բարձր մակարդակով: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել