Լրահոս
Օրվա լրահոսը

Բանալին ՌԴ-ի ձեռքում է

Փետրվար 11,2006 00:00

Ֆրանսիական մամուլը՝ Ռամբույեի հանդիպման մասին

Երեկ ֆրանսիական գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ մամուլը, անդրադարձել են փետրվարի 10-11-ը Ռամբույեում տեղի ունեցող հակամարտող երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին: Գրեթե բոլոր հրապարակումները այս հանդիպման մասին ուղեկցվում են նախեւառաջ ԼՂ վերաբերյալ պատմական ակնարկով, ապա՝ պատերազմի հետեւանքով երկու ժողովուրդներին հասցված վնասի մասին վիճակագրական տվյալներով: Այսպես «Le Figaro»-ն «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության հույսը՝ Փարիզում» վերտառությամբ վերլուծական հրապարակման մեջ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի համար սկսված պատերազմի արդյունքում «շուրջ 700 հազար ադրբեջանցիներ լքել են հակամարտության գոտին, 400 հազար հայեր՝ Ադրբեջանը, այսօր Ղարաբաղում ապրող 150 հազար բնակչությունը բացառապես հայեր են: Այս տուժած տարածաշրջանը, որը գոյատեւում է մասամբ հայկական սփյուռքի նվիրատվություններով, կազմում է Ադրբեջանի տարածքի 16 տոկոսը, որը Բաքուն համարում է զավթված: Չնայած կնքված հրադադարին, դրանից հետո էլ սահմանի շփման գծում տեղի ունեցող միջադեպերի արդյունքում մեկ շաբաթում զոհվում է միջին հաշվով 1-2 մարդ»: «Le Mond»-ն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտությունը 25 հազար մարդու մահվան ու հարյուր հազարավորների տեղահանության պատճառ է դարձել:

Վերլուծելով հակամարտության լուծման հնարավորությունները՝ «Le Figaro»-ն նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի կնքումն «անցնում է Ռուսաստանով»: «Հակամարտության լուծման ու համաձայնագրի կնքման բանալին Մոսկվայում է: Բազմաթիվ դիտորդներ կարծիք են հայտնում, որ Կրեմլը սառեցնում է հակամարտությունը: Արդյոք նա երկու պետություններին էլ զենք չի՞ մատակարարում: Հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում երկու պետություններն էլ կարող են դուրս պրծնել ռուսական ազդեցության ոլորտից: Հունվարի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: «Մոսկվան պաշտպանում է իր ազգային շահերը: Ի տարբերություն ավելի քան հինգ տարի առաջվա, այսօր մեր առաջնահերթությունները ոչ թե ռազմական բազաներն են, այլ էներգետիկ շահերը»,- այդ հանդիպումը վերլուծելով՝ ասել էր Մոսկվայի Կարնեգիի հետազոտական կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաչենկոն: Փաստորեն, եթե հարցը կարգավորվեր, տարածաշրջանի բոլոր դերակատարները կարող էին օգտագործել այն ռազմավարական ռեսուրսը, որը թույլ է տալիս Կասպյան նավթը: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այստեղ հայկական սփյուռքի կշիռը պատմական կապ է ստեղծում Փարիզի եւ Երեւանի միջեւ, այդուհանդերձ, Ֆրանսիայի շահերը Ադրբեջանում անտեսել հնարավոր չէ»,- գրում է «Le Figaro»-ն՝ նկատի ունենալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որի հարցում շահագրգիռ է նաեւ Ֆրանսիան եւ BTC ընկերությունը, որն այդ նավթամուղի կառավարման 5 տոկոսի սեփականատերն է:

ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Ռուսաստանի ազդեցության ու դերի մասին գրում է նաեւ «Le Mond»-ը: Թերթի համոզմամբ, հակամարտության լուծմանը մեծապես կարող է նպաստել Ռուսաստանը, որը տարածաշրջանում ավանդական ազդեցություն եւ ավելի սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Բայց Մոսկվան, ըստ թերթի, փորձում է նորից իր ձեռքը վերցնել տարածաշրջանը եւ ռազմական համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին: Սակայն ռազմավարական նշանակության այդ գոտին, որ ունի նավթի հարուստ պաշարներով Կասպից ծով, նաեւ սահմանակից է Իրանին, գտնվում է ԱՄՆ-ի կուրացիայի տակ:

ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը, «Le Mond»-ի դիտարկմամբ, շարունակում է խոչընդոտել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը. «Հայաստանը տուժում է Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման եւ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելու պատճառով: Իսկ Ռուսաստանին հարցի կարգավորումը ցանկալի կլիներ իր գազը դեպի Իրան հարավով հասցնելու նպատակով»:

Նկատի ունենալով հակամարտության կողմերի դիրքորոշումները, որոնք քիչ տեղ են թողնում փոխզիջումների համար, ֆրանսիական մամուլը փոխանցում է նաեւ, որ դա արեւմտյան փորձագետներին ստիպում է զգուշավորությամբ խոսել համաձայնության հասնելու հնարավորությունների մասին:

Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել