Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Փետրվար 24,2006 00:00

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԴՈԳՄԱ ՉԷ» Լեզվաբանության եւ Գրականության ինստիտուտները պետք է ոչ միայն հայտնվեն մի շենքում, այլեւ հնարավոր է՝ տարրալուծվեն իրար մեջ: Լեզվաբանության եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքի տարածքը մոտ 2 տարի առաջ կառավարության որոշմամբ նվիրաբերվեց Հայ առաքելական եկեղեցուն՝ Վեհարան կառուցելու նպատակով: Գիտնականների եւ ինստիտուտների տարածքում գործող տնտեսավարող մարմինների բողոքները ոչ մի օգուտ չտվեցին, որոշումը մնաց ուժի մեջ: Սակայն մինչ այսօր առկախ է մնում այդ շենքում գործող կազմակերպությունների տեղափոխման եւ այլ տարածք տրամադրելու հարցը: Վերջերս մեզ հետ զրույցում ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն ասաց, որ իրեն ամեն օր զանգում են հիշյալ ինստիտուտների աշխատակիցները եւ անհամբեր հարցնում, թե երբ պետք է տեղափոխվեն իրենց հատկացված նոր տարածքը՝ Գրականության ինստիտուտ: Ֆ. Սարգսյանը նաեւ մեզ փորձում էր համոզել, որ շենքի օտարման հարցով ոչ մի գիտնական բողոք չի ներկայացրել, եւ որ այդ մասին իրենց դժգոհությունն են հայտնել միայն տարածքը վարձակալող մի քանի գործարարներ: Մինչդեռ կան կոնկրետ փաստաթղթեր՝ գիտնականների, ակադեմիկոսների ստորագրությամբ, ի վերջո՝ մամուլի բազմաթիվ հրապարակումներ, որտեղ հստակ պահանջ էր ներկայացվում՝ չեղյալ ճանաչել կառավարության սույն որոշումը: «Մենք իհարկե ցույցեր ենք կազմակերպել, բողոքներ ենք ներկայացրել, բայց կառավարությունը որոշեց գնալ այդ քայլին, հիմա մենք ինչ-որ տեղ հույսեր ենք փայփայում, որ ինչ-որ բան կարող է փոխվել: Ամենաճիշտն այն կլինի, որ կառավարությունն իր որոշումը հետ վերցնի. վերջին հաշվով կառավարության որոշումը աստվածաշնչյան դոգմա չէ»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց Լեզվաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լավրենտի Հովհաննիսյանը: Ի սկզբանե նախատեսված էր այս երկու ինստիտուտները տեղափոխել գրականության ինստիտուտի շենք, որտեղ էլ մեկ հարկ պետք է տրամադրեին միայն Լեզվաբանության ինստիտուտին: Երկու օր առաջ էլ պրն Հովհաննիսյանին ԳԱԱ նախագահությունից հերթական անգամ զգուշացրել են՝ պատրաստվել տեղափոխվելու: Պրն Հովհաննիսյանը, սակայն, ասում է, որ հիմա նախատեսված հարկաբաժնում այլ կազմակերպություններ կան եւ ֆիզիկապես անհնար է տեղավորվել այդ մի քանի սենյակում՝ 65 հոգանոց կոլեկտիվով: Բացի այդ, ինստիտուտը մեծ գրականություն ունի եւ դրա համար էլ տարածք է պետք, ինչն ապահովված չէ: «Ոչ մեկը հստակ բան չի ասում, նույնիսկ՝ ամենաբարձր մակարդակով»,- ասում է Լ. Հովհաննիսյանը: Խոսակցություններ կան, որ Գրականության եւ Լեզվաբանության ինստիտուտները միայն ֆիզիկապես չէ, որ պետք է միանան: Այս մասին վերջերս մեզ հետ զրույցում ասաց նաեւ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը եւ իր հերթին դժգոհություն հայտնեց այս գաղափարի վերաբերյալ: Լ. Հովհաննիսյանը նույնպես անհնար է համարում երկու ինստիտուտների բովանդակային միացումը: «Բովանդակային միացման մասին էլ բան չեն ասում, ոչինչ պարզ չէ մեզ այնպես, ինչպես պարզ չէ ակադեմիայի ճակատագիրը»: Ըստ պրն Հովհաննիսյանի, միացման գաղափարը ակադեմիայինը չէ, եւ ոչ էլ ՄԱԿ-ի փորձագետներինը (որովհետեւ գաղափարը ծագել է փորձագետների առաջարկներից շատ առաջ): Այն, ըստ ամենայնի, հղացել է կառավարությունը՝ ֆիզիկական միացումը նույնացնելով բովանդակայինի հետ: «Դա այն մարդկանց մտածածն է, որոնք կարծում են, որ եթե դպրոցում հայոց լեզվի եւ գրականության դասերը կարող է մեկ ուսուցիչ դասավանդել, այս ինստիտուտներն էլ կարելի է միացնել: Լեզուն եւ գրականությունը տարբեր ուղղություններ են արդեն ստացել, կապ չունեն միմյանց հետ: Նրանց պատկերացմամբ, հայոց լեզուն հայ գրականության լեզուն է: Դա կոպիտ սխալ կլինի, կքանդի հայ լեզվաբանության ավանդույթները, ձեռքբերումները եւ վերջնականապես լեզվաբանության շատ ճյուղեր կանհետանան: Իսկ եթե ուզում են ֆինանսներ տնտեսել, ապա արդյունքում միայն մի հաշվապահ ու փոխտնօրեն պետք է կրճատվի, այնպես որ՝ դա սխալ հաշվարկ է»: Այս հարցով դիմեցինք նաեւ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Խոջաբեկյանին: Նա եւս տեղյակ չէր, թե ինչ է սպասվում իրենց. «Երկու տարի առաջ ասում էին՝ Գրականության ինստիտուտ պետք է գնանք, բայց հիմա ոչինչ չգիտենք, ոչինչ հայտնի չէ»: Նկատենք, որ հիշյալ ինստիտուտների նկուղային հարկերում գործող ռեստորանների ու սրճարանների վարձակալությունից ստացված գումարները գնում են նախագահություն, իսկ ինստիտուտներին դրանից ոչինչ չի հասնում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728