Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ

Ապրիլ 11,2006 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱՓՈՐՁ Այս անգամ թիրախը մահափորձի կազմակերպման մեջ կասկածվողն էր Ապրիլի 9-ին, 14:40-ի սահմաններում, Հրազդանի քաղաքային հիվանդանոցից Հրազդանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ կրծքավանդակի եւ աջ ոտքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 1966թ. ծնված Մանվել Պատվականի Բաղդասարյանը: Միաժամանակ նույն օրը, 14:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին կամավոր ներկայացել է Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ Մանվել Ռազմիկի Պետրոսյանը՝ ծն. 25.04.1968թ., եւ ներկայացրել իր մոտ եղած 1932թ. արտասահմանյան արտադրության գործարանային ատրճանակ՝ 1 փամփշտակալով, եւ մեկ փամփուշտ: Նա հայտնել էր, որ նույն օրը, ժ. 14:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ կիսակառույց շինության մեջ սպանելու նպատակով 7 անգամ կրակել է Մ. Բաղդասարյանի վրա: Ատրճանակն առգրավվել է եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն՝ դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննության: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ, քննությունը վարում է Կոտայքի մարզի դատախազությունը։ Նշենք, որ մահափորձի թիրախ դարձած Մանվել Բաղդասարյանը նույն ինքը «Կոճեն» է, ով կասկածվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» կազմակերպության հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանի դեմ կազմակերպված ու տապալված մահափորձի պատվիրատուն լինելու մեջ: Մ. Բաղդասարյանի կյանքին, որին, ի դեպ, Հրազդանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ պարոն Մուրադյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ներկա պահին Մ. Բաղդասարյանի վիճակը գնահատվում է որպես ծանր, բայց կայուն: Փոխարենը իրավապահներին կամավոր հանձնված, մեր տեղեկություններով՝ նախկինում դատված Մանվել Պետրոսյանը բացատրելով Մ. Բաղդասարյանին սպանելու շարժառիթները՝8217 ասել է, թե իմացել էր, որ իր հրամանատարի դեմ «Կոճեն» մահափորձ է կազմակերպել եւ որոշել էր վրեժխնդիր լինել: Ի դեպ, «Կոճեն» եւ Ս. Միքայելյանը, ըստ մեր տեղեկությունների, երբեւէ մտերիմներ-բարեկամներ են եղել: Որ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվողի նկատմամբ սանկցիաներ չկիրառելը կարող էր նման հետեւանքի հանգեցնել՝ մենք կանխատեսել էինք դեռ այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ Մ. Բաղդասարյան-«Կոճեին» ԱԱԾ-ն մի քանի անգամ կանչել էր հարցաքննության ու ազատ էր արձակել: Դեռ այն ժամանակ կասկածներ կային, որ դա արվում է, թերեւս, հատուկ նպատակով. ազատության մեջ թողնելով մահափորձի կազմակերպման մեջ կասկածվողին՝ նրա դեմ վրեժխնդրության գործողություններ հրահրել կամ ուղղակի «վենդետայի» բեմականացում խաղալ, որը թույլ կտար միանգամից երկու նապաստակ բռնել՝ հնարավոր վրեժխնդրությունը բարդել Ս. Միքայելյանի կամ նրա կողմնակիցների վրա ու չեզոքացնել պատգամավորին, նաեւ ֆիզիկապես ոչնչացնել «Կոճեին»: Բանն այն է, որ առաջին անգամ, երբ հրապարակեցինք Ս. Միքայելյանի դեմ մահափորձի մասին տեղեկությունը, պատգամավորին մոտ կանգնած մարդիկ համոզմունք էին հայտնում, որ այդ մահափորձը քաղաքական շարժառիթներ ունի, որ «Կոճեն» այն «մասշտաբային» հեղինակությունը չէ ու այն կշիռը չունի, որ համարձակվի պատվիրել Ս. Միքայելյանի սպանությունը: Վերջինիս զինակիցները հակված էին կարծելու, որ «Կոճեի» թիկունքում թաքնված են ավելի ազդեցիկ մարդիկ, ում ի հայտ գալը ձեռնտու չէ նույն իրավապահներին: Տակավին հայտնի չէ՝ այն, որ Մ. Բաղդասարյանը, բարեբախտաբար, չի սպանվել՝ այդպես ծրագրվա՞ծ, թե՞ պատահականություն է եղել: Բոլոր դեպքերում, հարկ է շեշտել, որ կատարվածի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է հենց իրավապահների վրա, ովքեր պարտավոր էին կանխատեսել դեպքերի նման զարգացման հնարավորությունը, եթե, իհարկե, իրենք չեն ծրագրել այս ամենը: Երեկ երեկոյան տեղեկություններ եղան նաեւ, որ այս գործով եւս 3 հոգի կասկածանքով բերման է ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել