Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀ՝

Ապրիլ 11,2006 00:00

ՃԱՆԱՊԱՐՀ՝ 65-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԳԱԱ բոլոր թերություններն օբյեկտիվ բնույթ ունեն Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է ԳԱԱ նախագահության անդամների հետ եւ հայտնել, որ ինքն ընդունել է Ֆադեյ Սարգսյանի հրաժարականը եւ որ վերջինս այսուհետեւ կաշխատի իբրեւ վարչապետի խորհրդական: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆ. Սարգսյանին՝ անձնվեր աշխատանքի համար եւ ասել, որ եթե նույնիսկ Ֆադեյ Տաճատիչի նախագահության 12 տարիներին եղել են թերացումներ ու մնացել չլուծված հարցեր, ապա դրանք ունեն միայն ու միայն օբյեկտիվ պատճառներ: Օրինակ, ի՞նչ օբյեկտիվ պատճառ կարող է ունենալ այն խնդիրը, թե ինչու վերջին 6 տարիներին թղթակից անդամների ընտրություն չի կազմակերպվել (ըստ ԳԱԱ կանոնադրության, նման ընտրություններ պետք է կազմակերպվեն ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ): ԳԱԱ նախագահության վերջին նիստում էլ այս հարցին ոչ ոք պատասխան չտվեց, եւ նախագահությանն ուղղված հայտնի մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության մեջ սա նշվում էր իբրեւ թերացում: Երեկվա հանդիպման ժամանակ վարչապետը նաեւ այս հարցին է անդրադարձել՝ հույս հայտնելով, որ ԳԱԱ նախագահի ընտրությունից հետո այս ընտրություններն էլ կկազմակերպվեն: Այսինքն, այսպիսով, հաստատվում է մեղադրանքների շարքում նշված փաստը, որ թղթակից անդամների ընտրություն 6 տարի շարունակ չի կազմակերպվել՝ Ֆ. Սարգսյանի քմահաճության պատճառով: Ինչ վերաբերում է մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությանը, ապա վարչապետը ծանոթ է դրան. «Ես կարդացել եմ եզրակացությունը, դրա հետ համաձայն եմ, որովհետեւ հանձնաժողով է աշխատել, նախագահության նիստ է եղել եւ նախագահությունն իր վերաբերմունքը ցույց է տվել, որի հետ նորից համաձայն եմ: Կան թերություններ, որ նշված էր հանձնաժողովի եզրակացությունների մեջ: Ակադեմիայի նոր նախագահն ու նախագահությունը կփորձեն այդ թերությունները վերացնել»: Ա. Մարգարյանը նաեւ լրագրողներին հայտնել է, որ Ֆ. Տաճատիչի հրաժարականը ամենեւին կապված չէ վերջին շրջանի իրադարձությունների, մասնավորապես՝ ԳԱԱ նախագահությանն ու նախագահին ուղղված չարաշահումների մասին լուրերի հետ: Պարզապես, ըստ վարչապետի, Ֆ. Տաճատիչը ճանապարհ է տալիս իրենից երիտասարդներին: Իսկ մեր երկրում երիտասարդ ասելով տվյալ դեպքում նկատի կարող ենք ունենալ լավագույն դեպքում 65 տարեկան մեկին, որովհետեւ ամենաերիտասարդ ակադեմիկոսը, որ կարող է հավակնել ԳԱԱ նախագահի պաշտոնին՝ հենց այդ տարիքին է: ԳԱԱ նախագահի ընտրությունը, ինչպես արդեն հայտնել ենք, տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում, հավանաբար՝ մայիսին: Այս պահին եղած թեկնածուներին (ԳԱԱ նախագահության անդամ-ակադեմիկոսներ Յուրի Սարգսյան, Ռադիկ Մարտիրոսյան, Էդուարդ Ղազարյան) ավելացել է եւս մեկը, այսպես ասած, դրսից, ով, ըստ որոշ լուրերի, Ֆ. Սարգսյանի նախընտրած թեկնածուն է՝ Երեւանի հաշվողական մեքենաների ինստիտուտի (Մերգելյանի ինստիտուտ) տնօրեն Ռոմիկ Աթոյանը, ում հետ երկար տարիներ այս ինստիտուտում աշխատել է Ֆ. Տաճատիչը: Վաղը տեղի կունենա ԳԱԱ հաշվետու ժողովը, որին ներկա չի լինի ակադեմիկոս Անրի Ներսիսյանը: Մեր տեղեկություններով, նա չափազանց վիրավորված է նախագահության վերջին նիստում կոլեգաների կողմից իր հասցեին հնչած անձնական վիրավորանքներից: Ա. Ներսիսյանն այս մասին խոսել չցանկացավ, միայն մեզ ասաց, որ հարկ եղած դեպքում կշարունակի այլ փաստերով հանդես գալ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ինչպես տեսաք, վարչապետի հետ հանդիպումը մենք ներկայացրինք ներկա վաղակատար ժամանակով: Պատճառն այն է, որ հանդիպման մասին մեզ, ինչպես նաեւ մի շարք այլ ոչ իշխանամետ թերթերի ԳԱԱ լրատվականը նախապես տեղյակ չէր պահել: Այդ մասին խոստովանեցին հենց լրատվական բաժնից՝ ասելով, որ տեղյակ են պահել հիմնականում գործակալություններին ու հեռուստաընկերություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել