Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կուրյոզներ

Ապրիլ 11,2006 00:00

Քննչական կուրյոզներ Մեղադրանք առաջադրվել է, բայց պարզ չէ, թե ում Այս քրեական գործի նյութերին ամեն անգամ ծանոթանալիս, մի նոր սկանդալի ես հանդիպում: Մերթ ԱՆ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում գաղտնալսում են փաստաբաններին՝ Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով նոր ապացույցներ ձեռք բերելու պատճառաբանությամբ, մերթ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում ոստիկանները դատական նիստից հետո փորձում են վկային փախցնել, մերթ զազրախոսելու համար ոստիկանները բաժին են տանում, ապա «սպանության գործ» սարքում քաղաքացիների վրա: Հերթական «միջադեպը» ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մուրադյանի որոշումներից մեկն է: Վլադիմիր Մկրտչյանին կանչել են գլխավոր դատախազություն եւ մեղադրանք առաջադրել: Պարզվել է, որ «Մաքոյանին հարվածներ հասցնելու եւ հայհոյանքներ տալու ժամանակ Հրաչ Սահակյանն ու մյուսները բռնել են Մաքոյանի ձեռքերը, որի ընթացքում Մկրտչյանը ապտակել է Մաքոյանին»: Սակայն այդ ամբողջ պատմությունից հետո քննիչն իր որոշման մեջ եզրակացնում է, որ որպես մեղադրյալ պետք է ներգրավել ոմն Գերասիմ Աղաջանյանի եւ ոչ թե Վ. Մկրտչյանին, որին վերաբերվում էր նախորդ տեքստը: Ահա փայլուն մակարդակով նախապատրաստվել է անցյալ տարվա օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում իրականացված սպանության գործի նախաքննությունը, որի դատաքննությունը սկսվել է մարտի 29-ին: Եվ սա դեռ վերջը չէ: Մելքոն Վարդանյանը, որը սկզբում փորձել է ներկայանալ դատարան որպես վկա, այնուհետեւ դիմել է փախուստի: Այդ քայլի գրավոր պատճառաբանությունը «Առավոտի» տրամադրության տակ է. «Հաղթահարելով ինձ հետապնդող միլիցիայի աշխատակիցներին, եկա դատարան, որպեսզի ցուցմունք տամ: Դատարանի շենքում գտնվող քրեականի տղաների ներկայությունից հասկացա, որ անվտանգ չեմ: Իմ գրավոր դիմումը թողեցի դատարանի գրասենյակում եւ հեռացա»: Այս վկան դատարանին տեղեկացրել էր, որ իր ցուցմունքները նախաքննության ժամանակ կորզվել են ծեծով եւ ահաբեկելով: Իրականում նա դեպքի վայրում չէր կարող տեսնել եղբայրներ Զավեն եւ Վոլոդյա Մկրտչյաններին եւ Հրաչ Սահակյանին (նրանք այժմ գտնվում են ԱՆ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում), որովհետեւ գտնվել է այլ վայրում. «Իմ խիղճը թույլ չի տալիս, որ իմ սուտ ցուցմունքով անմեղ մարդիկ դատվեն: Ես քննիչների մոտ գրել եմ քննիչի կողմից հորինված եւ անիրական պատմությունը»,- գրում է վկա Մելքոն Վարդանյանը: Եվ քանի որ այս դատարանում արդեն տեղի է ունեցել վկա փախցնելու փորձ, ուստի այս վկան հայտնում է, որ չի կարող ներկայանալ դատարան. «Աղաչում եմ, մտեք իմ դրության մեջ, չեմ կարող խաղալ անմեղ մարդկանց ճակատագրերի հետ»: Այս գործով վկա՝ 17-ամյա Աննա Մուրադյանի նամակը ԶԼՄ-ների ուշադրությանն արդեն արժանացել է. «Օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 6-ին ինձ, մայրիկիս, քույրիկիս տարան քաղմաս: Ոստիկանները պնդում էին, թե ես գիտեմ կատարվածի մասին: Ես մահացածին չեմ ճանաչել: Նրանք ստիպում էին ասել այն, ինչ իրենք էին ուզում: Դրանից հետո ինձ տարան դատախազություն, մոտ 10 օր թույլ չէին տալիս, որ դուրս գամ այնտեղից»: Վկան նամակ է ուղղում գլխավոր դատախազին. «Մեր ընտանիքը տեռորի մեջ է, մայրս աշխատում է, քույրս ուսանող է: Եթե իմանայի ինչ-որ բան կամ մեղավոր լինեի, ապա ցուցմունքս տալուց հետո կհեռանայի քաղաքից»: Մեկ այլ վկայի՝ Մարինե Հակոբյանին հարցաքննում է համայնքի դատախազ Ջ. Ֆարխոյանը: Վերջինիս վկան ասել է, որ սուտ ցուցմունք է տվել, եւ որ Մաքոյանի սպանության օրը ինքը գտնվել է հիվանդանոցում: Դատախազի հարցին, թե ինչից է վախեցել, Մ. Հակոբյանը պատասխանել էր. «Ես միշտ վախեցել եմ միլիցիայի շենքից: Չարբախի միլիցիայում ինձ ասացին, որ իրենք իրավունք ունեն ինձ ծեծելու եւ ամեն ինչ անելու»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել