Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում»

Ապրիլ 26,2006 00:00

«Մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում» Այս կարծիքին է ղարաբաղյան լսումներից վերադարձած Արմեն Ռուստամյանը Արցախի խորհրդարանում ավարտված լսումներին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը (ՀԴԿ), ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը: Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, լսումներն անցել են բավականին արդյունավետ, եւ դրանց ընթացքում արձանագրվել են մի քանի իրողություններ, որոնք խիստ կարեւոր են ղարաբաղյան հարցի կարգավորման ճանապարհին: Նախ, Արմեն Ռուստամյանը կարեւոր է համարում, որ հարցի կարգավորման ճանապարհին առավել ակտիվանում է խորհրդարանական բաղադրիչը. «Մենք մոտ մեկ տարի առաջ նման լսումներ անցկացրինք Հայաստանի ԱԺ-ում, եւ հիմա՝ ԼՂՀ Ազգային ժողովում: Սա շատ ճիշտ էր այն առումով, որ գործընթացը պետք է շարունակվեր հենց Լեռնային Ղարաբաղում, որպեսզի հայկական կողմի մոտեցումները համակարգվեին»: Կարգավորման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար կարեւորվում են մի շարք հարցերի պատասխանները, մասնավորապես սրանց՝ «Ի՞նչն է խանգարում հարցի կարգավորման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար, նաեւ՝ ինչպե՞ս բանակցային գործընթացը դարձնել առավել իրական: Այստեղ շատ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա հստակեցնել եւ մատնանշել հայկական կողմի իրավասությունները եւ պատասխանատվությունը, որպեսզի հայկական մասով կողմերից յուրաքանչյուրը իրականացնի իրեն վերապահված լիազորությունները եւ չփորձի իրականացնել քայլեր, որոնք մտնում են մյուս կողմի իրավասությունների մեջ: Խոսքս վերաբերում է ԼՂ-ին՝ որպես հակամարտության կողմ եւ Հայաստանին: Եվ լսումների ընթացքում արձանագրվեց, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության հիմնական կողմ, եւ որպես այդպիսին չի կարող չլինել բանակցային կողմ: Սա՝ մեկ կարեւոր հաստատում, եւ երկրորդը՝ Հայաստանը Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ կոնֆլիկտի մեջ ներքաշված կողմ է, ունի որոշակի մասնակցության իր մասը եւ հանդիսանում է ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորը: Ուստի՝ Հայաստանը կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը տարբեր ատյաններում, բայց երբեք ամբողջությամբ չի կարող փոխարինել Ղարաբաղին»: Արմեն Ռուստամյանն ասաց, որ լսումների ընթացքում հենց այսպիսի հաստատումներ հնչեցին Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորների կողմից: Կարեւորվել է նաեւ մեկ ուրիշ խնդիր. այն, որ այսօր իրավիճակը ոչ թե «ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն է», ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ իրականում իրավիճակը հենց պատերազմական է. «Պատերազմ է, պարզապես նոր բնույթի, որովհետեւ, երբ ասում են՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, նշանակում է, որ ակտիվ ռազմական գործողություններ չկան եւ այդքանով պատերազմ չէ: Բայց չմոռանանք, որ պատերազմը միայն ռազմական գործողությունները չեն: Ադրբեջանի պահվածքն այսօր ոչ այլ ինչ է, քան՝ պատերազմող երկրի պահվածք: Շրջափակումը, սահմանների խախտման դեպքերը, ռազմատենչ հայտարարությունները, նաեւ՝ տարածաշրջանային համագործակցության բոլոր հարաբերությունների տորպեդահարումը եւ այլն, ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմող երկրի պահվածք: Ուստի մենք պետք է շատ հստակ գիտակցենք, որ, այո, գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Եվ մեր մարտավարությունը պետք է բխի հենց սրանից»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել