ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի և Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր։
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի տեղեկացմամբ հեղինակներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել վեց օրենքներում և օրենսգրքերում։
Հեղինակներն ակնկալում են, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների ընդունմամբ կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առավել արդյունավետ և զոհակենտրոն դեպքերի քննությունը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի պաշտպանության նպատակով կիրառվող միջոցների անընդհատականությունը, ինչպես նաև կբացառվի ընտանեկան բռնության ավելի մեղմ դեպքերում քրեական հետապնդման չիրականացումը։
Կարդացեք նաև
Նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը նշել է, որ, մասնավորապես, օրենքից առաջարկվում է հանել այն դրույթները, որոնք ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելու տեսանկյունից կիրարկման ընթացքում ցույց են տվել իրենց անարդյունավետությունը։ Բացի այդ՝ առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքում ամրագրել հոդվածներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության դեպքերին։
Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են այն հարցերը, որոնք, ըստ իրենց, լուծման կարիք ունեն։
Ծովինար Վարդանյանը քննարկման մասնակիցներին հորդորել է ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հեղինակները կդիտարկեն։
ՀՀ Ազգային ժողով



















































