«Խնդիրն այստեղ ոչ այնքան բուն ընտրություններն են, որքան դրանց հետևանքները, և այն, թե ինչպես կարող ենք ապահովել, որ ներկայումս Հայաստանում արդար ընտրություններին հաջորդի ժողովրդավարական կյանքի այնպիսի ընթացք, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական չափանիշներին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Պիերո Ֆասսինոն։
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի երկրորդ մասում շարունակվեց ՀՀ-ում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը հաջորդած մտքերի փոխանակությունը։
Հայաստանի հարցով համազեկուցողը մտահոգություն հայտնեց, որ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանցից հետո Հայաստանում մի շարք գործողություններ են տեղի ունեցել՝ գործադիր իշխանության, իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև հաճախ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք, այսպես ասած, վկայում են բնականոն ժողովրդավարական կյանք վարելու որոշակի դժվարությունների մասին․ «Առկա է բևեռացվածության բարձր աստիճան։ Այժմ բևեռացվածությունը ժողովրդավարական գործընթացի բնական մասն է։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ այն անցնում է որոշակի սահմաններ և, այսպես ասած, վերաճելու վտանգ է ստեղծում այնպիսի մոտեցումների ու որոշումների, որոնք կարող են կասկածի տակ դնել ժողովրդավարական սկզբունքները»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին, նշեց․ «Այս ընտրությունները նշանակալի էին տարբեր առումներով՝ արտաքին միջամտության մասշտաբով և բնույթով, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ձայներ գնելու մասին պնդումներով։
Կարդացեք նաև

Debat: Renforcer les democraties avec les jeunes : de la participation a la responsabilite partagee – Presentation par: Mme Sona GHAZARYAN (Armenie, ADLE), Rapporteure AS/Cult
Եվրոպայի խորհուրդն ինքնին արձանագրել է, որ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը Հայաստանում ժողովրդավարական անվտանգության համար գնալով աճող մարտահրավեր են։ Այս խնդիրը նաև ունի կարևոր տնտեսական բաղադրիչներ։ Քաղաքական ճնշումն ուղեկցվել է տնտեսական ճնշմամբ, այդ թվում՝ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներով, որոնք նպատակ ունեին ազդելու ինքնիշխան պետության քաղաքական ընտրությունների վրա»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նկատեց․ «Հունիսի 7-ի հիմնական ուղերձը հստակ է։ Հայաստանի ապագան պետք է որոշեն նրա քաղաքացիները, ոչ թե արտաքին ճնշումը, ահաբեկումը կամ միջամտությունը։

Debat conjoint: Protection sanitaire et sociale des travailleuses et des travailleurs sans papiers ou en situation irreguliere. Presentation par : Mme Arusyak JULHAKYAN (Armenie, PPE/DC), Rapporteure pour avis AS/Mig
Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ժողովրդավարական ընտրությունը շարունակում է ավելի ուժեղ լինել, քան հարկադրանքը, և որ ազգային ինքնիշխանությունը լավագույնս պաշտպանվում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով»։
ԵԽԽՎ-ում ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցին հաջորդած քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































