Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) ազատ արձակեց կալանքից։ Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով բոլորին կալանքի ուղարկող դատավոր Մասիս Մելքոնյանը քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։
Նիստից հետո Ռուստամ Ստեփանյանը լրագրողների բոլոր հարցերին ի պատասխան լռելու նշան էր ցույց տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի դիտարկմանը, թե իրեն մեղադրում են սպանությունը կազմակերպելու մեջ, Ստեփանյանը հարցրեց՝ «Մեղադրո՞ւմ են», իսկ արդեն մեքենան նստելիս հավելեց. «Ինչքան ես եմ սպանության կազմակերպիչ, այնքան էլ դուք»։
Հիշեցնենք, որ «Չաղ Ռուստամը» կալանավորվել էր քրեական հեղինակություն «Ֆազիի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով։



















































