Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպկոռնն «ընդդեմ» Հայ Առաքելական եկեղեցու

Սեպտեմբեր 29,2026 10:00 Share

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ համերգի հեռարձակումը միանգամայն արդարացիորեն դարձավ հանրային պարսավանքի առարկա։ Բայց հազարավոր երիտասարդների կյանք արժեցած եւ Արցախի կորստի հանգեցրած պատերազմի վեցերորդ տարելիցի օրը համերգը միակ «զվարճալիքը» չէր, որ կազմակերպել էր Հանրային հեռուստաընկերությունը։

Այդ օրը հանրությանը կամ հեռուստադիտողին մատուցվեց նաեւ մի բանավեճ՝ եկեղեցու թեմայով։ Բանավեճն ինքնին քաղաքական շոու ժանր է, անգամ ամենածանրակշիռ մասնակիցների պարագայում։ Իսկ, երբ մասնակիցները կամ դրանց առնվազն մի մասը, մեղմ ասած, հեռու է այդպիսին դիտվելուց, ապա բանավեճն ընդհանրապես վերածվում է «պոպկոռնով» դիտվելու ենթակայի։ Գուցե ավելորդ է ասել, որ հենց այդպիսին էր պատերազմի տարելիցի օրը եկեղեցու թեմայով հեռարձակվող բանավեճը։ Եկեղեցու թեման ըստ էության վերածվեց եթերային «բալագանի», ինչպես իհարկե առհասարակ վերածվում են հայաստանյան եթերում բանավեճի դրվող բոլոր թեմաները։ Այդպիսին է «մշակույթը», ինչ կարող ես անել։

Բայց կան բաներ, որ կարելի է չանել։ Օրինակ, քաղաքական ընդդիմությունը կարող է չարդարացնել եկեղեցու թեման քաղաքական շոուի վերածելու՝ կառավարող ուժի հաշվարկը։ Եվ ամենեւին ոչ միայն այն պատճառով, որ այդ շոուն կազմակերպվել է պատերազմի տարելիցի օրը հեռարձակելու հաշվարկով։ Հարցն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու թեման առհասարակ պետք է զերծ պահել «շոումենային» հաշվարկներից։ Իհարկե, կան մարդիկ, որոնք փորձում են օգտագործել ՀԱԵ–ն պաշտպանելու, հետեւաբար ազգային, մշակութային ինքնությունը պաշտպանելու ցանկացած առիթ։ Բայց ամենաանկեղծ մղումով էլ հնարավոր է հայտնվել ծուղակում։

Այդօրինակ շոուները ոչ թե օգնում են հասցնել հանրության խնդիրների բուն էությունն ու մարտահրավերների ուժգնությունը, այլ ավելի շատ հանգեցնում են դրանցից հանրային մի զգալի հատվածի օտարման։ Իսկ եկեղեցու թեմայի՝ «պոպկոռնով հետեւորդների» քանակի ավելացումը տեղավորվում է այն հաշվարկների շրջանակում, որոնցով Մայր Աթոռի դեմ արշավին ձեռնամուխ է եղել Նիկոլ Փաշինյանը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել