Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒՀՈՒՆ 6000 ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻՆ

Հուլիս 04,2006 00:00

Սեռական
շահագործման ենթարկելու նպատակով Երեկ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի
վարույթ ընդունվեց վանաձորցի Գոհարինե Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Միջնակարգ կրթությամբ, երբեւէ ոչ մի օր այս հողուջրի համար չաշխատած, ամուսնացած,
Բուլղարական առաջին ավանի 12 տնակում բնակվող Գրիգորյանը մեղադվում է Քրեական օրենսգրքի
ծանրագույն հոդվածներից մեկով. 132-ի 2-րդ մասի 1-ին կետով (սեռական շահագործմամբ
շահ ստանալու նպատակով): Նա առաջարկել է իր հարեւանուհուն՝ Նաիրա Մովսիսյանին մեկնել
Թուրքիա՝ որոշակի գումարով ծեր կամ երեխա խնամելու: Ն. Մովսիսյանը գտնվելով ծանր
նյութական վիճակում, հավատացել է հարեւանուհուն, որը նրան նաեւ ասել էր, թե քույրը
Թուրքիայում «խոշոր բիզնեսով» է զբաղվում: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության քննչական
վարչության, 2005թ. հունիսի 25-ին տուրիստական ավտոբուսով Ն. Մովսիսյանը մեկնել է
նախ Վրաստան, ապա՝ Ստամբուլ: Ի դեպ, մինչեւ Վրաստան նրա հետ էր Սոֆյա Դավրեշյանը:
Տուժող Ն. Մովսիսյանը պատմել է, որ Ստամբուլից Քեմեռ քաղաք է նրան դիմավորել եւ տարել
մեղադրյալի քույրը՝ «բիզնես-wօman»-ը՝ Գայանեն: Վերջինս «նկարագրել» էր իր բիզնեսի
բուն իմաստը՝ պահանջում էր Մովսիսյանին զբաղվել պոռնկությամբ: «Հնազանդեցնելու համար
Գայանեն ինձ դաժան ծեծի է ենթարկել եւ մի քանի օր սոված պահել տան նկուղում, այնուհետեւ
թույլ է տվել, որ մի թուրք բռնի սեռական հարաբերություն ունենա ինձ հետ»,- նախաքննությունն
իրականացնող մարմնին հայտնել էր տուժողը: Բռնաբարված կնոջը «հայուհին» 6000 դոլարով
վաճառել էր թուրք Մեսուդին: Թուրքը առաջարկել էր Նաիրային հավատափոխ լինել,
ընդունել մուսուլմանական կրոնը, Հայաստանի քաղաքացիության հաշվառումից դուրս գալ:
Նա ժամանակ էր տվել Նաիրային գնալ Հայաստան՝ վերոնշյալ փաստաթղթային ձեւակերպումների
համար: Վերադառնալով Հայաստան, նա հայտարարություն էր տվել Լոռու մարզի ոստիկանությունում:
Սակայն գործը ընթացք չի ստացել, մինչ դատախազության վարույթ ընդունելը: Տուժողը,
մեր տեղեկություններով, ամենախիստ պատիժն է պահանջում: Մեղադրյալը կալանավորված է
եւ իրեն մեղավոր էր ճանաչել «լիովին»: Նա հայտնել էր, թե քույրը ավելի քան 7 տարի
է, ինչ ամուսնացել եւ բնակվում է Թուրքիայում: Մեղադրյալը իմացել է քրոջ գործունեության
մասին եւ հավաքագրել է նյութական ծանր վիճակում գտնվողներին: Նա նաեւ խոստովանել
էր, որ անձնական շահագրգռությունից ելնելով՝ համագործակցել է քրոջ հետ: Այս
գործով վկա է անցնելու Սոֆյա Դավրեշյանը: Նրա խնդիրը եղել է՝ ուղեկցել Վրաստան: «Քանի
որ իր երեխաներն այդ ժամանակ Վրաստանում գտնվող քրոջ տանն էին, համաձայնել է Նաիրային
ուղեկցել», ասել է վկան, որը անմիջապես վերադարձել է: Առաջինը, որին տուժողը զանգել
է եւ ճշմարտությունը պատմել է, եղել է այս վկան: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել