Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ՉԻ»-ԻՆ

Հուլիս 21,2006 00:00

Երեկ
առավոտյան փորձ է արվել հրդեհել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը Միայն
վերջին մեկ ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները
հայաստանյան մի շարք լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների, թերթերի
խմբագիրների ստիպել էին հայտարարությամբ հանդես գալ՝ իրենց մտահոգությունը հայտնելով
տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ միաժամանակ պահանջելով, որ լրագրողների նկատմամբ
ոտնձգություն կատարած անձինք հայտնաբերվեն ու պատժվեն: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում
էր «Հետք» հետաքննող լրագրողների ղեկավար Էդիկ Բաղդասարյանին եւ «Չորրորդ իշխանություն»
թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին: Սրան զուգահեռ, սակայն, երեկ տեղի է ունեցել
ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ եւս մեկ ոտնձգություն: Այսպես, երեկ առավոտյան,
մոտավորապես ժամը 8-ին, երբ Սախարովի անվան հրապարակի վրա ու հրշեջ ծառայության հարեւանությամբ
գտնվող «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրի վարորդը եկել էր խմբագրություն, հրշեջները
նրան հայտնել էին, թե խմբագրության սենյակներից մեկից ծուխ է ելնում: Վարորդն ու
հրշեջներից մի քանիսը արագ մարել էին ծուխը, բայց մինչ այդ արդեն սենյակի պատուհաններն
ու շրջանակները հասցրել էին կրակից սեւանալ, իսկ ապակիները բարձր ջերմությունից՝
ջարդվել: Խմբագրությունը, բարեբախտաբար, զգալի կորուստներ չէր կրել՝ բացառությամբ
ջարդված ու մոխրացած պատուհանների ու պատուհանի գոգին դրված հալված ծաղկամանի: Թե
ովքեր են փորձել հրդեհել խմբագրությունը, իսկ կրակը չմարվելու դեպքում հետեւանքներն
ավելի լուրջ կարող էին լինել՝ հայտնի չէ: Դատելով հրդեհի հետեւանքներից՝ պետք էր
ենթադրել, որ հանցագործները շատ արագ ու հապշտապ էին գործել՝ երեւի վառվող նյութ
լցնելով պատուհանների վրա ու կրակի տալով: Արդյոք ԶԼՄ-ների նկատմամբ այսպիսի
«ուշադրությունը» կապված է միայն երկրում նախընտրական շրջանի՞ հետ, ինչպես մինչ այդ
տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հայտարարել էին լրագրողական կազմակերպություններն
ու մի շարք թերթերի խմբագիրներն իրենց հայտարարության մեջ, թե՞ կան նաեւ այլ պատճառներ:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը
կարծիք հայտնեց, թե նախընտրական շրջանին զուգահեռ Հայաստանում ընթանում են նաեւ ներքաղաքական,
ներիշխանական խմորումներ, որոնք հասարակությանն ի ցույց դնելու տեսանկյունից մամուլն
ավելի վտանգավոր է դառնում այդ խմորումների մեջ ներքաշված ուժերի ու գործիչների համար:
Շ. Մաթեւոսյանի ասելով, ի տարբերություն 2001 թվականի, երբ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը,
ԶԼՄ-ների դերը հասարակական կարծիքի ձեւավորման իմաստով այնքան էլ մեծ գործոն չէր
համարվում, իսկ հիմա՝ «Ա1+»-ի եթերազրկումից, խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ
«դրսի» հայտարարություններից ու ճնշումներից հետո, լրատվամիջոցներն իսկապես գործոն
են դարձել: Իսկ իշխանություններն, ըստ թերթի խմբագրի, հիմա ստիպված են ոչ թե բռի
կերպով ու օրենքներ վկայակոչելով պայքարել իրենց վերահսկողությունից դուրս գործող
լրատվամիջոցների դեմ, այլ՝ նրանց շուրջ որոշակի հասարակական կարծիք ձեւավորելով:
Պայքարի այդ ձեւը, Շ. Մաթեւոսյանի ասելով, նոր երեւույթ է: Օրինակ, հենց «Չորրորդ
իշխանություն» թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ Նուբարաշեն համայնքի, իբր, բնակիչների
կողմից օրերս կազմակերպված բողոքի ցույցը: Իհարկե, երեկ Շ. Մաթեւոսյանն իր
գլխավորած խմբագրության հետ կատարվածից ամենեւին ազդված մարդու կեցվածք չուներ: Նրան
միայն զարմացրել էր այն, որ մամուլի դեմ, ի տարբերություն նախկինում պետական մեքենայի
կիրառմամբ ու օրենքներ վկայակոչելու, հիմա պայքարում են մանր խուլիգանական մեթոդներով՝
հույս ունենալով, թե այդ մեթոդով իրենց կհաջողվի մամուլի դեմ կռիվ տալ: Ընդ որում,
դա արվում է այն մարդկանց միջոցով, ովքեր իրենց «թաղերում» սովոր են խուլիգանական
մեթոդներով հարցեր լուծել ու նույն ձեւերով հիմա փորձում են «սարսափի» մատնել նաեւ
մամուլի ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է թերթի խմբագրությունը հրդեհելու
փորձի հնարավոր շարժառիթներին, ապա տիկին Մաթեւոսյանը դա ուղղակիորեն կապեց իրենց
թերթում Նուբարաշենի թաղապետի հետ առնչվող վերջին հրապարակումների հետ: Շ.
Մաթեւոսյանը հումորով մոտեցավ այսպիսի երեւույթների դեմ պայքարելուն վերաբերող մեր
հարցադրմանը: Նա կարծիք հայտնեց, թե նման մանր խուլիգանությունների դեմ պայքարի ձեւերը
նույնն են, ինչ ճանճերի ու խավարասերների դեմ պայքարելիս սովորաբար օգտագործվում
են: Իսկ ավելի լուրջ՝ նա հայտարարեց, որ այսօր մամուլի ու լրագրողների դեմ տեղի ունեցող
իշխանությունների ոտնձգությունները ու նման հանցագործությունները կանխարգելելուն
ու բացահայտելուն ուղղված պատկան մարմինների անգործության կամ խրախուսման հետեւանքն
են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել