Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 16,2007 00:00

Աշխարհը նորից երկբեւեռ է դառնում

«Մեծ խաղի» տեղական դրսեւորումները

Համաշխարհային հակամարտություններն առաջանում են այն ժամանակ, երբ առկա է համաշխարհային մասշտաբի մրցակցություն: ԶԼՄ-ների մեկնաբանությունները կեղծ գաղափար են ներշնչում, թե տարածաշրջանային հակամարտությունները մասնավոր անոմալիաներ են, որոնք կախված չեն գլոբալ համատեքստից եւ բխում են տեղական բնակչության գավառական անքաղաքավարությունից: Իրականում աշխարհաքաղաքականությունը պետք է նմանեցնել տեկտոնիկ պլատֆորմների շարժմանը: Խոշորագույն զանգվածները սահում եւ բախվում են իրար: Որոշ կետերում հարվածներն այնքան ուժեղ են, որ ծնում են երկրաշարժեր: Սակայն ինքնին երկրաշարժի փաստն ինքնաբուխ չէ. նրա մեջ իրենց արտահայտությունն են գտնում անտեսանելի ստորերկրյա մասշտաբային պրոցեսները:

Հակամարտությունների մեծամասնությունը հիմնված է ոչ թե գաղափարախոսական, այլ ազգային հակասությունների վրա, որ դրանցում որոշիչ գործոնը հատկապես աշխարհաքաղաքականությունն է: «Սառը պատերազմից» հետո աշխարհը ցնցվում է տարբեր ժողովուրդների ազգային ու մշակութային ինքնահաստատման հողի վրա ծագած տարածաշրջանային հակամարտություններից, որոնք ներգրավվում են խոշոր գերտերությունների միջեւ համաշխարհային մասշտաբի հակասությունների միջեւ: Այդ պայքարն ակնառու է դառնում տերությունների կողմից (Ռուսաստան, Չինաստան եւ մուսուլմանական աշխարհի բազմաթիվ պետություններ) ամերիկյան թելադրանքի մերժումով: Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում ամերիկյան իմպերիալիզմի եւ նրա համախոհ Իսրայելի ռազմավարությունը բերեց անհնար թվացող մի դաշինքի առաջացման՝ Դամասկոսի, Բաղդադի եւ Թեհրանի մերձեցման՝ չնայած այդ պետությունների միջեւ գոյություն ունեն բազմաթիվ լրջագուն հակասություններ:

Արեւելյան Եվրոպայում, ուր առաջ է շարժվում ՆԱՏՕ-ն, Միջին Ասիայում, Կովկասում, Ուկրաինայում ազդեցության ոլորտների խոշոր պայքարում Վաշինգթոնն իր սատելիտների՝ Գերմանիայի, Թուրքիայի, Պակիստանի հետ ձգտում է խարխլել ռուսական ազդեցությունը: Անդրկովկասում, Տաջիկստանում եւ Աֆղանստանում ընթացող հակամարտությունները նոր Ռուսաստանի ու ամերիկյան կայսրության միջեւ ծավալված Մեծ խաղի տարրերն են: Ուզբեկստանը տերմինալի տարատեսակ է՝ Միջին Ասիայի հենց սրտում, ուր ԱՄՆ-ի համար վերջանում է Հնդկական օվկիանոսից դեպի մայրցամաքի խորք տանող ուղին: Ընդ որում, Թուրքմենստանն ավելի է հեռանում Մոսկվայից, հատկապես 2006թ. դեկտեմբերի 21-ին երկրի ղեկավարի մահից հետո, դեպի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կողմը:

Եվրոպայում Սերբիան ավելի է մտերմանում Ռուսաստանի, Հունաստանի, Ռումինիայի եւ Կիպրոսի հետ՝ ստեղծելով ուղղափառ միության ուրվագիծ, որը հակադրված էր այդ շրջանում ԱՄՆ-ի եւ Գերմանիայի առայժմ ձեւավորման փուլում գտնվող ալյանսին: Այդ ատլանտյան ալյանսն իր մեջ ընդգրկում է նաեւ թուրքական թեւը՝ ներառելով Բոսնիան: Կոսովյան հակամարտությունը, ԿՀՎ-ի ակնառու աջակցությամբ, ուռճացվում է ալբանացիների կողմից, Մեծ խաղի այլ արտահայտման ձեւն է:

Ռուս-ուկրաինական հարաբերություններում եւ Իրաքի հարցում Մոսկվայի նախաձեռնությունը վկայում է, որ Ռուսաստանը աստիճանաբար վերագտնում է իրեն: Մեկ ուրիշ գերտերություն՝ Չինաստանը, ավելի քիչ է պատրաստվում ընդունել ամերիկյան իմպերիալիզմի խաղի կանոնները: Ավարտվել է ռուս-չինական հակամարտության դարաշրջանը, որը երկբեւեռության շրջանում բացատրվում էր սոցիալիստական ճամբարում գաղափարախոսական առաջնորդության ձգտումով: Մոսկվա-Պեկին առանցքն այսուհետ ընդդիմադիր է Վաշինգթոն-Տոկիո առանցքին: Նոր Չինաստանը ձգտում է Ասիայում այն նույն դիրքերը ձեռք բերել, որոնք նա զբաղեցնում էր մինչ XIX դարում եվրոպացիների մուտքը:

Համաշխարհային մասշտաբի Մեծ խաղն աստիճանաբար սրում է ամերիկամետ «լիբերալ ժողովրդավարության ակումբի» եւ «անիծվածների ակումբի»՝ Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, որն ակտիվ համագործակցում է Թեհրանի հետ հրթիռագործության մեջ, Կուբայի եւ այդ նույն Իրաքի միջեւ ընդդիմակայությունը… Այնպես որ, Ռուսաստանը հնարավորություն ունի կողմնորոշվելու:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել