Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում կան քաղաքացիներ, որոնք ստացել են սեփականության վկայականներ․ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ իրավունքով, ի՞նչ հիմնավորմամբ է հայտարարում, որ սա ՀՀ տարածք չէ»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 01,2024 21:01

«Ուզում եմ, որ իմ օրինակը տարածվի և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ սա ոչ թե Կիրանցի, Բաղանիսի, Բերքաբերի, Ոսկեպարի և մյուս տավուշցիների խնդիրն է, այլ համայն հայության, քանի որ Տավուշի մարզի բնակիչներն այսօր պայքարում են ՀՀ տարածքային ամբողջականության համար։ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանությունը սկսվում է Տավուշից»,- Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա եկել էր միանալու շարժմանը, որն օրեր շարունակ ՀՀ Տավուշի և այլ մարզերի քաղաքացիներ իրականացնում են ընդդեմ Տավուշում նախաձեռնված սահմանազատման և սահմանագծման գործընթացի։

Թագուհի Թովմասյանը փաստեց, որ Տավուշում կան քաղաքացիներ, որոնք տարիներ առաջ ստացել են սեփականության իրավունքի վկայականներ․ «Այդ վկայականները վկայում են այն մասին, որ իրենց տունը գտնվում է ՀՀ տարածքում, և Կադաստրի կոմիտեն տվել է սեփականության վկայական։ Հիմա Նիկոլ Փաշինյանն, անհասկանալի է, ի՞նչ իրավունքով, ի՞նչ հիմնավորմամբ, ո՞ր փաստաթղթին հղումով, միջազգային ո՞ր նորմի, կոնվենցիային հղումով կամ Ալմաթայի հռչակագրի մեջբերումով, որտեղ որևէ հստակեցում չկա սահմանների մասին, հայտարարում է, որ սա ՀՀ տարածք չէ։ Սա մեծ մոլորություն է։ Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իրականացնում է սահմանազատում, այլ սա պարզ կապիտուլյացիա է, որովհետև սահմանազատում նշանակում է փոխհամաձայնեցված մթնոլորտում սահմանների ճշգրտում և գծում պրոֆեսիոնալների կողմից, բայց տվյալ դեպքում միակողմանի զիջման հետ գործ ունենք։ Ուղղակի մենք դուրս ենք գալու Տավուշից, բայց թե ինչ ենք ստանալու դիմացը, որևէ բան հայտնի չէ»։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ամենավտանգավորն այն է, որ ՀՀ վարչապետը ահաբեկում է սեփական քաղաքացիներին՝ անընդհատ իրենց ապրելու իրավունքը վտանգի ենթարկելով․ «Պետության առաջնորդի ուղիղ և պոզիտիվ պարտականությունն է պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։ Եթե այս երկու կարևորագույն գործառույթները պետության ղեկավարը չի իրականացնում, նա պիտի գնա։ Չի ստացվում իր մոտ կառավարումը։ Եթե այլընտրանք չունի, ուրեմն նա կառավարումը ձախողել է։ Միշտ կա այլընտրանք, և բանակցությունները՝ որպես դիվանագիտական ամենակարևոր զենք չեն կիրառվում։ Սա նշանակում է՝ ի՞նչ բանակցություններ․ Ալիևն ինչ ուզում է, տալիս ես։ Դե սահմանազատումը սկսեք Վարդենիսից՝ իմ հայրենիքից։ Երբ ադրբեջանցիները 2021-ին եկան ու օկուպացրին մեր տարածքները, դե թող դուրս գան, ինչո՞ւ դա չեն բանակցում։ Եթե Տավուշից դուրս ենք գալիս, ուրեմն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի վերադառնա։ Դա ինչո՞ւ չկա մեր բանակցային խոսույթում՝ մեր բանակցությունների առանցքում։

Մենք լուրջ խնդիր ունենք։ Նիկոլ Փաշինյանը վարում է ադրբեջանահպատակ քաղաքականություն, ինչը ամենավտանգավորն է։ Եվ այն բոլոր քրեական մեղադրանքները, որոնք նրա հասցեին հնչում են, պետք է վայրկյան, օր առաջ ունենան իրավական ձևակերպումներ, և գլխավոր դատախազը պետք է պատասխան տա՝ Նիկոլ Փաշինյանի արարքները ՀՀ Սահմանադրության  և քրեական օրենսգրքի հայտնի՝ դավաճանության հոդվածի ո՞ր կետում է տեղավորվում, և նա պետք է ստանա իր պատիժը»։

Թագուհի Թովմասյանը ցավով նշեց՝ Տավուշում մարդիկ շվարած նայում են, չգիտեն՝ ի՞նչ անեն, ապրե՞ն իրենց հայրենիքում, իրենց ապագան կառուցե՞ն իրենց հայրենիքում․ «Բա ասում էին՝ ապագա կա, ապագան սա՞ է, որ պետք է հանձնեք մեր երկիրն ու հայրենիքը։ Հիմա էլ ասում են՝ հոգևորականները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն։ Բա որ ոչ մեկ չի զբաղվում, հոգևորականությունն է եկել, փողոցում կանգնել։ Եթե քաղաքական դաշտը, քաղաքական գործիչները, քաղաքացիները գային, իրենց քաղաքական լիդերների հետ կանգնեին այստեղ, անհրաժեշտություն չէր առաջանա, որ Բագրատ Սրբազանն ամենադժվար ու պատասխանատու աշխատանքն իր ուսերին վերցներ։ Երբ տեսնում են, որ ոչինչ չի ստացվում, եկեղեցին սկսում է զբաղվել հայրենիքի փրկությամբ, որովհետև այդ հայրենազրկման արդյունքում վաղն ինքը չի ունենալու աղոթատեղիներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031