Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՔՍԱԿ-ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻ ԽՄԲԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 26,2007 00:00

\"\"

ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի ուղիղ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

 – Պարոն Ներսիսյանց, խնդրեմ հակիրճ ներկայացրեք, թե ինչում է կայանում իշխանության տնտեսական կառավարման գաղափարախոսությունը եւ դրան աջակցող ֆիսկալ ռազմավարությունը:

 – Մենք ընդհանուր առմամբ ընդունում ենք ազատական տնտեսական գաղափարախոսությունը, սակայն ակնհայտորեն խուսափում ենք գաղափարախոսական ծայրահեղություններից: Երկրի տնտեսական կառավարման նկատմամբ ունենք էմպիրիկ մոտեցում եւ սերտորեն առաջնորդվում ենք աշխարհի հաջողած փորձերով: Փորձը ցույց է տվել, որ տնտեսական զարգացումը պահանջում է աճ, իսկ աճը պահանջում է կայունություն: Փորձը ցույց է տվել նաեւ, որ չնայած կայունությունն անհրաժեշտ է աճի համար, սակայն այն բավարար չէ: Վերջիվերջո մասնավոր ու պետական ներդրումներն են ստեղծում աճ, իսկ աղքատության նվազեցման նվաճման լավագույն տարբերակը աճի միջոցով է` մարդկային ռեսուրսների մեջ ներդրումներ անելով, ինչպես նաեւ խրախուսելով ազատ եւ մրցունակ գործարար մթնոլորտը` ներդրումներ իրականացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար: Հարկաբյուջետային քաղաքականությունը, հետեւաբար պետք է ունենա երկարաժամկետ աճի ռազմավարություն` առանց խանգարելու մակրոտնտեսական կայունությանը: Սա պահանջում է պետական ծախսերի արդյունավետություն, եւ պետական եկամուտների կտրուկ հավելում հարկային վարչարարության բարեփոխումների միջոցով եւ արտաքին օժանդակությունների արդյունավետ օգտագործում: Համառոտ, սա է մեր տնտեսական կառավարման եւ հարկաբյուջետային քաղաքականության ռազմավարությունը:

 – Հակիրճ, ո՞րոնք են մինչ այժմ ընդհանուր նվաճումները:

 – Արդյունքներն ակնհայտ են: Տնտեսությունը կայունացվել է, քանզի 1998թ.-ից` Նախագահ Քոչարյանի ընտրությունից սկսած, սղաճի տարեկան չափը տատանվել է ցածր միանիշ թվերի շուրջ, եւ ազգային արժույթը՝ դրամը, արդեն քանի տարի է, որ տարածաշրջանում ամենակայուն եւ ամենաուժեղ արժույթն է: 1998թ.-ից մինչեւ 2000թ. տնտեսությունը աճել է տարեկան մոտ 5.5%-ով; 2001թ.-ից ի վեր՝ միջին տարեկան 12%-ով, 2005թ. տնտեսական աճի տեմպը կազմել է 14% եւ 2006թ.-ին` 13.4%: Մենք 2007թ. համար եւս ակնկալում ենք աճի տեմպի երկնիշ ցուցանիշ: Եվ ամենագլխավորը` աղքատությունը 1998թ. 56%-ից նվազել է մինչեւ շուրջ 25% եւ շարունակում է նվազման արագ ընթացքը: Այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ ունենք աճի արդյունքների բաշխման մեջ եւ, այսպիսով, եկամտային սուր անհավասարությունները եւ սոցիալական խորը բեւեռացումը դեռ անընդունելի մակարդակներում են:

 – Ի՞նչպես եք Դուք գնահատում կառավարության գործունեությունը պետական ծախսերում:

 – Վերջին մի քանի տարիների ընթացքում, տեսնում ենք պետական ծախսերի արդյունավետության հավելում` պետական կենցաղային հիմնարկների եւ կիսապետական ձեռնարկությունների մասնավորեցման շնորհիվ եւ ընդհանուր անմիտ դոտացիաների զգալի նվազեցում եւ նպաստների հասցեագրում: Այսօր տնտեսության 80%-ից ավելին մասնավոր է թե՛ աշխատուժի եւ թե՛ ՀՆԱ-ի կտրվածքով եւ շարունակում է աճել: Մնացած պետական հատվածը, գլխավորապես ֆիզիկական եւ սոցիալական ենթակառուցվածքները, բարձր առաջնահերթություններ են եւ արագորեն զարգանում են Համաշխարհային Բանկի Միջազգային Զարգացման ործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով, որտեղ Հայաստանի գործունեությունը թե՛ բարեփոխումների առաջընթացի, եւ թե՛ ծրագրերի իրականացման կտրվածքով գնահատված եւ դասակարգված է առաջին տեղում Միջազգային Զարգացման ործակալության անդամ բոլոր երկրների միջեւ: Մեզ տեղեկացրել են, որ Միջազգային Զարգացման ործակալության այս գնահատականը մի շարք գործոնների համախմբությունն է, ներառյալ ինստիտուցիոնալ զարգացումը, տնտեսական կառավարումը եւ սոցիալական զարգացումը: Եվ կառավարության ծախսերի ծրագիրը հենց աղքատության նվազեցման ռազմավարությունն է, ընդունված բոլոր դոնորների կողմից, հիմնավորված միջնաժամկետ ծախսերի շրջանակներում, եւ իհարկե տարեկան բյուջեն` քննարկված եւ հավանության արժանացած Ազգային Ժողովի կողմից: Առաջ նայելով, կառավարությունը ուժեղացնում է պետական ծախսերի ղեկավարումը, սոցիալական ապահովության ցանցը, եւ ավելացնում պետական ներդրումները` մասնավոր հատվածի աճը խթանելու նպատակով: Այս տարվանից սկսած մեծ հավելում ենք ակնկալում մեր գյուղատնտեսական ենթակառուցվածքների ֆինանսավորման համար Հազարամյակի Մարտահրավեր ծրագրի միջոցով` Միացյալ Նահանգների օժանդակությամբ:

 – Իսկ ի՞նչ կասեք ռեսուրսների մոբիլիզացման գործունեության մասին:

 – Ինչ վերաբերում է պետական եկամուտների հզորացման միջոցներին, հատկապես հարկերին, պատկերը այնքան էլ հաջող չէ: Տարեկան հարկային հավաքագրումները կազմել են ՀՆԱ-ի շուրջ 14.5%-ը (կամ ՀՆԱ-ի շուրջ 17.5%` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարումները), հիմնականում հարկերից ազատվելու եւ խուսափելու հետեւանքով: Այսպիսով, ենթադրվում է, որ Հայաստանում հարկային բացը (օրենքով սահմանված եւ փաստացի հավաքագրումների տարբերությունը), թեեւ պաշտոնապես հաշվարկված եւ տպագրված չէ, էականորեն շատ ավելի բարձր է ընդունված միջազգային չափանիշներից: Հարկերի հավաքագրման այս ցուցանիշը բավարար չէ ֆինանսավորելու որեւէ երկրի պետական վարչական ծախսերը, պաշտպանության եւ ենթակառուցվածքների հարկադրանքները, ինչպես նաեւ առաջնային սոցիալական կարիքները: Հետեւաբար, մենք չափից դուրս հիմնվում ենք արտաքին օգնությունների վրա, որը կենսունակ ընտրություն չէ ապագայի համար: Այդ իսկ պատճառով ավելի վաղ ասել էի, որ մենք լուրջ խնդիրներ ունենք մեր բարձր աճի արդյունքների բաշխման մեջ: Խնդիրն այստեղ, ոչ թե հարկադրույքների բարձրացումն է, կամ նոր հարկատեսակների ներմուծումը, այլ հարկային հավաքագրումների կտրուկ բարելավումը: Փաստորեն, բարելավված հարկային եւ մաքսային վարչարարության եւ հարկերի հավաքագրումների բավարար աճի դեպքում, նույնիսկ հնարավոր կլինի աստիճանաբար կրճատել հարկադրույքները: Այլապես, կամայական եւ թերի հարկային քաղաքականության իրականացումը ստեղծում է անհավասար եւ անարդար մրցակցության դաշտ եւ շեղում է տնտեսությունը ազատական պայմաններից դեպի կոռումպացված օլիգոպոլիա: Անշուշտ Դուք տեղյակ եք, որ այս խնդիրը իմ պաշտոնավարության ընթացքում բազմիցս ներկայացրել եմ թե՛ պետական մարմինների եւ թե՛ հանրության ուշադրությանը:

 Առեւտրային բանկերի կողմից մասնավոր հատվածի խնայողությունների մոբիլիզացումը նույնպես եղել է անբավարար, քանի որ բանկային ավանդները կազմում են ՀՆԱ-ի միայն 10.7%-ը, իսկ մասնավոր հատվածին ուղղված բանկային վարկերը կազմում են ՀՆԱ-ի միայն 8.2%: Կան զանազան պատճառներ, ներառյալ ավանդատուների կողմից վստահության բացակայությունը եւ վարկունակ ձեռնարկությունների պահանջարկի անբավարարությունը, քանզի հաջողած ձեռնարկությունները իրենց շրջանառու կապիտալի եւ ներդրումային կապիտալի կարիքները հաճախ ֆինանսավորում են ներքին կանխիկ միջոցներով, որ կուտակվում են հարկերի խուսափումից: Տնտեսությունը դոլարիզացվել է, գործարքներում հիմնվելով կանխիկ արտարժույթի վրա: Ավելին, կապիտալի շուկաները դեռեւս չեն զարգացել հիմնականում փակ ընտանեկան եւ ստվերային կառավարման պատճառներով, որոնց հնարավոր ներդրողները չեն վստահում: Կապիտալի եւ արժեթղթերի շուկայում գրանցված են միայն 197 ընկերություններ, որոնց կապիտալիզացիան կազմում է ՀՆԱ-ի միայն 0.85%:

 – Այսպիսով ի՞նչ է արվել բարելավելու եկամտային դաշտը:

– Նախաձեռնվել է որոշ միջոցառումներ վարչարարությունը բարելավելու նպատակով` զգալի ուժեղացնելու ռեսուրսների մոբիլիզացիան պետական եւ մասնավոր ոլորտներում: Պետական ռեսուրսների մոբիլիզացման եւ տեղաբաշխման համար ռազմավարությունը այժմ պահանջում է կառավարման ապարատի վերապատրաստում քաղաքացիական ծառայության բարեփոխումների բազմակողմանի ծրագրի միջոցով` էականորեն կրճատելու վատնումներն ու կոռուպցիան, եւ բարեփոխելու հարկային եւ մաքսային վարչարարությունը: Փաստորեն, 2004-2006թթ. Հարկային եւ Մաքսային Բարեփոխումների Ծրագիրը արդեն տվել է համեստ բարելավումներ եկամուտների մոբիլիզացման մեջ, սակայն մենք գիտակցում ենք, որ շատ ավելին պետք է արվի: Մասնավոր ռեսուրսների մոբիլիզացման համար ռազմավարությունը պահանջում է մեծածավալ ու համակարգված միջոցների համախմբում` պարզեցնելու վարչարարության գործընթացները եւ վերացնելու առեւտրի եւ ներդրումների խոչընդոտները, եւ խրախուսել գործարարության ոլորտի զարգացումը բաց եւ թափանցիկ կորպորատիվ կառավարման միջոցով եւ այսպիսով, առաջացնել հասարակական վստահություն, որն անհրաժեշտ է ֆինանսական ոլորտի համար` մոբիլիզացնելու խնայողությունները դեպի ներդրումներ: Մինչ մենք շարունակում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ ներկայացնել կառավարումը բարելավելու համար, պետական ծառայողների եւ ձեռնարկությունների ղեկավարների կողմից վարքագծային փոփոխությունները ակնհայտորեն դանդաղ են ընթանում, եւ թերեւս, սերնդափոխությունից հետո կարելի է նշանակալից առաջընթաց արձանագրել այս ոլորտում` ժողովրդավարական հաշվետվության եւ հակակշռության պայմաններում:

 – Ինչպե՞ս կգնահատեք Կենտրոնական Բանկի դերը դրամավարկային կառավարման մեջ, մասնավորապես նկատի առնելով Դրամի ուժեղ արժեւորումը վերջին երեք տարիների ընթացքում:

 – Կենտրոնական Բանկը բավականին լավ է գործել դժվարին պայմաններում: Առաջինը, մենք պետք է հասկանանք, որ ՀՆԱ-ի արագ աճի եւ բարձրացող արտադրողականության հետեւանքով, Դրամը արժեւորվել է եւ այս ընթացքը կշարունակվի հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Ավելին, մեծ ֆինանսական ներհոսքերի պատճառով` դրամական փոխանցումների եւ ներդրումների շնորհիվ, որոնք անցյալ տարի կազմել էին 2.5 մլրդ ԱՄՆ դոլար, համարժեք ՀՆԱ-ի մոտ 50%-ին, հավելյալ ճնշում է գործադրվում Դրամի արժեւորման վրա: Կենտրոնական Բանկն անցյալ տարի վաճառել է մոտ 150 մլն ԱՄՆ դոլար` հարթեցնելու փոխանակման դրույքի տատանումները, եւ մասամբ ստերիլիզացրել ֆինանսական ներհոսքերի ճնշումը` Կենտրոնական Բանկի արժեթղթերի վաճառքի եւ բաց շուկայում գործարքների միջոցով, ընդամենը մոտ 20 մլրդ դրամով: Մինչ Դրամի իրական փոխանակման դրույքը գտնվում է արժույթի հավասարակշռության գծին կից, ոչ մի տնտեսական խեղաթյուրում տեղի չի ունենա այս փուլում:

 Մենք գիտակցում ենք, որ Դրամի արժեւորումը սկզբնական շրջանում կարող է անբարենպաստ հետեւանքներ ունենալ մեր արտահանողների համար: Այս ձեռնարկությունների կողմից համապատասխան արձագանքը, այնուամենայնիվ, պետք է լինի մրցունակության ուժեղացումը արտադրողականության բարձրացման միջոցով: Քանզի Հայաստանում արտադրողականության մակարդակը Եվրո-ամերիկյան շուկաների համեմատությամբ դեռեւս բավականին համեստ է, զգալի պոտենցիալ կա Հայաստանում այն ավելի հզորացնելու ուղղությամբ: Մենք գիտենք, որ որոշ արտահանողներ առաջարկում են կամ մեծացնել արժույթի թողարկման ծավալը, կամ սահմանել արժույթի փոխանակման սահմանափակումներ: Ցավոք, վերոնշյալ երկու միջոցներն էլ կառաջացնեն լուրջ տնտեսական խեղաթյուրումներ, կնվազեցնեն ներդրողների վստահությունը եւ կստեղծեն լուրջ սոցիալական խնդիրներ: Էմիսիայի ոչ չափավոր ավելացումը կստեղծի սղաճի զգալի աճ եւ ուժգին կվնասի աշխատավարձով ապրող, սահմանափակ եւ ցածր եկամուտ ունեցող խավերին: Արժույթի փոխանակման սահմանափակումները տնտեսության մեջ կառաջացնեն ռեսուրսների թերաբաշխում եւ ի վերջո կառաջացնեն մրցունակության կրճատում եւ կնվազեցնեն տնտեսական աճը: Ավելին, այսպիսի կառավարական միջամտությունները անվստահություն կառաջացնեն ներդրողների մտքում եւ բացասական ազդեցություն` ներդրումային որոշումների վրա: Իհարկե, կարող են լինել որոշ արտահանողներ, որոնք արտադրում են ապրանքներ կամ ծառայություններ, որոնք չեն համապատասխանում Հայաստանի տնտեսության համեմատական առավելություններին եւ, հետեւաբար, չեն կարող մրցունակ լինել համաշխարհային տնտեսության զարգացող դինամիկայի ներքո: Այսպիսի ձեռնարկությունները հարցին պետք է մոտենան վերլուծաբանորեն եւ ուղղեն իրենց միջոցները դեպի արտադրություններ, որոնք գտնվում են Հայաստանի տնտեսության համեմատական առավելությունների շրջանակներում: Եվ կառավարության համապատասխան դերն այստեղ տեղեկատվության եւ Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ խորհուրդների ապահովումն է, որպեսզի ձեռնարկությունները կարողանան կայացնել խելամիտ ներդրումային որոշումներ: Զարգացման Հայկական ործակալությունը նմանատիպ աջակցություններ է տրամադրում հետաքրքրված տեղական եւ օտարերկրյա գործարարներին` անվճար:

Ավելին, առաջարկել եմ որոշ ֆիսկալ միջոցներ, որոնք կօգտվեն ընթացիկ տնտեսական զգալի աճի տեմպից եւ բարձր ֆինանսական իրացվելիությունից` սոցիալական ոլորտներում ստեղծելու բավարար ֆինանսավորված պետական եւ մասնավոր պահուստային ֆոնդեր, օրինակ` կենսաթոշակների եւ առողջապահության ապահովագրության համար` բարելավելով թե սոցիալական ապահովության ցանցը եւ միեւնույն ժամանակ մասամբ ստերիլիզացնել տնտեսության մեջ կուտակված իրացվելիությունը: Այս խորհուրդները ներկայումս աշխույժ քննարկման մեջ են գտնվում Տնտեսական Ռազմավարությունն ու Քաղաքականությունը Համակարգող Խորհրդում: Պարզ է, մենք այժմ բացառիկ հնարավորություն ունենք կտրուկ բարեփոխումներ իրագործելու սոցիալական ոլորտներում:

 Ամեն դեպքում, կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք կպահպանենք բաց, հիմնականում մասնավոր եւ շուկայական ազատ տնտեսական քաղաքականությունը, եւ չենք կիրառի որեւէ սահմանափակումներ, որոնք կխեղաթյուրեն տնտեսությունը, եւ կնվազեցնեն ներդրողների վստահությունը դեպի տնտեսական քաղաքականության կայունություն: Հուսով եմ, որ քաղաքականության իրականացման փուլում շեղումներ չեն լինի:

 – Վերջում, բացատրեք խնդրեմ, ինչպե՞ս է կառավարվում տնտեսությունը Հայաստանում:

 – Ինչպես արդեն նշել եմ, ընդհանուր առմամբ, մենք հիմնվում ենք ազատական տնտեսական կարգավորման մեխանիզմների վրա, եւ պետության դերը սահմանել ենք` միայն ռազմավարությունն ու քաղաքականությունը մշակելու, առաջնորդելու եւ կարգավորելու գործում: Ուստի, Հանրապետության Նախագահը սահմանում է տնտեսության առաջնահերթ ռազմավարական ուղղությունները եւ քաղաքականության նախաձեռնությունները: Ապա, Վարչապետը եւ իր կառավարությունը իրականացնում են Նախագահի կողմից սահմանված եւ հանձնարարված քաղաքականությունները: Տնտեսական Ռազմավարությունն ու Քաղաքականությունը Համակարգող Խորհուրդը, կազմված ՀՀ Վարչապետից, որպես խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականից, որպես փոխնախագահ եւ Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարից, Առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարից, եւ Կենտրոնական բանկի նախագահից, որոնք միասին համակարգում են տնտեսական քաղաքականությունները: Ճյուղային նախարարները հրավիրվում են Խորհրդի նիստերին` համաձայն քննարկվելիք օրակարգի հարցերի: Եվ մի քանի խորհրդատվական մարմինների միջոցով, որոնք ընդգրկում են գործարար համայնքների եւ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նկատի են առնվում քաղաքացիական հասարակության տեսակետները եւ առաջարկությունները: Այստեղ պետք է ավելացնեմ, որ թեեւ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը եւ դրանից մշակված քաղաքականությունները շատ բարձր են գնահատվում միջազգային զանազան կազմակերպությունների եւ մտավոր կենտրոնների կողմից, իրականացման փուլի մեջ որոշ ճնշումների շնորհիվ երբեմն լուրջ շեղումներ կան դեպի գործարքներով առաջնորդված անհայտ ուղղություններ:

 – Եվ ո՞րն է Ձեր դերը այս բոլորի մեջ:

 – Որպես ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական` օժանդակում եմ Նախագահին տնտեսական ռազմավարության ու քաղաքականության մշակմանը, եւ, որպես Տնտեսական Ռազմավարությունն ու Քաղաքականությունը Համակարգող Խորհրդի փոխնախագահ, աջակցում եմ Վարչապետին տնտեսական քաղաքականության համակարգմանը` հիմնվելով իմ միջազգային փորձի վրա, որ քաղաքականության մշակումը եւ իրականացումը խարսխված լինի հաջողած երկրների փորձերի վրա եւ հարմարեցված տեղական պայմաններին: Կարճ ասած, իմ նպատակը եւ պայքարն է, որ երկրի տնտեսական կառավարումը առաջնորդվի հաջողությամբ փորձված քաղաքականություններով, եւ ոչ թե անթափանց, ծածուկ գործարքներով: Այլ կերպ ասած, ձգտում եմ, որ երկրի զարգացումը լինի որպես ազատական տնտեսություն, եւ ոչ թե քսակ-իշխանիկների խմբիշխանություն:

 – Պարոն Ներսիսյանց, վերջում Ազգային Ժողովի գալիք ընտրությունների մասին: Տնտեսական դաշտի ի՞նչ բարելավում եք ակնկալում այդ ընտրությունների արդյունքում:

 – Մի եզակի առիթ ունենք կանխելու քսակ-իշխանիկների մուտքը Ազգային Ժողով եւ ապա Կառավարություն` շնորհիվ գործող սահմանադրության 65-րդ եւ 88-րդ հոդվածների, որոնք հզորացվել էին անցյալ տարվա հանրաքվեի արդյունքում: Հոդվածներում տեղ գտած փոփոխությունների համաձայն` պատգամավորները եւ կառավարության անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, եւ ըստ միջազգային չափանիշների, էական չէ, թե իր տվյալ ձեռնարկատիրությունը գրանցված է իր, թե այլ որեւէ անձի անունով, եւ բավարար է միայն այն փաստը, որ նա ունի ձեռնարկատիրական գործունեության վրա ուղղակի կամ անուղղակի որեւէ վերահսկողություն (control), եւ կամ կատարում է այլ վճարովի աշխատանք: Այսպիսով հնարավոր է կանխել շահերի բախումները օրենսդրի, գործադրի եւ մասնավորի միջեւ: Մտահոգիչ է, սակայն, որ սահմանադրության այս շատ կարեւոր հոդվածները կիրառելու բավարար կանոնակարգեր եւ հետեւողականության հնարավորություններ սահմանված չեն օրենքով` ապահովելու այդ հոդվածների լիարժեք իրականացումը` տեղի չտալով կամայականություններին: Ավելին, մտահոգիչ է նաեւ, որ արդեն կուսակցությունների նախնական ընտրացուցակներում մենք տեսնում ենք նման ձեռնարկատերերի բազմաթիվ անուններ: Թեեւ հուսով եմ, որ մեզ կհաջողվի կանխել քսակ-իշխանիկների մուտքը թե՛ օրենսդիր եւ թե՛ գործադիր մարմիններ գալիք ընտրությունների արդյունքում, բայց, ցավոք, հաջողության հեռանկարները, նշված պատճառներով, ոգեշնչող չեն:

 Փետրվար 23, 2007թ.

 Համաշխարհային Բանկում 30-ամյա ակնառու կարիերայից հետո, ընդգրկվելով չորս աշխարհամասերում եւ ավելի քան քսան երկրներում թե՛ մասնագիտական եւ թե՛ ավագ ղեկավարման պաշտոններում, Վահրամ Ներսիսյանցը 1998թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո նշանակվել է ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի գլխավոր խորհրդական տնտեսական հարցերով: 1990թ.-ից նա եղել է հետսովետական Հայաստանի տնտեսական բարեփոխումների եւ զարգացումների գաղափարային գլխավոր առաջնորդներից` աջակցելով երրորդ Հանրապետության երկու Նախագահներին եւ տասը Վարչապետներին, իր զբաղեցրած մի շարք պաշտոններում: Որպես տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական` Վահրամ Ներսիսյանցը ուղղակիորեն զեկուցում է ՀՀ Նախագահին եւ աջակցում տնտեսական բարեփոխումների ռազմավարության ուղղությունների եւ քաղաքականությունների մշակմանը՝ մակրոտնտեսական եւ ճյուղային ոլոտներում, եւ երկրի տնտեսական ղեկավարման գործում: Զուգահեռաբարե Վահրամ Ներսիսյանցը ՀՀ Վարչապետին առընթեր Տնտեսական Ռազմավարությունն ու Քաղաքականությունը Համակարգող Խորհրդի, Զարգացման Հայկական ործակալությանե ՀՀ ործարարության աջակցման խորհրդի, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցող խորհրդի եւ Հայկական Հազարամյակի Մարտահրավերների Հոգաբարձուների Խորհրդի փոխնախագահն է եւ, այսպիսով, աջակցում է ՀՀ Վարչապետինե որը բոլոր վերոհիշյալ խորհուրդների նախագահն է: Վահրամ Ներսիսյանցը նաեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարն է Համաշխարհային Բանկի Հիմնադիր Խորհրդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել