Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԼՈՒՐՋ ԶՐՈՒՅՑ՝ ԼՈՒՐՋ ԱՎԱՐՏՈՎ

Մարտ 26,2007 00:00

\"\"ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ առավոտյան վերադարձավ Ֆրանսիայից, ուր գտնվում էր շուրջ 1 ամիս՝ իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի դեմ առաջադրելուց հետո:

Հովհաննես Իգիթյանն այնտեղ լուրջ պատճառով էր՝ իբրեւ ԱՊՀ երկրների շուկաների փորձագետ, զեկույցներով էր հանդես գալիս, վերապատրաստումներ անցկացնում ներդրողների համար: Սակայն ՀՀՇ-ի նրա ընկերները կատակում էին, թե Իգիթյանը մեկնել է մասնակցելու Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզիի ընտրարշավին, որ հետո նա էլ, «պարտքը հատուցմամբ է գեղեցիկ» սկզբունքով՝ աջակցի Իգիթյանին, ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ թիվ 1 ընտրատարածքում մրցապայքարում: «Դե, պարզ է, որ եթե Ֆրանսիան օգնի մեկին՝ ի՛նձ է օգնելու, այլ ոչ թե Ռուբեն Հայրապետյանին»,- մեր զրույցի ընթացքում ասաց հումորի հրաշալի զգացում ունեցող Հովհաննես Իգիթյանը: Հարցին, թե ինչո՞ւ պիտի Սարկոզին հենց իրեն օգնի, այլ ոչ թե «Օրինաց երկրի» նախագահին՝ պրն Իգիթյանը նույնքան լրջորեն պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանն առաջադրված չէ մեր ընտրատարածքում»:

Սարկոզիի վերաբերյալ կատակը միակը չէ այս ընտրատարածքում սպասվող մրցակցության շուրջ: ՀՀՇ-ում ասում են, որ Իգիթյանն ուզում է Ավանի ընտրողներին ապացուցել, թե ինքն ավելի լավ է խոսում գերմաներեն: «Այո՛, այդպիսի խոսակցություն եղել է, որ նույնիսկ գերմաներեն ավելի լավ գիտեմ,- համեստորեն ասաց մեր զրուցակիցը:- Բայց չեմ կարծում, թե խոսքն այժմ լեզուների իմացության մասին է»: Եվ արդեն ավելի լուրջ՝ պատմեց. «Ավան համայնքում բնակվում եմ 28 տարի: Ու երբ դիմում էի ներկայացնում թեկնածու առաջադրվելու համար՝ շատերը բարյացակամորեն ասում էին՝ պրն Իգիթյան, գուցե ուրի՞շ տեղ առաջադրվեիք, արդյոք այստեղ ընտրվելու շանս ունե՞ք: Ես նրանց պատասխանեցի (եւ դա մեծ-մեծ խոսքեր չեն՝ լուրջ եմ ասում, առանց կեղծ համեստության), որ առաջադրվում եմ ոչ թե նրա համար, որ ե՛ս շանս ունենամ կամ չունենամ, այլ, որ ընտրողը շանս ունենա իր ճակատագիրն ինքը որոշելու, եւ վաղը չասի, թե ափսոս՝ ուրիշ հնարավորություն չի եղել, ի՞նչ անենք, մենք չենք որոշում»: Մեր եզրակացությանը, թե իր առաջադրմամբ փաստորեն այլընտրանք է ապահովել Ավանի ընտրողների համար՝ ՀՀՇ վարչության անդամն այսպես արձագանքեց. «Ես այլ տեսա՛կ եմ ապահովել: Այլընտրանք բառը հիմա… (ծիծաղեց.- Ա. Ի.) Էլի լավ բան է, ես շատ լավ եմ վերաբերվում «Այլընտրանքին», բայց նաեւ ուզում եմ միշտ լինի «այլ տեսակ» ամեն ընտրատարածքում: Ափսոս, որ կան տեղամասեր, որտեղ դա չկա»:

Նման տեղամասերը, հիշեցնենք, այս անգամ 5-ն են՝ թիվ 7-ում Սամվել Ալեքսանյանը, թիվ 20-ում՝ Հրանտ Գրիգորյանը, թիվ 27-ում՝ Մելիք Մանուկյանը, թիվ 28-ում՝ Գագիկ Ծառուկյանը եւ թիվ 32-ում՝ Սուրիկ Պողոսյանը: Նրանց դիմաց որեւէ ընդդիմադիր չի համարձակվել առաջադրել «այլ տեսակ»: Սակայն այդ բարեբախտությունը վիճակվել է Ռուբեն Հայրապետյանին, որին անգամ մեղադրում են նախկին իշխանավորների հետ նորմալ հարաբերություններ պահպանելու համար: Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Հայաստանում մի հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվել. եթե մեկն առաջադրվում է նույն ընտրատարածքում, սա համարում են առնվազն ոտնձգություն կամ նույնիսկ վիրավորանք: Ինձ համար որեւէ նշանակություն չուներ՝ առաջադրվա՞ծ է արդյոք Ռուբեն Հայրապետյանը, թե՞ ոչ: Ես մի կողմից հասկանում եմ, որ նոր ԱԺ-ում ավելի շատ տեղ կունենան գործարարները եւ մարդիկ, որոնք գրեթե չունեն քաղաքական գաղափարներ: Բայց մյուս կողմից՝ որպես քաղաքական գործիչ, գտնում եմ, որ քաղաքական գործիչը պետք է միշտ կատարի իր դերը եւ մասնակցի ընտրություններին»:

Հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր է հակաքարոզչություն անել մյուս թեկնածուի դեմ, թե՞ ուղղակի ներկայացնելու է սեփական մոտեցումները. «Ինձ թվում է, թե մենք կարող ենք ոչ մի բան չանել էլ: Չնայած համոզված եմ, որ իբրեւ հարուստ մարդ՝ Ռուբեն Հայրապետյանն իր գումարները կօգտագործի քարոզչական նպատակներով՝ այս կամ այն ձեւով: Բայց երկուսիս էլ ճանաչում են: Եվ ես չպետք է քարոզչություն անեմ, քանի որ ով ինձ ճանաչում է՝ ճանաչում է: Իսկ ով չի ճանաչում՝ մեկ ամսում ոչինչ չես կարող անել: Ես չեմ էլ կարծում, թե լինելու են ընտրություններ որպես այդպիսին: Ու ոչ թե նրա համար, որ չեմ ընտրվելու ու նախապես ասում եմ, թե կեղծվելու է: Ո՛չ, մթնոլորտն է հիմա այլ, եւ իմ արտահայտած մտքերն ու տեսակետները չեն հետաքրքրում ոչ մեկին: Ընդհանրապես, նկատել եմ, թե ԱԺ-ում ընտրվել ձգտողների մասին այժմ կարծում են, թե նա գնում է իր բիզնեսի եւ շահերի համար: Ու որեւէ տարբերություն չկա՝ դա Հովհաննես Իգիթյա՞նն է, թե՞ Ռուբեն Հայրապետյանը. ընտրողի տեսակետից՝ նրանք երկուսն էլ ձգտում են «խցկվել» ԱԺ զուտ իրենց անձնական շահերի համար: Եվ 1 ամսվա ընթացքում չես կարող փոխել տարիների ընթացքում ձեւավորված այս մթնոլորտը»:

Հ. Գ. Ռուբեն Հայրապետյանը մեր զրույցի ընթացքում նշեց, թե ինքը երբեք էլ միայնակ չի առաջադրվել. «Ես շատ ուրախ եմ, որ մրցակից ունեմ: Շատ ավելի լավ է, որ ժողովուրդը կունենա ընտրելու իրական հնարավորություն: Հովհաննես Իգիթյանին վերաբերվում եմ հարգանքով եւ շարունակելու եմ այդպես վերաբերվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել