Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿ

Մարտ 26,2007 00:00

\"\"Երեկ «Այլընտրանքն» իր հանրահավաքն անցկացրեց հենց ա՛յդ հրապարակում

Հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի, երեկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը, ինչպես խոստացվել էր նախաձեռնության անդամների կողմից, տեղի ունեցավ «Ազատության» հրապարակում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները դեռ անցյալ շաբաթ էին հանրահավաքի նախաձեռնողներին փոխանցել, թե այդ հրապարակում հանրահավաք անցկացնել արգելվել է, որովհետեւ քաղաքապետարանն այնտեղ նախաձեռնել է «Գարուն-2007» համերգային ծրագիր անցկացնել, որը տեւելու է մինչեւ ԱԺ նախընտրական արշավի ավարտը: «Այլընտրանքի» հանրահավաքը նախատեսված էր ժամը 17:00-ին: Դրանից մոտ 45 րոպե առաջ հրապարակի հարթակն արդեն շրջապատված էր արգելափակոցներով ու ոստիկանության աշխատակիցների նոսր շղթայով: Իրավապահների հոծ բազմությունը վերահսկողության տակ էր վերցրել հրապարակի մուտքերը՝ հույս ունենալով, որ հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները չեն հանդգնի ճեղքել իրենց շղթան: Բայց ոչինչ ճեղքելու հարկ չեղավ, որովհետեւ «Այլընտրանքի» ներկայացուցիչների գալուց րոպեներ առաջ իրավապահներն ինքնակամ լքեցին իրենց «դիրքերը»: Իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը երեկ ավելին էր, քան նախորդ հանրահավաքում էր, եւ անգամ հրապարակի հարթակում մանկական համերգը թամաշա անելու եկածներն էին: Մի պահ անգամ անհասկանալի էր՝ հզոր բարձրախոսներով սփռվող համե՞րգն էր խանգարում հանրահավաքին, թե՞ հանրահավաքի մեգաֆոնները՝ համերգին: Այնպես որ՝ հանրահավաքը երեխաների միջոցով խանգարելուն միտված քաղաքապետարանի օպերացիան տապալվեց: Հանրահավաքի կազմակերպիչները իրենց համար հրապարակի տարածքում այլ հարթակ գտան ու նախեւառաջ հայտարարեցին. «Մենք այստեղ ի հեճուկս այս երեխաների չենք եկել, մենք եկել ենք հանուն նրանց»:

«Մենք ասում ենք իմպիչմենթ ոչ միայն Քոչարյանին, այլեւ նրան սպասարկող կուսակցություններին, իշխող մտածողությանը, քծնանքին, ապաքաղաքացիությանը: Մինչեւ իմպիչմենթ՝ մենք կանգառ չունենք»,- հայտարարեց նախաձեռնության անդամ, «ՀԺ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա փոխանցեց, որ նախաձեռնությունը քաղաքապետարանին իրազեկել է մարտի 30-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, բայց քաղաքապետարանը դարձյալ մերժել է: «Մենք նորից բողոքարկելու ենք այդ մերժումն ու ամեն ինչ անելու ենք, որ մարտի 30-ին մեր հանրահավաքը նորից անցկացնենք «Ազատության» հրապարակում»,- հայտարարեց Փաշինյանը: Այդ օրը «Այլընտրանքը» հանրահավաքից հետո նաեւ երթ կկազմակերպի դեպի Ռադիոտուն՝ Հանրային հեռուստառադիոյի ղեկավարությունից պահանջելու դեռ փետրվարին նրանց հանձնված դիմումի պատասխանը: Երթը նվիրված է լինելու նաեւ «Ա1+» հեռուստաընկերության փակման տարեդարձին եւ խոսքի ազատությանը:

Իր ելույթում Միքայել Հայրապետյանը դիմեց «այն իշխանավորներին, որոնք այս ցրտին այս երեխաներին մերկացրել են ընդամենը մեր հանրահավաքը խափանելու համար»՝ դա որակելով որպես իշխանությունների թուլության դրսեւորում:

Ն. Փաշինյանը՝ չբացառելով, որ մարտի 30-ի հանրահավաքը կարող է լինել Մատենադարանին հարող տարածքում, հորդորեց հասարակությանը այդ հանգամանքը, ինչպես նաեւ դատարաններ կամ պետական այլ ատյաններ դիմելը չդիտել իբրեւ «Այլընտրանքի» թուլության դրսեւորում: Նա դատարան, քաղաքապետարան դիմելն ու օրենքներ մեջբերելը կարեւոր եւ անհրաժեշտ համարեց այն բանի համար, որպեսզի ՀՀ-ում ծավալվող պայքարը հնարավորինս հասկանալի լինի հայ եւ միջազգային հանրությանը: «Մարդկանց պետք է ցույց տալ, որ մեր քայլերն ինքնանպատակ սրացումների գնալը չէ»,- ասաց Ն. Փաշինյանն ու վկայակոչեց Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի այն դրույթը, ըստ որի՝ Հռչակագրին միացած յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր երկրի ներսում ապահովել Մարդու իրավունքների այնպիսի պաշտպանություն, որ ժողովուրդները ստիպված չլինեն դիմել ապստամբության: «Մենք ուզում ենք դատարան եւ տարբեր ատյաններ դիմելով ստիպել, որ իշխանություններն ապօրինություններ գործեն, որպեսզի վաղը կամ մյուս օրը, երբ մենք ավելի վճռական քայլերի գնալու լինենք, ոչ մեկի մոտ կասկած չմնա, թե կար ուրիշ ճանապարհ: Այո՝ մենք պետք է դիմենք նրանց, ովքեր ապօրինություններ են գործում: Թո՛ղ գործեն՝ ինչքան ուզում են: Վերջում այդ ապօրինությունները մենք իրենց գլխին ենք ջարդելու: Այսօր մենք այդ փաստերը հավաքում ենք, եւ դրանք դառնալու են փաստարկներ՝ գործող իշխանության դեմ»,- ասաց Ն. Փաշինյանը:

Ի դեպ, երեկվա հանրահավաքին ներկա էին ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունից եւ ՆԺԿ-ից՝ ի դեմս կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել