Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ՔՈՎՆ» ԵՆ ՈՒԶՈՒՄ

Մարտ 26,2007 00:00

Սփյուռքահայերը մարզերից նախընտրում են անշարժ գույք գնել Արմավիրում՝ Էջմիածնի եկեղեցու խաթր

Վերջին տարիներին անշարժ գույքի գները թանկացել են ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում: Ըստ անշարժ գույքի գործակալությունների, ամենաթանկ առանձնատներն ու հողամասերը վաճառվում են Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում: Գեղարքունիքի մարզում թանկ են հատկապես Սեւանա լճի ափամերձ տարածքները, որովհետեւ դրանք ոչ միայն կապիտալ են, այլեւ բիզնես ծավալելու միջոց: Ամառվա սեզոնին Սեւանա լճի մոտ կառուցված վարձով տները հասնում են աստղաբաշխական թվերի: Մասնագետների հաշվարկներով՝ այն գործարարները, ովքեր 2003-ին Սեւանա լճի մոտ առանձնատներ էին գնել եւ վարձով տվել՝ 1-2 տարվա ընթացքում իրենց ներդրած գումարը հանել են՝ մի բան էլ ավելի: Ներկայումս լճին հարակից տարածքներում 1 քմ-ն 9 հազար դրամից պակաս հողակտոր չես գնի: 1-2 ամիս հետո, երբ օրերը տաքանան, գները կտրուկ բարձրանալու են:

Արագածոտնի մարզում անշարժ գույքի բարձր գները հիմնականում կապված են Բյուրականում վաճառվող թանկ ամառանոցների հետ:

«Առավոտի» հետ զրույցում «Մոնոլիտ Ռիելթի» անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դուրգարյանը նշեց, որ Ծաղկաձորը, Դիլիջանը եւ Աշտարակի հարակից շրջանները նույնպես մեծ հետաքրքրություն են առաջացնում: Ծաղկաձորում տարածք ձեռք բերելով մեծամասամբ հետաքրքրվում են հայ գործարարները, որովհետեւ այդ քաղաքը, մանավանդ վերջին տարիներին, բիզնես անելու տեսանկյունից բավականին հաջող է: Այնտեղ անշարժ գույքի գները մոտ 10 անգամ ավելի թանկ են, քան Գեղարքունիքի մարզում: Ծաղկաձորում, կախված առանձնատան պայմաններից, դիրքից եւ հարմարություններից՝ գները սկսվում են 100- 500 հազար դրամից՝ 1 քմ-ի դիմաց: Հողամասի քմ-ն տատանվում է $60-300 սահմաններում: Հնարավոր է նաեւ հողեր գտնել քմ-ն՝ 9-10 հազար դրամով, սակայն, ըստ Ա. Դուրգարյանի, «դրանք անպիտան հողեր են եւ ներդրողներին չեն գրավում»:

Ըստ մասնագետի, Աշտարակում գները թանկացել են հատկապես Վահագնի թաղամասի կառուցման հետեւանքով: Իսկ Դիլիջանն ավելի շատ հետաքրքրում է տուրիստներին, որոնք Դիլիջանի բնությունը շատ են գնահատում: Ամառվա սեզոնին այնտեղ բնակարանների վարձը գրեթե հավասարվում է մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան, Աջափնյակ համայնքների անշարժ գույքի վարձակալության գներին: Սփյուռքահայերն ամենից շատ նախընտրում են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը: Անշարժ գույքի գործակալությունների տվյալներով՝ սփյուռքահայերը, թեեւ այդ հոգեւոր քաղաքում հաճախ են հողակտոր, առանձնատուն կամ բնակարան գնում, բայց, որպես կանոն, այդ տարածքները չեն օգտագործում, նրանց համար միայն բավական է այն, որ «սուրբ հողի վրա տուն ունեն»:

Եթե մայրաքաղաքում սփյուռքահայերն անշարժ գույքի գործակալների առաջ պայման են դնում, որ իրենց տան պատուհանից երեւա Մասիս սարը, ապա մարզերում բնակարան փնտրելիս անպայման նշում են, որ այն գտնվի պատմամշակութային որեւէ հուշարձանի, եկեղեցու մոտ եւ պատուհանից բնության հաճելի տեսարան բացվի:

Ի տարբերություն Երեւանի, մարզերում բազմաբնակարան շենքերով հետաքրքրվողներ գրեթե չեն լինում, ավելի շատ պարապուրդի մատնված հողակտոր են ուզում, քան բնակարան՝ շենքում: «Հիմա ընդհանրապես պատրաստի տուն քիչ են ուզում, եթե գնում էլ են, քանդում են, իրենց ձեռքով սարքում»:

Անշարժ գույքի գործարքների տեսանկյունից ամենաքիչ պահանջարկ ունի Սյունիքի մարզը: Վանաձորի եւ Գյումրիի տներով նույնպես հազվադեպ են հետաքրքրվում: Թեեւ Գյումրիում անշարժ գույքի գները բարձր են, բայց այնտեղ առք ու վաճառքի գործարքներ կնքում են հիմնականում տեղաբնակները, իսկ քաղաքից դուրս այն պահանջարկ չի վայելում:

Իսկ Վանաձորում գները բավական էժան են: Գործակալության տվյալներով՝ այնտեղ հողատարածքներ կան, որոնց մեկ քմ-ն նույնիսկ կարող են ձեռք բերել 150-300 դրամով:

Գործակալությունների կանխատեսումներով՝ առաջիկայում Հայաստանում անշարժ գույքի գները չեն իջնի, եթե բարձրանան էլ՝ դա կլինի աստիճանաբար եւ ոչ թե կտրուկ, գները կտատանվեն հատկապես այն շրջաններում, որտեղ էլիտար շենքեր կկառուցվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել