Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղադիտարանի երեկն ու այսօրը

Մարտ 26,2007 00:00

\"\"Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին

Հայկ Հարությունյանն անդրադարձավ աստղադիտարանի գիտական ծրագրերին, ֆինանսավորմանը, նոր կադրերի պակասին, աստղադիտարանի ներկայիս վիճակին: Հ. Հարությունյանը նշեց, որ Հայաստանում գիտության այս ճյուղը պետության կողմից գրեթե չի ֆինանսավորվում, իսկ աստղադիտարանին կամ աստղագետներին հիշում են միայն Արեգակի կամ Լուսնի խավարման ժամանակ: «Եթե համեմատվելու լինենք արեւմտյան մեր գործընկերների հետ, ապա կտեսնենք, որ աստղադիտարանի տարեկան բյուջեն համարժեք է եվրոպացի մեկ աստղագետի միջին աշխատավարձին: Արեւմուտքում հոգում են աստղադիտարանների բոլոր ծախսերը՝ տնտեսական, տրանսպորտային, ինտերնետային ծառայությունների եւ այլն»,- ասաց Հ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ աստղագիտությունը գոյություն է ունեցել հազարամյակներ ի վեր եւ, կարելի է ասել՝ հայ ժողովրդի հայտնաբերած գիտությունն է: Լրագրողների հետաքրքրությանը, արդյո՞ք այսօր աշխարհի ճանաչված աստղագետները հաշվի են նստում հայերի հետ, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Մեր երկիրը Միջազգային աստղագիտական միությունից դեռ դուրս չի եկել, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի: Մենք վերոնշյալ միությանը անդամակցելու համար տարեկան $2.500 ենք մուծում»: Նա ափսոսանք հայտնեց, որ եթե ժամանակին Հայաստան այցելող ոչ մի պատվիրակություն չէր շրջանցում Բյուրականի աստղադիտարանը, ինչպես Գեղարդը, Սեւանա լիճը, ապա այսօր այդպես չէ: Տնօրենն անդրադարձավ նաեւ աստղագետների կատարած այսօրվա աշխատանքներին. «Մենք հիմնականում զբաղված ենք ակտիվ երեւույթների ուսումնասիրությամբ, օրինակ՝ Արեգակի, որն իր հանգիստ «վերաբերմունքով» թույլ է տալիս մարդկությանը ապրել»:

Հ. Հարությունյանը նաեւ նշեց, որ այսօր աստղադիտարանում երիտասարդ կադրերի պակաս կա, աշխատակիցների միջին տարիքն արդեն անցել է 50-ից. «Ունենք ընդամենը 10 երիտասարդ աստղագետ: Այն աշխատողները, որոնք որոշակի փորձ են ձեռք բերում եւ պատրաստ են լինում ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարել, լավ վարձատրվող աշխատանք են գտնում արտերկրում, ինչը պատճառ է հանդիսանում՝ շարունակական սերնդափոխության խոչընդոտմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել