Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի ամեն ինչ ջնջել

Ապրիլ 03,2007 00:00

\"\"Ասում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

– Հայ-ուկրաինական հարաբերությունները ի՞նչ վիճակում են այս պահին, արդյո՞ք կան տնտեսական նորմալ շփումներ եւ ձեր աշխատանքը որպես դեսպան անցած տարիների համեմատ ավելի հեշտացե՞լ է, թե՞ հակառակը:

– Հայ-ուկրաինական հարաբերությունները աստիճանաբար ավելի ու ավելի վերելք են ապրում ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներում: Բավականին ակտիվ փոխայցելություններ են տեղի ունենում, ինչպես քաղաքական, այնպես էլ այլ ոլորտների հետ կապված համատեղ հարցեր են քննարկվում: Պաշտոնական այցերով Կիեւում են եղել մեր վարչապետը, ԱԺ նախագահը, արտաքին գործերի նախարարը, այժմ շարունակվում են կոնսուլտացիաները եւ շուտով Ուկրաինա կայցելի նաեւ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը։ Ուկրաինայում նախատեսվում են նրա մասնակցությամբ կոնսուլտացիաներ՝ ե՛ւ երկկողմ համագործակցության, ե՛ւ միջազգային կառույցներում համագործակցության, նաեւ՝ տարբեր քաղաքական նախաձեռնությունների, թեկնածությունների փոխադարձ սատարման կապակցությամբ: Վերջին շրջանում ակտիվացել են նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունները: Վերջին երեք տարվա ընթացքում մենք առեւտրատնտեսական հարաբերություններում ունենք շուրջ 350 տոկոսի աճ, վերջին մեկ տարում Հայաստանից արտահանումը Ուկրաինա ավելացել է ավելի քան 165 տոկոսով, իսկ սա վկայում է փոխադարձ կապերի, հետաքրքրությունների վերելքի մասին:

– Հաջորդ հարցս կատակով եմ տալու, ձեր դեսպանության ժամանակաշրջանը սկսվեց այն ժամանակ, երբ նոր-նոր էր ավարտվել ուկրաինական նարնջագույն հեղափոխությունը: Դրանից հետո բոլորը սպասում էին, որ նարնջագույն հեղափոխությունը կմտնի նաեւ Հայաստան, բայց այդպես էլ դա տեղի չի ունենում: Արդյոք գտնվելով Կիեւում հենց դո՞ւք չխոչընդոտեցիք, որ ուկրաինական հեղափոխությունը ներմուծվի Հայաստան:

-Չէ, ոչ թե ես խոչընդոտեցի, այլ այդպես չեղավ, որովհետեւ ինքս իմ սկզբունքով դեմ եմ հեղափոխություններին: Ինքս ավելի շատ էվոլյուցիոն զարգացումների կողմնակից եմ եւ գտնում եմ, որ երկրում կայունությունը չափազանց կարեւոր նախապայման է աճի, զարգացման եւ առաջընթացի համար: Թեկուզ եւ փոքր տեմպերով, բայց միայն կայուն վիճակում գտնվող երկրում կա կանխատեսելի իրավիճակ, կա փոխադարձ վստահություն, կան պայմանավորվածություններ, ներդրումներ: Մարդը ե՞րբ է տուն սարքում, երբ երկրում խաղաղ եւ կայուն իրավիճակ է, իսկ հիմա, տեսեք, ինչքան տներ են կառուցվում: Ես ասում եմ իմ կարծիքը, ասում եմ որպես մարդ, որը մասնակցել է երկրի ղեկավարմանը եւ շարունակում է իր մասը բերել: Կրկնում եմ, չափազանց կարեւոր է երկրում կայունությունը նաեւ կադրային իմաստով, քանի որ կարեւոր է երկրում իշխանության փոխանցումը: Ես նկատի չունեմ նույնի շարունակությունը, ես նկատի ունեմ շարունակականությունը, նկատի ունեմ այն, որ չի կարելի ամեն ինչ ջնջել, հերքել, նկատի ունեմ, որ լավը պետք է ամրապնդել եւ նորով շարունակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել