Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՊԵՍ՝ ԾԱՌԱՏՈՒՆԿՆ ԷԼ ԱՐԳԵԼՎԵՑ

Ապրիլ 03,2007 00:00

 \"\"Ոստիկանները խանգարեցին ծառեր տնկել եւ «Խոսքի ազատության արահետ» հիմնել օպերայի բակում

Երեկ լրացավ «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման 5-րդ տարին: Այս կապակցությամբ հեռուստաընկերության եւ մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ Օպերային թատրոնի բակում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտակայքում 16 բարդի էին ցանկանում տնկել ու «Խոսքի ազատության արահետ» հիմնել: Նրանք բերել էին առանց արմատների ճյուղեր, որոնք խորհրդանշում էին այն գաղափարը, թե Հայաստանում դեռեւս արմատավորված չէ խոսքի ազատությունը: Մի խումբ ոստիկաններ հենց ակցիայի սկզբից արգելեցին միջոցառման մասնակիցներին գործել, հայտարարելով, թե նրանք իրավունք չունեն այդ տարածքում ծառ տնկել:

Ավելի ուշ ոստիկաններին միացավ «Կենտրոն» կանաչապատման ծառայության նախագահ Ավագ Դանիելյանը: Նա անմեղ ծառատունկն արգելելու համար պատճառ բերեց այդ տարածքի ոչ նպատակահարմար լինելը. «Եթե այս տարածքը նախատեսված լիներ դրա համար, Կենտրոն համայնքի թաղապետարանը, որը ե՛ւ հնարավորություն, ե՛ւ տնկիներ ունի, հաստատ նման բան կմտածեր: Բացի այդ, ապրիլի 14-ին համաքաղաքային ծառատունկ է հայտարարված, եկե՛ք եւ այդ օրն էլ նախատեսված վայրում ստեղծեք ձեր ուզած արահետը»: Նա հավելեց նաեւ, որ հավաքի կազմակերպիչները պետք է նախապես տեղյակ պահեին ու համապատասխան թույլտվություն ստանային Երեւանի քաղաքապետարանից, իսկ քանի որ այդպիսի թույլտվություն չկա, քաղաքապետարանում էլ տեղյակ չեն այս ամենին, իրենք ստիպված են արգելել ծառատունկը: Հավաքվածներին միացան նաեւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ովքեր եւս ցանկանում էին պարզել, թե ո՞ր օրենքով է արգելվում ծառ տնկելը: Ա. Զեյնալյանը պնդում էր, որ ՀՀ սահմանադրությամբ ներկաներն իրավունք ունեն իրենց ակցիան շարունակել, քանի որ ծառատունկն արգելող ոչ մի օրենք կամ փաստաթուղթ չկա: Ա. Դանիելյանը չկարողացավ որեւէ օրենք վկայակոչել, միայն ասաց, որ դրանով քաղաքապետարանի բնապահպանության վարչությունն է զբաղվում եւ «իրենք են որոշել, որ այստեղ ծառ տնկել չի կարելի»: Ի հեճուկս խանգարիչների, Լ. Ալավերդյանն իր ձեռքով մի փոքրիկ ծառ տնկեց եւ զարմացած ասաց. «Տեսնո՞ւմ եք՝ գոնե մի քանի րոպե մնաց տնկված»: Բայց այդ ծառը ոստիկանները պոկեցին ու դեն շպրտեցին: Ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Աֆյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իմաստ չունի առանց արմատների ճյուղեր տնկելը: Սրան ի պատասխան, տիկ. Ալավերդյանն ասաց. «Դա շատ խոր իմաստ ունի՝ մեր երկրում էլ խոսքի ազատությունը արմատներ չունի»:

Ակցիային ներկա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր եւ ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «Ա1+»-ը բացվելու է. «Չգիտեմ՝ երբ, բայց, միեւնույն է՝ բացվելու է, եթե անգամ անցնի եւս 5 տարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30