Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՍՏԱՑՎԵՑ

Ապրիլ 03,2007 00:00

Որ ապրիլի 1-ին ԶԼՄ-ների միջեւ «Առավոտի» կազմակերպած սեղանի թենիսի անդրանիկ բաց առաջնությանը մասնակցելու ցանկություն շատերը կհայտնեին, չէինք կասկածում:

\"\"Գլխավոր մրցավար Ֆելիքս Սարգսյանը ողջունում է մասնակիցներին:

\"\"Յոթ խաղասեղանները շուրջ հինգ ժամ
ծանրաբեռնված էին:

 

\"\"Առավոտցիներն ամենաակտիվ երկրպագուներն էին:

 

 

Ճիշտ է, եղան լրատվամիջոցներ, որոնք հրավերը համարեցին ապրիլմեկյան կատակ ու չարձագանքեցին: Բայց որ միջոցառումը կվերածվեր իսկական մարզական տոնի, հաճելի անակնկալ եղավ:

Կազմակերպում

Մրցաշարի անցկացման գաղափարի իրականացմանը նպաստեցին «Հայաստան» մարզական միության նախագահ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ով «Սպարտակ» մարզադահլիճը տրամադրեց անվճար, մրցավավարությունը Հայաստանի հավաքականի անդամ իրենց սաների հետ կամավորության սկզբունքով իրականացրած միջազգային կարգի մրցավարներ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դոցենտ Ֆելիքս Սարգսյանը եւ սպորտի վարպետ Գոհար Խանզրատյանը:

Իսկ հովանավորությունն ստանձնեց «VivaCell»-ը, որը տղաների եւ աղջիկների մրցաշարերի հաղթողներին ու մրցանակակիրներին պարգեւատրեց մեկական «Nokia» մակնիշի բջջային հեռախոսով («Gold» համարներով), իսկ բոլոր մասնակիցներին եւ 9 մրցավարներին՝ մեկական «Alo» քարտով: «Առավոտն» ու «Միր սպորտա» հանդեսն էլ մրցանակակիրներին հանձնեցին գավաթներ, պատվոգրեր, ձեռքի ժամացույցներ, իսկ միջոցառմանը ներկա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նաեւ ծաղիկներ:

Ընթացքը

Մասնակցության հայտ ներկայացրել էր 21 լրատվամիջոց (ընդհանուր առմամբ՝ 46 մասնակից): Սակայն մրցման ներկայացավ 40-ը (11 կին եւ 29 տղամարդ): Մրցակցությունը բավականին լուրջ ստացվեց հատկապես տղամարդկանց միջեւ: Համառ պայքարից հետո հաղթողի կոչումը նվաճեց «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի ներկայացուցիչ Վահե Կարա-Պողոսյանը: 2-րդ տեղը գրավեց Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արսեն Թամազյանը, 3-րդը՝ «Առավոտի» մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը: Կանանց մրցապայքարում մրցանակային եռյակն ըստ հերթականության կազմեցին Թամարա Մխիթարյանը («Համասփյուռ» հեռուստացանց), Զառա Ավագյանը («Առավոտ» օրաթերթ) եւ Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն):

Երկրպագուներ

Շատերիս համար անսպասելի էր, որ բավականին մեծ թիվ կկազմեին երկրպագուները: Նրանց մեջ քիչ չէին մեր գործընկերները, ովքեր ինչ-ինչ պատճառներով ժամանակին մասնակցության հայտ ներկայացնելու հնարավորություն չէին ունեցել: Եկել էին նաեւ մասնակիցների հարազատները, գործընկերները, ծանոթներն ու մտերիմները: Հենց նրանք էին իրենց ակտիվությամբ ոգեւորում ու սրություն ու աշխույժ մթնոլորտ հաղորդում պայքարին: Անգամ մրցավարներն էին զարմացել: Նրանց ասելով, վերջին շրջանում նույնիսկ Հայաստանի առաջնություններն այդպես չեն անցնում:

Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ շատերը մոտենում էին ու առաջարկում մրցաշարը դարձնել ավանդական կամ մրցումներ կազմակերպել նաեւ այլ մարզաձեւերից, որպեսզի հաջորդ անգամ իրենք էլ մասնակցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել