Լրահոս
Օրվա լրահոսը

Թվերը կան, ընտրողները չկան

Ապրիլ 11,2007 00:00

\"\"Արմավիրի ընտրություններում մոտ 4600 ձայն «նկարել» են

Մարտի 25-ին Արմավիրում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը՝ հավաքելով 8 հազար 322 ձայն, վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Մյուս թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանն էր, որը 1478 ձայնով զիջեց Ռ. Խլղաթյանին: Ա. Աղաբաբյանը մի շարք փաստեր ուներ, ըստ որոնց՝ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ընտրողների թիվն ուռճացված էր, սակայն դատական գործընթացի կեսից նա հետ կանգնեց ՀՀԿ-ի դեմ պայքարից: Ըստ լուրերի, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն որոշեցին այդ հարցն իրար մեջ լուծել, որպեսզի ընտրակեղծիքները ջրի երես դուրս չգան, եւ գործը կարճեցին:

Այն, որ ընտրություններում թվերը «նկարած» էին, երեւում է նաեւ մի պարզ հաշվարկից: Այսպես. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Արմավիրում 25 հազար 884 ընտրող կա, որից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 15 հազար 891 մարդ: 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Արմավիր քաղաքի բնակչությունը կազմել է 28 հազար 733 մարդ: Հաշվի առնելով, որ այս տարիների ընթացքում մարզերից դեպի մայրաքաղաք եւ արտերկիր մեծ արտահոսք է նկատվել, ուստի զուտ տրամաբանորեն Արմավիրի բնակչությունը չէր կարող ավելանալ, եթե չասենք, որ պետք է նվազած լիներ: Եթե ընդունենք, որ հիմա էլ Արմավիրում նույնքան մարդ կա, որքան 2001-ին էր, ԿԸՀ-ի ներկայացրած ընտրության մասնակիցների վերաբերյալ թվերը խիստ կասկածելի են թվում: Ընդունված է, որ ընտրողները կազմում են ընդհանուր բնակչության 70%-ը, մնացած 30%-ը անչափահասներ են, որոնք ընտրելու իրավունք չունեն: Տվյալ դեպքում 28 հազար 733-ի 70%-ը կազմում է 20300 մարդ: Եթե նույնիսկ հաշվի առնենք 5% սխալի հավանականությունը, ապա ընտրողների թիվը կկազմի 21 հազար 315: Այդ թիվը ոչ մի կերպ չի մոտենում ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին (25 884) եւ 4570 ձայնի տարբերություն է տալիս:

Եթե հանրապետության մյուս համայնքներում էլ թվերն այսպես ուռճացվեն, ինչպես Արմավիրում, ապա իշխող Հանրապետական կուսակցությունը միշտ էլ հաղթած դուրս կգա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել