Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՍԿՍԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Ապրիլ 11,2007 00:00

\"\"Կուսակցության անդամները հայտարարում են, որ արշալույսից մինչեւ կեսգիշեր հսկելու են բոլոր քվեատուփերը \"\"

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տրվեց «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության մեկնարկը: «Տիգրան Մեծ» դահլիճը զարդարված էր եռագույն փուչիկներով եւ ծիրանագույն դրոշներով, լեփ-լեցուն էր հատկապես երիտասարդներով: Միջոցառման երաժշտական մասը ապահովում էր Արտո Թունջբոյաջյանն իր Armenian navy band-ով, իսկ «մարզականը»՝ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:

«Ժառանգություն» կուսակցության եւ հայ ժողովրդի հաղթական քարոզարշավի մեկնարկին ողջունում եմ ձեզ: Միասին ճանապարհ ենք ընկնում դեպի մայիսի 12-ի հաղթանակը: Մենք փաստելու ենք, որ երկիրը պատկանում է մեզ, իսկ մենք՝ Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության եւ անկախ Հայաստանի առաջին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ավելի ուշ լրագրողներին ասաց. «Եթե այս անգամ էլ Հայաստանի ընտրություններն անցնեն կեղծիքներով, կպարտվենք բոլորս միասին՝ ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանական կառույցները, ե՛ւ պետությունը»: «Ժառանգության» առաջնորդը նաեւ հավելեց, որ քվեատուփերին հետեւելու են արշալույսից մինչեւ գիշեր:

«Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Վարդան Խաչատրյանն էլ փաստեց. «Ժառանգության» անդամների վրա մշտապես եղել են ճնշումներ, իսկ նրանց ճանապարհին՝ խութեր, սակայն կուսակցության անդամները հաղթահարել են այդ ամենը եւ այժմ հանրությանը ներկայանում են դրական դիրքորոշմամբ ու վճռականությամբ»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ իր ելույթում ասաց. «Եթե ժողովրդին անհրաժեշտ է ազատ խոսք, ազատ մարդ, ազատ երկիր, ապա պետք է ընտրել «Ժառանգությանը»: Մի գնացեք այն ճանապարհով, որ նախապես մութ է, որովհետեւ ձեզ համար բացվում է նոր լուսավոր ճանապարհ, եւ լույսը հաղթելու է մթին: Եկեք ապացուցենք, որ Հայաստանում ազնիվ խավն ավելի մեծ է, քան անազնիվը, ապացուցենք, որ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է»:

Անահիտ Բախշյանը, որի ձայնը երեկ խզված էր, կես կատակ-կես լուրջ ասաց. «Այսօր հատուկ եմ խռպոտել, որ տպավորություն գործեմ: Մենք պարզ ճակատով ենք ազդարարում մեր մասին ու ասում, որ մեր հետեւում մութ ուժեր, իսկ անցյալում մութ գործեր չկան»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: «Կուսակցական չեմ ու չեմ էլ լինի: Առաջին անգամ եմ նման հավաքի մասնակցում, որովհետեւ առանձնահատուկ համակրանք ունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ: Ես այս երկրի քաղաքացին եմ եւ չեմ կարող անտարբեր լինել տիրող իրավիճակի հանդեպ, դրա համար էլ ուզում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվի ու վերջ դնի այդ ամենին»: Նրա ելույթից հետո Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իր համար առավելություն է Վ. Վարդերեսյանի նման հայրենակից եւ Արմենուհի Հովհաննիսյանի նման տիկին, ընկեր եւ քննադատ ունենալը:

Արտո Թունջբոյաջյանը իր հայտնի «Արարատ» երգի մի հատված երգեց հետեւյալ տեքստով. «Րաֆֆի ջան, միշտ լավ ըլնես, գործարանները բացես, մարդիկ էլ որ աշխատեն…»: Բացի համամասնականից, նաեւ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված, ազատագրական պայքարի գործիչ Սամվել Հարությունյանն էլ նշեց. «Չնայած 15 տարիների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի հանդեպ անբարո վերաբերմունք է ցուցաբերվել, բայց նա մնացել է իր բարձրության վրա հետեւյալ մտայնությամբ՝ անվարան, անսակարկ ու անձնվեր ծառայել հայրենիքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել